Անդրեա Բոչելլին երգել է Միլանի տաճարում՝ հանուն Իտալիայի ու ողջ աշխարհի փրկության

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղիղ հեռարձակմամբ ելույթ է ունեցել Միլանի տաճարում՝ «սեր ու հույս» ուղարկելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող Իտալիայի բնակչությանը։ 61-ամյա երգիչը Զատկի տոնին ամբողջովին դատարկ տաճարում համերգով հանդես եկավ։

Համերգը ուղիղ հեռարձակումով ցուցադրվում էր Բոչելլիի յութուբյան ալիքում՝ ապրիլի 12-ին ժամը 17։00-ից սկսած (Երևանի ժամանակով՝ 19։00-ից)։ Օնլայն համերգը դիտել է մոտ 25 միլիոն մարդ, ամբողջ աշխարհի տարբեր անկյուններից։ «Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իրապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- համերգից առաջ նշել էր Բոչելլին։