«Որոշել էի 300 հոգանոց խնջույք կազմակերպել»․ինչպե՞ս է Գոշ Հակոբյանը նշել ծնդյան օրն ու ի՞նչ կարևոր անակնկալի է արժանացել

Դերասան, երգիչ Գոշ Հակոբյանը երեկ՝ ապրիլի 15-ին, նշում էր ծննդյան 23-ամյակը, ինչի առթիվ էլ ShowBiz.am-ը զրուցել է հոբելյարի հետ։

Դերասանը մեզ հետ կիսվեց այն մասին, թե ինչպես է իր օրն անցկացրել, ինչ նվերներ ու անակնկալներ է ստացել։ Խոսեցինք, թե որքանով է կարևորում ծննդյան օրն, ինչպես նաև անդրադարձանք վաղուց պլանավորված, բայց ձախողված պլաններին։

«Ներկայիս իրավիճակով պայմանավորված մեծ միջոցառում չէի կազմակերպել, քանի որ չէի ցանկանում խախտել կարանտինը։ Շատ նեղ շրջանակներում, ինձ շատ հարազատ մարդկանց՝ ընտանիքիս անդամների և ամենամտերիմ ընկերների հետ հավաքվեցինք ու «տնավարի» նշեցինք ծննդյանս օրը։ Գնացել էինք մեր ամառանոց, այնտեղ էլ մեր օրը կազմակերպեցինք»,- պատմում է Գոշը։

Դերասանը, չնայած ներկայիս ոչ բարենպաստ պայմաններին, բավականին հետաքրքիր ու հագեցած օր է ունեցել, այն զերծ չի եղել նաև անակնկալներից։ «Չափազանց մեծ անակնկալի եկա, երբ իմացա ինձ համար շատ կարևոր նվերի մասին։ Ընկերներս ինձ նվիրեցին նոր երաժշտական գործիք՝ վերջին սերնդի DJ-ական պրոֆեսիոնալ սարքավորման մասին է խոսքը։ Ու կարող եմ ասել, որ դա վերջին տարիներին ստացածս ամենաանսպասելի նվերներից մեկն էր, քանի որ միայն ես գիտեի, որ ցանկանում եմ այդ գործիքից ձեռք բերել»,- ոգևորված կիսվում է դերասանը։

Գոշ Հակոբյանը ծննդյան օրվա հետ կապված մեծ պլաններ է ունեցել, որոնք պայմանավորված այս իրավիճակով ի չիք են դարձել։ «Ի սկզբանե շատ-շատ մեծ խնջույք էի ուզում կազմակերպել, երևի 300 հոգանոց կամ գուցե՝ ավելի։ Նախատեսել էի հրավիրել բոլոր գործընկերներիս, ընկերներիս, նրանց ընկերներին ու ընկերուհիներին, մի խոսքով՝ բոլոր բոլորին ու, այսպես ասած,ցանկանում էի տոմսերով Happy birthday party կազմակերպել ամերիկյան ոճով, բայց… մնաց մյուս տարի))»,- ծիծաղելով պատմում է դերասանը:

Ծննդյան օրը Գոշին առաջինը շնորհավորում են տան անդամները․ «Չեմ ասի, որ հատուկ կարևորում եմ, թե ով է առաջինը շնորհավորում ծննդյանս տոնը, բայց հիմնականում ընտանիքիս անդամներեն են լինում, առաջինը իրենք են ինձ «բռնացնում»»։

Նվերների առումով դերասանը պահանջկոտ չէ․ «Չեմ սիրում թանկ նվերներ ստանալ, այդ պահին էլ ամենաշատն ընկերներիս ու հարազատներիս մասին եմ մտածում)): Չեմ սիրում, երբ օրինակ՝ թանկ հեռախոս կամ նոթբուք են նվիրում, դրանից հաստատ չէի ուրախանա։ Բայց այս երաժշտական գործիքը, որը նվիրեցին, չափազանց ուրախացրեց ինձ, քանի որ դրա միջոցով ես աշխատելու և իմ գործում է՛լ ավելի զարգանալու հնարավորություն կունենամ»։

Դերասանն իր ծննդյան օրերից ինչ-որ մեկը չկարողացավ առանձնացնել, քանի որ ամեն մեկն էլ ինքնատիպ ու առանձնահուկ է իր ձևով, միջավայրով և օրվա խորհրդով։ «Ծննդյանս օրերից ինչ-որ մեկը չեմ կարող առանձնացնել, քանի որ յուրաքանչյուրն ինձ մոտ յուրովի է տպավորվում, ամեն մեկից յուրովի եմ ուրախանում կամ տխրում։ Այս մի ծնունդն էլ իր ձևով առանձնացավ, քանի որ այս իրավիճակում այն, ինչը ես արեցի, էլի շատ երկար կմնա հիշողությանս մեջ»,- պատմում է Գոշը և հավելում․ «Այնպես չէ, որ ամբողջ տարին սպասում եմ այս օրվան, բայց այնպես էլ չէ, որ ասում եմ՝ ծնունդս ինձ համար մեկ է, որովհետև դա չի կարող այդպես լինի, դա կլիներ ամենաքիչը տարօրինակ։ Այնքանով է կարևոր, որ այդ օրն ամբողջ տարին ու ընդհանրապես կյանքդ իմի բերելու ժամանակն է՝ ինչ հասցրիր սովորել, ինչ ձեռք բերեցիր, ինչ սխալներ արեցիր ու այսպես շարունակ»։

Ի տարբերություն շատերի՝ Գոշն այս օրերին շարունակում է իր աշխատանքային առօրյան․ «Ինձ մոտ աշխատանքային գրաֆիկում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Երկու նախագծում էլ, որտեղ որ նկարահանվում էի, հիմա էլ եմ շարունակում նկարահանվել, քանի որ մեդիան և հեռուստատեսությունը չեն կարող կանգ առնել»։

Սակայն կորոնավիրուսային համավարակն ու կարանտինը Գոշի կողքով անտարբեր չեն անցել․ հետաձգվել են երգչի մի շարք նոր նախագծեր։ «Ես նոր տեսահոլովակ էի պատրաստել, որի պրեմիերան պետք է տեղի ունենար մոտավորապես մեկ ամիս առաջ, բայց հանգամանքներն ուրիշ բան են թելադրում, այնպես որ դրա աշխատանքներին ժամանակավորապես դադար տվեցինք։ Հետո մեկ ուրիշ նախագիծ ևս կար, որը ցանկանում էինք իրականացնել, դա ևս դադար առավ։ Սպասում ենք այս ամենի ավարտին, որ նոր թափով սկսենք աշխատել ու ավարտին հասցնեմ իմ բոլոր գաղափարները»,- հույս է հայտնում Գոշ Հակոբյանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան