Մանե Մխոյանը՝ թրքական արմատներով աղջկա կերպարի, բարդությունների, կարիերայի ու ամենանվիրական երազանքի մասին

Այս օրերին ամենաքննարկվող հայկական բազմասերիանոց ֆիլմը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմություն» ֆիլմն է։ Մարդիկ անհամբեր սպասում են իրադարձությունների զարգացմանն ու հետևում հերոսների կյանքին։ Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ հայտնի ու սիրված դերասաններ։ Դերասանուհի, հաղորդավարուհի Մանե Մխոյանը այս ֆիլմում հանդես է եկել Քեյթի կերպարում, որը խճճված լինելով սեփական ազգային պատկանելիության ու երիտասարդական ռոմանտիզմի մեջ փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է ապրի և ով է ինքը։ Showbiz.am-ի հետ զրույցում երիտասարդ ու տաղանդավոր դերասանուհին պատմել է դերի հետ կապված բարդությունների, ընտանիք դարձած ստեղծագործական խմբի, իր երազանքների, կարիերայի ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

– Ինչպե՞ս ստացաք «Անատոլիական պատմություն» ֆիլմում խաղալու առաջարկը:

– Անատոլիական պատմություն ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ անձամբ Հրաչ Քեշիշյանից։ Սա իմ առաջին աշխատանքն էր, որպես ֆիլմի դերասանուհի։ Մինչ այդ աշխատել եմ թատրոնում ու այսպես ասած՝ թատրոնների համար։ Ֆիլմում առաջին անգամ էի ու մյուս բոլոր արտիստների հետ համագործակցությունս առաջին անգամ էր, չնայած որ հանդիպել էինք բեմում։ Մինչ այդ խաղում էի «Ոչինչ չի մնա» ներկայացման մեջ, որը բեմադրել էր Հրաչ Քեշիշյանը ու դրանից անմիջապես հետո եղավ «Անատոլիական պատմություն» ֆիլմի առաջարկն ու սկսվեցին նկարահանումները։

– Ունեի՞ք նախագծեր, որոնք հետաձգվեցին ստեղծված իրավիճակի պատճառով: Եվ չե՞ք վախենում արդյոք այս վտանգավոր շրջանում հեռուստատեսություն աշխատանքի գնալ:

– Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ինձ մոտ շատ ստեղծագործական աշխատանքներ կիսատ մնացին կարանտինի պատճառով։ Ստիված էի դադարեցնել դրանք, քանի որ թատրոններում էլ հիմա չեն աշխատում, ինչպես գիտեք։ Հիմա աշխատում է միայն հեռուստատեսությունը։ Իրականում չեմ վախենում գնալ հեռուստատեսություն աշխատանքի, որովհետև առավոտյան ընդամենը երեք ժամ է ուղիղ եթերը, և այնտեղ էլ փորձում ենք ամեն կերպ պահպանել հեռավորությունը, անվտանգության բոլոր այն կանոնները, որոնք տրված են պարետատան կողմից և ընդհանրապես արտակարգ իրավիճակների դեպքում։ Բացի դրանից մեր հեռուստեսության տարածքը, տաղավարները, տեխնիկան առավոտյան և երեկոյան ախտահանվում են։ Ամեն առավոտ ջերմաչափվում ենք, իսկ դա իր դրական կողմն ունի, որովհետև մենք ամեն առավոտ հասկանում ենք, որ այսօր էլ ջերմություն չունենք և այսօր էլ ենք առողջ։ Իրականում ամեն կերպ փորձում ենք պահպանել կանոնները, մնալ առողջ և չվտանգել մյուսների առողջությունը։

– Ու՞մ հետ էիք առաջին անգամ հանդիպել այս ֆիլմի նկարահանման հրապարակում: Ու՞մ հետ էիք մինչ այդ էլի խաղացել և առհասարկ ինչպե՞ս էին անցնում նկարահանումները:

– Դերասաններից շատ քչերի հետ էի հանդիպել թատրոնում, գրեթե բոլորին առաջին անգամ հանդիպեցի նկարահանման հրապարակում։ Մինչ այդ թատրոնում խաղացել էի Ներսես Ավետիսյանի հետ «Ոչինչ չի մնա» ներկայացման մեջ, մինչ այդ միասին աշխատել էինք Հրաչ Քեշիշյանի, Ռոզի Ավեստիսովայի հետ։ Տեխնիկական խմբից էլ շատերին ճանաչում էի, բայց երբեք չէինք աշխատել միևնույն նախագծի վրա։ Աշխատանքները բավականին հեշտ ընթացան, որովհետև բազմիցս նշել եմ, որ Հրաչ Քեշիշյանը կարողանում է այնպիսի խումբ հավաքել, որ մարդիկ դառնան ոչ միայն աշխատանքային խումբ, այլ նաև ընտանիքի անդամներ։ Ու այս դեպքում իմ այդ ընտանիքն ինձ շատ է օգնել իր խորհուրդներով, որովհետև ես տեսախցիկների հետ առաջին անգամ էի աշխատում։ Բայց, այնուամենայնիվ, մեր ամբողջ թիմով՝ սկսած ռեժիսորից ու դերասաններից, երկրորդ ռեժիսորից, օպերատորներից մինչև զգեստների նկարիչ և գրիմի նկարիչ, բոլորը մեկը մյուսին օգնելով կարողացանք շատ արագ ստեղծել բավականին բարդ պատմությունով, նկարահանման աշխարհագրությամբ, հոգեբանական և տեխնիկական բարդություններով այս ֆիլմը։ Ամեն ինչ առաջին հայացքից շատ բարդ էր, բայց կարողացանք շատ արագ ու հաճելի ընթացքով այդ ամենն ավարտել։

– Պատմեք Ձեր դերի մասին: Ձեր ու կերպարի բնավորության ո՞ր գծերն են նման:

– Իրականում իմ բոլոր կերպարների հետ ես ունեմ նմանություններ, որվհետև կա այսպիսի մի կարծիք, որ յուրաքանչյուր մարդու ներսում ապրում են իր փոքրիկ եսերը, և այս եսերից դերասանը կարող է գտնել այն մեկին, որը թեկուզ շատ քիչ, բայց նման է իր կերտած կերպարին։ –

– Ինպիսի՞ հատկանիշներ եք փորձել ցույց տալ կիսով չափ թուրք աղջկա կերպարում, որը սիրահարված է հայ տղայի:

– Քեյթի կերպարը մարմնավորելն առաջին հայացքից շատ հեշտ էր, որովհետև ծանոթ էի Մարկ Արենի ստեղծագործությանը, բայց հետագայում երբ կարդացի Աղասարյանի ու Քեշիշյանի համատեղ աշխատանքի արդյունքը՝ նոր պիեսը, որը ես համարում եմ նոր, չնայած, որ Մարկ Արենի ստեղծագործության մոտիվներով է, զգացի, որ կերպարային առումով հեռացել ենք։ Մարմնավորել մի մարդու, ով իր մեջ ունի երեք ազգություն, բավականին դժվար է, ու երեք տարբեր ազգերի բնավորության գծեր համատեղելը կարծես անհնարին է, որովհետև միայն թվելով դրանք՝ թուրք, հայ, գերմանացի, մարդկանց բնավորության գծեր պետք էր ցույց տալ մի աղջկա մեջ։ Նրա հոգեբանության մեջ տեղավորելը շատ բարդ էր իրականում։ Համենայնդեպս, փորձել եմ այս կերպ ներկայացնել եռաազգ աղջկան, ով ծնվելով Գերմանիայում, մեկ քառորդով ունենալով թուրք ազգության արյունը և մեկ երրոդով էլ լինելով հայ, հիմա ապրում է Հայաստանում։ Քանի որ ֆիլմը դեռ ցուցադրվում է, չեմ ուզում մանրամասնել, թե ինչ է լինելու։

– Ի՞նչ բարդություններ եք ունեցել այդ կերպարը մարմնավորելիս, եղե՞լ են Ձեր ու կերպարի միջև այնպիսի բախումներ, որոնք Դուք հաղթահարել եք, որպեսզի դառնաք նրա նման:

– Բարդություններն այս գործում, իսկապես, շատ են ու եթե յուրաքանչյուրս փորձենք կանգնեցնել ժամանակը ու պատկերացնենք, որ ապրել ենք մեր կյանքն այլ կերպ․ օրինակ հիսուն տարի կամ քսան տարի ատել ես քո թշնամուն, ու հանկարծ պարզվում է, որ դու նրա ազգից ես ու ողջ ժամանակ ատել ես ինքդ քեզ։ Սա իսկապես շատ բարդ է, և եթե չլիներ թուրքը, ով բացահայտում է, որ հայի արմատներ ունի, այլ լիներ հակառակը, դա հարված կլիներ մեր ամբողջ ազգի համար։ Մեկ մարդու պատմության միջոցով ներկայացնել մի ամբողջ ազգի ողբերգություն, և դա անել տարբեր ժամանակաշրջաններ տեղափոխվելով, քանի որ դեպքերը տեղի են ունենում 2007 թվականին, նաև ցույց են տրվում 1915 թվականի մասին պատմող դրվագներ ու այդ ժամանակահատվածի միջև ընկած այլ տարիներ ևս՝ այս գործի բարդություններն էին։ Մարկ Արենը գրում է մի քանի հերոսների խոսքով, մի քանի հերոսների պատմություն, ովքեր ներկայացնում են հսկայական պատմություն ունեցող հայ ժողովրդի կյանքը։

– Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ թատրոնը, թե՞ կինոն:

– Երբ փոքր երեխային հարցնում են մայրիկին է շատ սիրում թե հայրիկին՝ այդպես էլ թատրոնի ու կինոյի մասին ես չեմ կարող պատասխանել, չնայած որ առաջին հարցի դեպքում ունեմ կոնկրետ պատասխան՝ մայրիկին։ Երկուսն էլ հարյուր տոկոսով սիրում եմ արդեն, որովհետև թատրոնի ու ֆիլմի դերասան լինելը իրականում բացարձակ տարբեր մասնագիտություններ են ու միշտ փորձում եմ համեմատություն տանել մաթեմատիկայի հետ։ Բոլորն անցնում են մաթեմատիկա, բայց երրորդ-չորրորդ դասարանից առանձնացվում են հանրահաշիվ ու երկրաչափություն առարկաները։ Թե՛ թատրոնը, թե՛ կինոն սիրում եմ ոչ հիսուն-հիսուն, այլ ամեն մեկը հարյուր տոկոսով։

– Ո՞վ կամ ի՞նչն է ազդել դերասանուհի դառնալու Ձեր որոշման վրա:

– Թատերական կրթություն ստանալն ու դերասանուհի դառնալը ինձ համար երբեք երազանք չի եղել, իմ ընտանիքում չկան դերասաններ ու ռեժիսորներ։ Այդ սերը գալիս է մանկությունից, որովհետև այն ժամանակ երազում էի դառնալ իրավաբան և բալետի պարուհի՝ երկու բացարձակ տարբեր մասնագիտություններ, որոնցից և ոչ մեկը չկարողացա իրագործել, չնայած երբեք ուշ չէ։ Բայց թատերական կրթությունը տալիս է հնարավորություն իրականացնել քո բոլոր երազանքները, թատրոնն ու կինոն այն վայրերն են, որտեղ իրականանում են իմ բոլոր երազանքները։ Ես «Պատվի համար» ֆիլմում մարմնավորեցի Մարգարիտին, ով մասնագիտությամբ իրավաբան էր, ու կարող եմ փաստել, որ ինչ որ կերպ այդ երազանքի բացը լրացվեց ինձ մոտ։ Հիմա էլ սովորում եմ Թատերական ինստիտուտում, այս տարի ավարտում եմ մագիստրատուրան, փորձում եմ համատեղել, բայց սովորում եմ «Արվեստի կառավարում» բաժնում։

– Ապագայում ի՞նչ նախագծերում կցանկանաք հանդես գալ կամ կա՞ կոնկրետ ժանր, որում ցանկանում եք Ձեզ փորձել։

– Ապագայի մասին խոսելիս միշտ նշում եմ ու հիմա էլ եմ ուզում ասել, որ ցանկանում եմ Հայաստանում նկարվեն այնպիսի ֆիլմեր, որ մրցունակ լինեն միջազգային շուկայում։ Խոսքս լիամետրաժ, կարճամետրաժ ու նույնիսկ սերիալների մասին է, քանի որ հիմա կան սերիալներ, որ ավելի ճանաչված, դիտված ու բարձրորակ են, քան հարյուրավոր գեղարվեստական ֆիլմեր։ Եվ ուզում եմ, որ մենք էլ ունենանք այնպիսի ֆիլմարտադրություն, որ միջազգային շուկայում մեծ ասելիք ունենանք։ Իհարկե, Հայաստանում կան ու նկարահանվում են այդպիսի ֆիլմեր, որոնց շատ հոլիվուդյան ֆիլմեր զիջում են, բայ դրանք շատ քիչ են։ Ուզում եմ, որ այդ թիվը գնալով աճի և որակը պահպանվի։

– Ինչը՞ կարող է Ձեզ ստիպել հրաժարվել կարիերայից:

– Իմ կարծիքով կարիերայում շատ հստակ քայլեր անող մարդու համար հրաժարվել կարիերայից նշանակում է հրաժարվել կյանքից։ Իսկ ինչ վերաբերում է, երբ ասում են հանուն ընտանիքի կարելի է թողնել կարիերան՝ իհարկե, կարող եմ ասել, որ ամեն ինչ հնարավոր է, բայց իմ կարծիքով այդ դեպքում մարդը դադարում է լինել երջանիկ, որովհետև ամեն ինչ պետք է լինի իր տեղում, իր չափով ու միայն այդ դեպքում կյանքը կլինի լիարժեք։ Երբ հանուն ընտանիքի մարդը հրաժարվում է կարիերայից կամ հանուն դրա հրաժարվում է ընտանիքից, չեմ ընդունում։ Իմ կարծիքով պետք է բալանսավորել կյանքը, հատուկ տեղ և դիրք սահմանել կարիերայի, ընտանիքի, բարեկամների, ընկերների և ամեն ինչի համար։ Ինչպես նաև ինքդ քո անձնական կյանքի համար, որովհետև ինձ համար անձնական կյանքը միայն ընտանիք ունենալը չէ, դա քո եսի հետ մենակ մնալն է նաև։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տա հրաժարվել կարիերայից, անգամ հանուն ամենանվիրական երազանքի, որովհետև կարծում եմ, որ կարիերայի հետևից քայլող մարդը քայլում է իր երազանքի հետևից։

– Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը:

– Ունեմ մի մեծ երազանք, որի մասին դեռ չեմ խոսում։ Հույս ունեմ, որ մի օր կիրականացնեմ դա, քանի որ միշտ փորձում եմ երազանքներս նպատակներ դարձնել ու կոնկրետ քայլերով գնալ առաջ և իրագործել դրանք։ Իսկ երբ իրականանա ամենամեծ երազանքս, խոստանում եմ, որ բոլորը դրա մասին կիմանան։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան