Լուիզա Ղամբարյանը՝ թրքուհի Լեյլայի կերպարի բարդության, ինքնամեկուսացման, թատրոնների ու ֆիլմարտադրության որակի ու այլ թեմաների մասին

Վերջին երկու շաբաթների ամենաքննարկված հայկական հեռուսատատեսային նախագիծը Մարկ Արենի ստեղծագործության մոտիվներով՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմություն» բազմասերիանոց ֆիլմն է։ Մարդիկ էկրաններից այն կողմ ապրումակցում են բարդ իրավիճակում հայտնված հերոսներին և անհամբեր սպասում պատմության հանգուցալուծմանը։ Ֆիլմի գլխավոր դերերից մեկը՝ Լեյլայի կերպարը մարմնավորել է թատրոնի ու կինոյի տաղանդավոր դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է թուրք կնոջ կերպարը մարմնավորելու հոգեբանական բարդությունների, իր ֆիլմային ընտանիքի, այժմյան ֆիլմարտադրության ու բեմադրվող ներկայացումների որակի ու զարգացման տեդենցների, տնային մեկուսացումը օգտակար կերպով անցկացնելու և այլ հետաքրքիր թեմաների մասին։

– Ինչ՞վ եք զբաղվում տնային մեկուսացման պայմաններում՝ տնային գործերով, թե՞ նոր զբաղմունքներ եք գտել։

– Այնպես ստացվեց, որ այս ամենն այնքան ձգվեց, որ տնային տնտեսությամբ զբաղվելը, կարելի է ասել, հասավ իր ավարտական փուլին։ Կես կատակ, կես լուրջ ասել եմ, որ երբ ավարտվի այս ամենը, միևնույնն է շատ տնային տնտեսուհիներ ասելու են «գոնե մի երկու օր էլ տևեր այս ամեն ինչը, գործերս հասցնեի վերջացնել» արտահայտությունը։ Գիտեք՝ կնոջ համար տանը գործ միշտ էլ կա, բայց դա չի նշանակում, որ ողջ օրը պետք է զբաղվել միայն տնային տնտեսությամբ։ Հիմա բոլոր կանայք՝ ուզեն, թե չուզեն խոհանոցում են, շատ համեղ ուտեստներ են պատրաստում և ոչ միայն մեկ կերակուր, այլ քաղցրավենիք, աղցաններ և տաք կերակուրներ։ Գրեթե բոլոր ընտանիքներում է այդպես, և մեր ընտանիքն էլ բացառություն չէ։ Բացի կենցաղային գործերն ավարտելուց, այս ինքնամեկուսացման շրջանը ինքնաճանաչման ու ինքնակատարելագործման ուղիղ ճանապարհն է։ Այն մեզ հնարավորություն է տալիս անել այն, ինչ չենք հասցրել անել բնականոն ընթացող կյանքի ժամանակ, երբ ծանրաբեռնված ենք եղել կարևոր և ոչ այնքան կարևոր գործերով։ Հիմա մտածելու, ծրագրելու, նախագծելու, զարգանալու, նոր բաներ սովորելու շատ մեծ հնարավորություն է մեզ տրված։ Փորձում եմ հասցնել ամեն ինչից մի քիչ-մի քիչ՝ և՛ նոր ֆիլմեր դիտել, և՛ նոր գրքեր կարդալ և այլն։

– Ի՞նչ նոր ներկայացումներում, ֆիլմերում կամ հեռուստատեսային նախագծերում կարող ենք Ձեզ տեսնել, համատարած մեկուսացումից հետո: Դրանք այժմ հետաձգվե՞լ են, թե՞ չեղարկվել։

