«Ոչ մի բան չէր կարող խանգարել ինձ»․ Գևորգ Մրկտչյանի յուրահատուկ անակնկալը Իրինա Այվազյանի համար

Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանն ընկերություն են անում։
Զույգը համառորեն լռում էր այս մասին և չէր մեկնաբանում լուրերը, թեև պարբերաբար հրապարակում էին համատեղ լուսանկարներ։
Շաբաթներ առաջ Գևորգն ու նրա պրոդյուսեր Արման Անտոնյանը հյուրընկալվել էին «Արմենիա TV»-ի «Բարի լույս» հաղորդմանը, որի ժամանակ պրոդյուսերը բացել էր փակագծերն ու նկատել, որ Գևորգի տեսահոլովակի համացանցային հաջողությունն ու դիտումների քանակը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Գևորգը և տեսահոլովակի հերոսուհին՝ Իրինա Այվազյանը, իրականում էլ միասին են, ինչի շնորհիվ շատ բնական խաղացել են այն, ինչ իրական կյանքում են։

Ավելի վաղ Showbiz.am կայքի հետ զրույցում Գևորգը խոստովանել էր, որ Իրինայի համար յուրահատուկ անակնկալ է պատրաստում։ Վերջապես, ժամեր առաջ Գևորգը ներկայացրել է իր նոր՝ «Девочка Луна» երգի պրեմիերան, որը նվիրված է Իրինային։ Մեզ հետ զրույցում երգիչը կիսվում է՝ ասելով, որ Իրինան երգը շատ է հավանել։
«Իրինան երգը լսել էր, բայց չգիտեր, որ իր մասին է։ Անակնկալի եկավ, երբ իմացավ։ Որոշել էի ապրիլի 7-ին անակնկալն անել, բայց տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց պրեմիերան։ Դա է պատճառը, որ երգը ուշ տեղադրվեց իմ յութուբյան ալիքում»,- պատմում է Գևորգն ու հավելում,-«Այս անգամ ինձ համար կարևոր է միայն Իրինայի կարծքը»։

Գևորգն այն եզակի երգիչներից էր, ով կարանտինի ընթացքում որոշեց ներկայացնել երգի պրեմիերա։
Սիրելիին գեղեցիկ անակնկալ մատուցելու համար նա բավականին մեծ ռիսկի դիմեց, սակայն դրա համար ինքը չի զղջում։
«Առհասարակ, սխալ եմ համարում այս շրջանում երգ ներկայացնելը, որովհետև որքան էլ լավը լինի այն, լսարանը հիմա պասիվ է։ Մարդկանց ավելի շատ երկրում տիրող վիճակն է հետաքրքրում։ Բայց իմ դեպքում սա անակնկալ էր ու ոչ մի բան չէր կարող խանգարել»,- նշում է նա։

Երկրպագուներին բավական զարմացրեց, որ այս երգը Գևորգը որոշեց ներկայացնել հենց ռուսերենով, սակայն երգիչը պնդում է՝ ուրախ է, որ հենց այդ լեզվով ստացվեց երգը։
«Ուրախ եմ, որ երգը ռուսերեն է, որովհետև այս դեպքում ոչ ոք մրցակցության մեջ չի մտնի, ու չեն փորձի համեմատել դիտումների քանակը մյուս երգերի հետ՝ գիտակցելով, որ երգը դուրս է մրցակցությունից»,- բացատրում է երգիչը։

Գևորգը նաև նշում է, որ միշտ վստահում է երգահան Արման Անտոնյանին, սակայն այս դեպքում նա ուներ ոգեշնչման յուրահատուկ աղբյուր, ում էլ հենց ցանկանում էր նվիրել իր նոր, հեղինակային ստեղծագործությունը։
«Ինձ համար նստած էի ստուդիայում, նվագում ու երգում էի, մեկ էլ այդ պահին Արմանը ներս մտավ ու լսելով երգս՝ շատ հավանեց այն։ Եվ դա այն դեպքում, երբ Արմանն ամեն երգ չէ, որ հավանում է։ Արդեն ունեինք հիթեր ու 50 միլիոնից ավելի դիտում, դրա համար այս երգը անելիս գիտակցում էինք, որ երգը հայ լսարանին չի համապատասխանում, բայց միևնույն է կյանքի կոչեցինք այն, որովհետև այս դեպքում ինձ չէր հետաքրքրում դիտումների քանակը։ Այս անգամ ունեի ոգեշնչման աղբյուր ու ցանկանում էի երգս նվիրել հենց նրան»,-խոստովանում է Գևորգը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան