Անջելինա Ջոլին ինքնամեկուսացման ֆոնին մարդկանց կոչ է արել կապ պահպանել իրենց հարազատների հետ (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված ինքնամեկուսացման ֆոնին մարդկանց կոչ է արել կապ պահպանել իրենց սիրելիների հետ և պարբերաբար հետաքրքրվել նրանց որպիսությամբ, գրում է Daily Mail-ը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Ջոլին Time-ի համար տեսակոնֆերանսում զրուցել է Կալիֆոռնիայի գլխավոր վիրաբույժ Նադին Բերկ Հարիսի հետ։

«Սիրե՛ք միմյանց ու հաճախ հետաքրքրվեք միմյանցով։ Ես իսկապես հույս ունեմ, որ մարդիկ կլսեն հորդորս և օգնության ձեռք կմեկնեն միմյանց և դիմացինին ավելի շատ ուշադրություն կդարձնեն»,- ասել է 44-ամյա Ջոլին:

Հարիսի այն հարցին, թե ինչն է դրդում դերասանուհուն «հայացքը չկտրել» աշխարհում կատարվող իրադարձություններից, Ջոլին պատասխանել է․ «Այն ժամանակ, երբ հասկացա, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում, սկսեցի գործել՝ հուսալով, որ այն օգտակար կարող է լինել»։