– Կան հիմնական աշխատանքային ծրագրեր, որոնք բնականաբար հետաձգվել են։ Առաջին հերթին խոսքս վերաբերում է թատրոնի խաղացանկին և թատրոնի նոր ներկայացման փորձերին, որոնք հետաձգվել են ու առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ավարտվի այս կարանտինային շրջանը, բնականաբար կվերականգնվի։ Դրամատիկական թատրոնում կսկսվեն Ժան Անույի «Օրնիֆլ» ներկայացման բեմական փորձերը, որովհետև մինչ այս ռեժիմին անցնելը, մենք արդեն ավարտել էինք սեղանի շուրջ աշխատանքներն ու պատրաստվում էինք սկսել բեմական փորձերը, բայց ստեղծված իրավիճակի պատճառով այդ ամենը հետաձգվեց։ Հիմա իհարկե չեմ կարող հստակ ժամկետներ նշել, թե երբ ներկայացումը կհանձնեք հանդիսատեսի դատին։ Հետաձգվել են նաև «Նոր Հայաստան» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Արմատներ» հեռուստասերիալի նկարահանումները։ Սերիալի երկրորդ եթերաշրջանը կսկսենք կարանտինային շրջանի ավարտից հետո։ Իսկ ինչ վերաբերում է նոր նախագծերին, ապա դրանք այս արտակարգ ռեժիմին անցնելուց հետո դեռևս դադարեցված են ու երբ սկսվեն դրանց գոնե խմորման փուլային աշխատանքները, ես անպայման կկիսվեմ։

– Ինչպե՞ս ստացաք «Անատոլիական պատմություն» ֆիլմում խաղալու առաջարկը:

– Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Հրաչ Քեշիշյանից, անցյալ տարվա հուլիսին։ Ես տարիներ առաջ արդեն կարդացել էի գիրքը, բայց առաջարկը ստանալուց հետո վերընթերցեցի, ու հետո սկսվեցին հաջորդ փուլային աշխատանքները, հանդիպումները դերասանների հետ, այնուհետև արդեն հանդիպեցինք նկարահանման հրապարակում, ու սկսվեցին մեր ֆիլմի նկարահանումները։

– Ֆիլմում Ձեր ընտանիքի անդամները Մանե Մխոյանն ու Արամ Կարախանյանն էին: Ինչպե՞ս կարողացաք միասին դառնալ այդ համերաշխ ընտանիքը, հե՞շտ էր միասին աշխատելը:

– Շատ հեշտ էր, մենք միանգամից կարողացանք այն անհրաժեշտ ջերմությունը մեկս մյուսին փոխանցել մինչև նկարահանումները սկսելը։ Ե՛վ Արամը, և՛ Մանեն, և՛ ես շատ պատրաստակամ ու մեկս մյուսի հանդեպ շատ սիրալիր էինք։ Միմյանց հեռակա կարգով ճանաչելով՝ առաջին անգամ միասին խաղացինք ու դարձանք ընտանիք։ Այստեղ շատ հետաքրքիր մի փաստ կա, որ մենք տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք՝ Արամի կերպարը գերմանացի է, իմ կերպարը՝ Լեյլան գիտի որ թրքուհի է, իսկ Մանեի կերպարը արդեն մի քանի ազգերի ներկայացուցիչ է։ Ու ֆիլմում հենց մեր ընտանիքի օրինակով էլ երևում է, որ ազգության գործոնը շատ դեպքերում կարող է չլինել առաջնայինը, այն կարող է նրբորեն հետ քայլ անել, երբ առաջին պլանում են սերը, հանդուրժողականությունն ու հարգանքը մեկը մյուսի հանդեպ։ Իսկ Լեյլայի հայրական ընտանիքում, երբ բոլորը նույն ազգության պատկանող մարդիկ են, միևնույնն է ապրում են տարբեր գաղափարներով, աշխարհընկալումներով, կյանքերով։ Իհարկե, լրիվ ուրիշ պատմություն է հայ և թուրք ազգերի միջև եղած հասակասությունն ու բախումը, քանի որ 105 տարի առաջ տեղի ունեցածն անդառնալի է։ Մենք մի օր կհաղթահարենք այդ զոհի ու նահատակի հոգեբանությունը։ Իսկ դա կհաղթահարենք այն ժամանակ, երբ ունենանք ուժեղ ազգ, ուժեղ պետություն և ուժեղ երկիր։

– Հոգեբանորեն բա՞րդ էր մտնել թրքուհու կերպարի մեջ: Առհասարակ կերպարի հետ կապված ինչ բարդություններ եք ունեցել:

– Ինձ համար այս կերպարը ամենաբարդն էր իմ մարմնավորած մյուս կերպարների մեջ։ Բարդ էր նրանով, որ քառասուն և ավել տարիներ նա ապրել է մի ազգի մշակույթով, էմոցիոնալ հյուսվածքներով, մի ազգի ներկայացուցչի ուղնուծուծով, բայց դեմոկրատ է և կարողացել է նույնիսկ իր ավանդապաշտ ու ազգայնամոլ հորը դեմ գնալ և ամուսնանալ կաթոլիկ եվրոպացու հետ։ Սա խոսում է այս կնոջ տիեզերական տեսակի մասին։ Մարդիկ կան, ովքեր իրենց բարոյական, ազնիվ կյանքով և ապրելակերպով շատ նրբորեն կոտրում են այդ կարծրատիպերը։ Նրանք դա անում են իրենց խաղաղ կյանքով և առանց որևէ ծայրահեղական ըմբոստ քայլերի։ Խոսքը շատ համեստ ու զուսպ կյանքով ապրող կնոջ մասին է, ով պարզապես մտածում է այլ կերպ, որ կարելի է սիրել նաև այլ ազգային ու կրոնական պատկանելիություն ունեցող մարդու և ապրել այլ ենթամշակույթներ կրող եվրոպական երկրում։ Այս կերպարը կերտելու համար ես փորձում էի մոռանալ, որ ես հայ եմ և շատ դեպքերում նկարահանումների ժամանակ ես անկախ ինձանից զգում էի, որ տվայլ իրավիճակը հայերեն էի ապրում և զգում, հետո նոր փորձում էի այն դարձնել ոչ հայկական, որովհետև ես չգիտեմ թե ինչպիսին է այլ ազգի ներկայացուցչի վերաբերմունքը տվյալ իրավիճակի հանդեպ։ Բայց փորձում էի թեկուզ որպես ծնող, մայր իմ երեխայի հետ կապված անձնական կամ կենցաղային իրավիճակը չապրել խաղացած հայուհիների նման։ Սա էր ամենաբարդը, որովհետև քանզի շատ կարևոր մի հատվածում պարզվում է, որ մենք այն չենք, ինչ կյանքով որ ապրել ենք ու մի ամբողջ կյանք ապրել ենք մտածելով, որ մենք այն ենք, ինչ զգում ենք, և հետո պարզվում է, որ դա այդպես չէ։

– Ինպիսի՞ հատկանիշներ եք փորձել ցույց տալ ողջ կյանքում իրեն թուրք համարած ու վերջում այլ իրականության մեջ հայտնվող կնոջ կերպարում: Բնավորության ո՞ր գծերն են նման Ձեր ու կերպարի մեջ:

– Լեյլայի կերպարն ունի ներկայանալու 2 հիմնական ձև՝ նրա մայր ու դուստր լինելը։ Առաջինը նրա մայր տեսակն է ու շատ մեղմ կերպով արտահայտվում է, թե ինչպիսի կին է նա, բայց դրան այնքան էլ վառ ու կարևոր շեշտադրում չի տրվել։ Իսկ երկրորդը նրա դուստր լինելն է, ու շուտով կտեսնենք, թե ինչպիսի դուստր է նա իր հոր համար։ Այսինքն բնավորության ու պահվածքի երկու առանձնահատուկ առանցքային գծեր ենք տեսնելու Լեյլայի մեջ։ Մենք նրանք չենք տեսնելու իբրև մասնագետ, հասարակական գործիչ, ո՛չ, նա մայր ու դուստր է։ Գիտեք՝ յուրաքանչյուր աղջիկ իր հոր համար շատ թանկ է, որովհետև ինչքան էլ հայրերը սիրում են իրենց որդիներին, և հոր համար որդի ունենալը ամբողջացնում է ծնողական երջանկության զգացումը, միևնույնն է աղջիկը հոր համար ուրիշ ջերմություն ու արժեք է։ Այս ընտանիքը այդ առումով բացառություն չէ և նույնիսկ այն դեպքում, որ Լեյլան ցավեցրել է իր հորը, ամուսնանալով այլ ազգի ներկայացուցչի հետ, թողել է Պոլիսը, մնում է իր հոր համար ամենաթանկ մարդը ու իր կնոջ մահից հետո դուստրը կարծես իրենց բոլորի մեծ ընտանիքի երկրորդ մայրն է հանդիսանում։ Լեյլան փորձել է լինել այն զավակը, կինը ու մայրը, որը ցանկացած ազգի դեպքում էլ իր մեջ կրում է արժանի, զարգացած, բարեկիրթ մարդու հատկանիշները։ Այս պարագայում ես առանձնահատուկ նման գծեր չեմ ներդրել այս կերպարի մեջ, որովհետև այստեղ ընդհանրապես կապ չունի ազգությունը, ցանկացած ազգության մեջ էլ կան լավ, արժանապատիվ, իրենց ընտանիքին նվիրված, նրանց համար ամեն ինչի պատրաստ ու իրենց ծնողին հարգող կանայք։ Ահա այդպիսին է նաև իմ մարմնավորած Լեյլան։

– Երբևե ունեցե՞լ եք կերպարի հետ այնպիսի անհամաձայնություն, որ հրաժարվել եք մարմնավորել այդ դերը:

– Շատ և ոչ մեկ անգամ։ Դրանք եղել են ոչ միայն կերպարի հետ կապված անհամաձայնություններ, այլև սցենարի կամ տեխնիկական այլ հանգամանքների հետ։

– Որպես թատրոնի ու կինոյի բազմամյա փորձ ունեցող դերասանուհի, ինչպե՞ս եք գնահատում մեր ֆիլմարտադրության ու թատրոններում բեմադրվող ներկայացումների որակն ու զարգացման տենդենցները:

– Ես գտնում եմ, որ 90-ականների սկզբից, յուրաքանչյուր հայ ռեժիսորի աշխատանք՝ մի քիչ լավ, մի քիչ վատ բոլորը արժանի են այն գնահատականին, որին այսօր դեռ չեն արժանացել։ Այսօր կան այսպես ասած՝ տոմսարկղային ֆիլմեր, որոնք ապահովում են շատ լավ տոմսարկղային վաճառք ու մենք, մեր երեխաներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները սիրում ենք, դիտում ու այդպես ենք կազմակերպում մեր ժամանցը։ Շատ լավ է, որ կա ժամանցի այդպիսի տարբերակ, բայց դրանք համարել կինո ու ասել, որ հայ կինոն այդ իմաստով ծաղկում է, ապրում, չեմ կարող համաձայնել։ Իսկ ինչ վերաբերում է թատրոններին, պետք է ասեմ, որ հրաշալի ներկայացումներ են բեմադրվում, և պետք է անպայման նշեմ, որ ակնհայտորեն նաև լավացել է մարզային թատրոնների վիճակը։ Դա շատ կարևոր է, որովհետև սահմանափակվելով միայն մայրաքաղաքով՝ մշակույթի զարգացում չես կարողանա ապահովել։ Հիմա այլ քաղաքներում ևս զարգանում են արվեստի դպրոցները, կազմակերպվում են թատերական միջոցառումներ, ու միայն այս դեպքում է, որ մեր երկիրը կկարողանա համարվել մշակութային, ակտիվ ու զարգացող երկիր։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք Գյումրիում, Վանաձորում որքան հետաքրքիր ներկայացումներ են բեմադրվում, ինչ լավ եռուզեռ է, որքան լավ աշխատանքներ են տարվում։ Հիմա բոլոր թատրոններն էլ բեմադրում են տարատեսակ ներկայացումներ, ամենատարբեր ճաշակի ու նախասիրությունների հանդիսատեսների համար։ Օրինակ, մեր թատրոնն ունի իր ուրույն ձեռագիրը, իր խաղացանկային ուղղվածությունը, Պարոնյանի անվան ու Համազգային թատրոններն իրենց ուրույն ձեռագիրը, Կամերայինն ու Սունդուկյանի անվանն էլ՝ իրենց ոճն ու ձեռագիրը։ Փառք Աստծո, որ բոլոր այս ու մյուս թատրոններում պրեմիերաների հաճախականությունը բավականին ինտենսիվ է, ու այսօր թատերասեր հասարակությունը դժգոհելու առիթ չունի։ Որպես ներսի մարդ, վստահորեն կարող եմ ասել, որ թատրոնը շատ լավ վիճակում է՝ ի տարբերություն այլ բնագավառների։

