Բոչելլին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում (լուսանկար)

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի տաճարում՝ «սեր ու հույս» ուղարկելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող Իտալիայի բնակչությանը, գրում է Daily Mail պարբերականը։

61-ամյա երգիչը Զատկի տոնին ամբողջովին դատարկ տաճարում համերգով հանդես գալու հրավերը ստացել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալայից և քահանայապետ Ջիանանտոնիո Բորգոնովոյից։

Հայտնի է, որ Բոչելլիին կընկերակցի միայն տաճարի երգեհոնահար Էմանուել Վիանելին՝ կատարելով   Մարիամ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա»-ն։

Համերգը կհեռարձակվի Բոչելլիի յութուբյան տեսաալիքում՝ ապրիլի 12-ին ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին)։

«Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իրապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- նշել է Բոչելլին։