«Ամենաուրախը երեխաներս են»․ Սամվել Դանիելյանը կարանտինի, սերիալներում չնկարահանվելու և երեխաների հաջողությունների մասին

Աշխարհի բազմաթիվ երկրներում կարանտին է, մարդիկ ստիպված են փակվել տներում ու մեկուսանալ իրարից. այս պարագայում լավ ժամանակ անցկացնելը անհնար է թվում, սակայն, արի ու տես, գտնվում են մարդիկ, այն էլ՝ հայտնի ու սիրված, որ պատրաստ են օնլայն ռեժիմով ապահովել մարդկանց ուրախ ժամանցը։
Նրանցից մեկը դերասանուհի Սիրանույշ Լազյանն է, ով իր դստեր հետ ամեն օր առցանց հեքիաթ է պատմում փոքրիկ հեռուստադիտողներին՝ նրանց օրը դարձնելով ավելի հետաքրքիր, ուրախ ու գունավոր։
Սիրանույշ Լազյանի ամուսինը՝ դերասան Սամվել Դանիելյանը Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է, որ իրենց երկու երեխաների հետ կարանտինն անչափ հետաքրքիր ու զվարթ է անցնում։
«Անկեղծ ասեմ` այս ընթացքում ամենաուրախը երեխաներս են, որովհետև նրանք հազիվ տեսնում են մեզ տանը, այն էլ օրը 24 ժամ։ Անընդհատ հետաքրքիր խաղեր ենք խաղում, և իրենք էլ իրենց հերթին փորձում են այնպես անել, որ մենք չձանձրանանք»,- ասում է Սամվելը։

Դերասանների երկու փոքրիկներն էլ արդեն ընտրել են իրենց մասնագիտությունը՝ որոշելով գնալ դերասան ծնողների հետքերով ու չնայած իրենց տարիքին՝ սկսել են ակտիվ գործունեություն ծավալել այդ ոլորտում։ Նրանք արդեն հասցրել են խաղալ Պատանի հանդիսատեսի թատրոնի մի քանի ներկայացումներում, իսկ Սամվելի և Սիրանույշի 12-ամյա դուստրն արդեն աշխատում է «Առաջին ալիք»-ի կրկնօրինակման բաժնում։

Սամվելը խոսելով իր երեխաերի մասին՝ նշում է․ «Երեխաներս դեռ չծնված մեծացել են կուլիսներում, նկարահանման հրապարակներում։ Ուրախ եմ, որ ես ու կինս ընտրել ենք այնպիսի մասնագիտություն, որով կարողացել ենք օրինակ ծառայել մեր երեխաների համար»։

Ինքը՝ Սամվելը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ սերիալների շնորհիվ, այսօր բացարձակ չի երևում հեռուստատեսությամբ և ակտիվ գործունեություն է ծավալում թատրոնում։ Երկրպագուներին երկար ժամանակ հետաքրքրող այն հարցին, թե ինչու է ինքը դադարել նկարահանվել սերիալներում՝ դերասանը պատասխանում է․«Մի քանի տարի է, ինչ կտրականապես մերժում եմ սերիալներում նկարահանվելու բոլոր առաջարկները։ Եթե փորձեմ մեղմ ասել, ապա կշտացել եմ։ Բայց ես, բնավ, չեմ քննադատում նրանց, ովքեր նկարահանում կամ նկարահանվում են սերիալներում, սա մեր մասնագիտության մի մասն է, որով անպայման պետք է զբաղվել։ Կցանկանայի, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ վերաբերվեին սցենարներ գրելուն ու այդ ժամանակ հաղթանակն ակնհայտ կլիներ։ Հիմա ինձ նվիրել եմ կրկնօրինակման գործին»։

Դերասանը զրույցում խոստովանում է, որ կարանտինի պատճառով բազմաթիվ կարևոր գործեր հետաձգվեցին․ «Հավատացեք, իսկապես, շատ կարևոր գործեր հետաձգվեցին։ Ես աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ պատրաստվում էինք պրեմիերայի, որը հետաձգվեց։ Դասավանդում եմ նաև Թատերական ինստիտուտի քոլեջում և Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջում, որտեղ պատրաստվում էինք քննություների ու հետաքրքիր աշխատանքներ էինք սկսել, սակայն դրանք նույնպես հետաձգվեցին»։

Չնայած բոլոր ծրագրերի հետաձգմանը՝ դերասանը կարանտինի ընթացքում անգործ չի մնում ու չի ձանձրանում։
«Հիմա չեմ ձանձրանում, որովհետև պարզվում է, որ անսահման անելիք ու զբաղմունք կա տանը։ Նաև օնլայն աշխատում եմ ուսանողներիս հետ։
Ամենակարևորը՝ շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ»,- ասում է Սամվելը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան