Ի՞նչ ըմպելիքներով կարելի է փոխարինել սուրճը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կանայք պետք է վերանայեն իրենց սննդակարգն ու սովորությունները, ինչը երբեմն բավականին լուրջ խնդիր է դառնում սուրճի սիրահարների համար։ Նման դեպքերում կանայք ստիպված են կամ հրաժարվել սիրելի ըմպելիքից, կամ փոխարինել այն կոֆեինի ավելի ցածր պարունակությամբ այլ ըմպելիքով։

Վերջին շրջանում գիտնականները չեն արգելում հղի կանանց սուրճ խմել, սակայն խորհուրդ են տալիս, այնուամենայնիվ, խիստ սահմանափակել այն և հետևել որոշ կանոնների։

Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել լուծվող սուրճից, քանի որ այն կարող է պարունակել վնասակար բուրավետիչներ ու համի ուժեղացուցիչներ։ Շաբաթական մի քանի անգամ կարելի է կաթով բնական սուրճ խմել, սակայն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո և բացառապես զարկերակային ցածր ճնշման և այտուցների դեպքում։

Հարկ է հիշել, որ սուրճից կտրուկ հրաժարվելը կարող է տհաճ հետևանքներ ունենալ և դառնալ գլխացավերի պատճառ, ուստի հնարավոր խնդրիներից խուսափելու համար հարկավոր է սննդակարգն աստիճանաբար փոխել։

Շատ դեպքերում հղիության առաջին եռամսյակում կանայք բախվում են տոքսիկոզի խնդրին, ինչը պայմանավորված է լինում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող լուրջ փոփոխություններով։ Տոքսիկոզի տհաճ ախտանշանների պատճառով երբեմն կանայք իրենք էլ չեն ցանկանում սուրճ խմել, ուստի նման սահմանափակումների կարիք չի լինում, սակայն եթե սուրճ խմելու ցանկությունն, այնուամենայնիվ, չի անհետանում, ապա կարելի է փորձել խմել այլընտրանքային ըմպելիքներ։

Որպես այլընտրանքային միջոց կարելի է փորձել խմել թեյ կամ կաթով կակաո, որը շատ ավելի օգտակար է, քանի որ հարուստ է կալցիումով, երկաթով ու ֆոլաթթվով։ Բացի այդ, սուրճին փոխարինող հիանալի միջոց կարող է լինել եղերդակի (цикорий) թուրմը, օրը բարձրացնում է օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը, հանգստացնում է նյարդային համակարգն ու բարելավում է մարսողությունը։