– Ունե՞ք ձեր մտքում այդպիսի կոնկրետ կերպար, որը երազում եք մարմնավորել:

– Կային կերպարներ, որոնց մեջ ես ինձ տեսնում, զգում ու պատկերացնում էի, բայց դրանք ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն դարձել իրականություն։ Ես այնքան գոհ եմ իմ խաղացած կերպարներից, որովհետև դրանք առաջին հերթին եղել են ինձ համար շատ ուսուցողական, եղել են նաև բարդ կերպարներ, որոնք լիարժեք մարմնավորելու համար ես կարծում եմ կյանքի ու մասնագիտական փորձ է պետք։ Կան այնպիսի կենսագրություն ունեցող կերպարներ, որոնք մարմնավորելն արդեն իսկ պատիվ է։ Ես իմ խաղացած ներկապնակից դժգոհելու տեղ չունեմ։ Բայց երբ դու ստեղծագործ մարդ ես, չես կարող չունենալ քո մեջ այդ եռքը, երբ ֆիլմ կամ ներկայացում ես դիտում կամ տեսնում ես այլ դերասանուհիների հարցազրույցներ, չես կարող չպատկերացնել քեզ այդ կամ դրան նման մեկ այլ կերպարում և իրավիճակում։

– Ի՞նչ խորհուրդ կտաք երազանքներով լցված ու դերասանական կարիերայում առաջին քայլերն անող երիտասարդներին:

– Նրանց բոլորին խորհուրդ կտամ, որ առաջին հիասթափությունից հետո չկոտրվեն նրանց երազանքները, որ նրանք շարունակեն երազել ու դրանից մի քիչ ավելի շատ էլ աշխատել։ Այս երկու գործոնների պահպանման դեպքում, եթե կա շնորհք, ու մարդը ցանկանում է ռեալիզացվել՝ նա դա կկարողանա։ Տաղանդավոր մարդու դեպքում մի փոքր ուրիշ է, որովհետև տաղանդավոր մարդը միշտ մի փոքր առաջ է ընկնում ու այսպես, թե այնպես հասնում է իր նպատակներին ու անում է դա ժամանակից անդին։ Հատկապես նորագույն տեխնոլոգիաների այս ժամանակահատվածում, որտեղ սովորելն ու ինքնազարգանալը՝ անկախ նույնիսկ կարանտինային պայմաններից, մշտապես հնարավոր է ու հասանելի, դու կարող ես ցանկացած տարիքում քո երազանքը իրականացնել ։ Սա մեծ առավելություն է այսօրվա երիտասարդների համար, այնպես որ երազանքների իրականացման համար պետք է երազել և աշխատել։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան