Walt Disney-ը կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի աշխատավարձ չի տա

Ամերիկյան Walt Disney կորպորացիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի այս շաբաթվանից սկսած աշխատավարձ չի տա, հաղորդում է Financial Times թերթը:

Թերթի տվյալներով՝ ընկերության աշխատակիցների գրեթե կեսի նկատմամբ նման միջոցառումները թույլ կտան Walt Disney-ին ամսական խնայել մինչև 500 մլն դոլար:

Walt Disney-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ում իր ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների ապրիլի 19-ից չվճարվող արձակուրդ կուղարկի: Աշխատակիցների ճշգրիտ թիվը չի նշվել:

Ընդ որում, ընկերությունում նշել են, որ աշխատողները կկարողանան օգտվել բժշկական ապահովագրությունից: Բացի այդ, աշխատակիցներն իրավունք կունենան նյութական օգնություն ստանալ 2,2 տրիլիոն դոլարի չափով օգնության պետական փաթեթի շրջանակում:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր անորոշ ժամանակով Disneyland թեմատիկ այգիների և Ֆլորիդայում Disney World-ի փակվելու մասին: