Առողջական ինչ լուրջ խնդիրների մասին կարող են հուշել մշտապես սառը ոտքերը

Մշտապես սառը ոտքերը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար ասոցացվում է ցուրտ եղանակի հետ։ Մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում ոտքերի սառնությանն ու գերադասում են պարզապես ավելի տաք հագուստ կրել, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման անկարևոր թվացող խնդիրը կարող է իրականում բավական լուրջ հիվանդությունների մասին հուշող ախտանշան լինել։

Գիտնականները կարծում են, որ մշտապես սառը ատնաթաթերը կարող են հուշել լյարդի հիվանդությունների կամ առողջական այլ լուրջ խնդիրների մասին։ Ավելին՝ որոշ դեպքերում այն կարող է լինել հոգեբանական խնդիրների ախտանշան, ուստի այս հավանականությունը նույնպես չի կարելի անտեսել։

Մասնագետների խոսքով՝ ոտքերի ջերմակարգավորման խանգարումները վկայում են այն մասին, որ լյարդը չի ստանում բավարար էներգիա նորմալ աշխատելու համար։ Սա պայմանավորված է նրանով, որ լյարդը համարվում է օրգանիզմի ամենաջերմ օրգանը, ուստի էներգիայի պակասը բացասաբար է անդրադառնում դրա վրա։ Ջերմության տեսանկյունից լյարդին հաջորդում են երիկամները, որոնք նույնպես կարող են տուժել էներգիայի դեֆիցիտի հետևանքով:

Բժիշկների խոսքով՝ երբ օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ էներգետիկ ռեսուրս, այն ակտիվացնում է պաշտպանական մեխանիզմներն ու արյան շրջանառությունն իրականացնում փոքր շրջանով, ինչն էլ դրսևորվում է մշտապես սառը վերջույթների տեսքով։

Բացի այդ, վերջույթների սառնությունը մասնագետները հաճախ վերագրում են նաև անոթային վեգետատիվ դիստոնիային, ուստի լուրջ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ են տալիս զգոն լինել ու չանտեսել նման խանգարումը: