Հայկ Կասպարովը՝ նոր տեսահոլովակի, երկրորդ մասնագիտության և Հայաստան չվերադառնալու մասին - Showbiz.am

Հայկ Կասպարովը՝ նոր տեսահոլովակի, երկրորդ մասնագիտության և Հայաստան չվերադառնալու մասին

By

Գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովը երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որտեղ արտիստը ներկայացրել է հին հայկական երգերը՝ նոր ու յուրօրինակ մոտեցմամբ։
«Այսպիսի գործիքավորմամբ այս երգերը դեռ ոչ ոք չէր կատարել»
,- Showbiz.am կայքի հետ զրույցում շեշտում է Հայկ Կասպարովն ու պատմում՝ ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել տեսահոլովակի նկարահանման ընթացքում, ի՞նչ նորություններ ունի իր երկրպագուների համար և ի՞նչն է իրեն խանգարում վերադառնալ Հայաստան։

«Պոպուրի» տեսահոլովակի գլխավոր հերոսը Հայկի իտալացի ընկերն է՝ Ալեխանդրոն, ով երգչից այնքան էր լսել Հայաստանի մասին, որ որոշել էր նրա հետ միասին գալ այստեղ։ Տեսահոլովակում Ալեխանդրոյի զուգընկերուհին ուկրաինացի եգչուհի Մալիկան էր, և քանի որ այս երկուսը չէին կարողանում խոսել ոչ մի ընդհանուր լեզվով, նկարահանման ընթացքում բավականին շատ էին զավեշտալի պահերը։

«Վերջնական մոնտաժի ժամանակ կադրերը նայելիս տեսանք, որ Ալեխանդրոն գերմաներեն ու իտալերեն ինչ-որ բաներ էր խոսում, իսկ Մալիկան ուղղակի նրան անընդհատ պատասախնում էր․ «Да, да»»,- ժպիտով հիշում է Հայկը։

Քանի որ Կասպարովը երկար ժամանակ տեսահոլովակ չէր նկարահանել Հայաստանում, նա նաև մոռացել էր «հայկական խասյաթի» մասին։
«Հիշում եմ որ պայմանավորվել էինք տեսահոլովակի նկարահանումը սկսել ժամը 1-ին։ Երկար ժամանակ Հայաստանում տեսահոլովակ չէի նկարահանել ու մոռացել էի, որ Հայաստանում ոչ մի բան պունկտուալ չէ։ 2 ժամ ուշացանք նկարահանումից, ու դրա պատճառով շատ լարված էի, բայց երբ հասանք տեղ, ես տեսա, որ  դեռ ոչ ոք անգամ չի եկել»,— հիշում է Հայկը։

Արտիստը նաև կիսվեց ուրախալի լուրով՝ հայտնելով, որ շուտով իր երկրպագուներին կներկայացնի 2 նոր տեսահոլովակ։
Շուտով կլինի զուգերգ Շպռոտի հետ։ Կլինի ևս մեկ տեսահոլովակ, որը կնկարահանվի «Իմ բալա» երգի հիման վրա։ Սակայն կարանտինի պատճառով այս տեսահոլովակների պրեմիերաները ուշ կլինեն։

Խոսելով կարանտինի մասին՝ Հայկը խոստովանեց, որ հիմա նա ավելի շատ է աշխատում, քան երբևէ։
«Ես այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր կարանտինի ժամանակ տանը չեն նստում։ Ունեմ նաև այլ աշխատանք, և դա շատ լավ է, թե չէ տանը նստելով կգժվեի։
Ամեն օր գնում եմ աշխատանքի ու չեմ ձանձրանում, որովհետև կարանտինն ընհանրապես չեմ զգում»,- կիսվում է երգիչը, սակայն թե ինչ աշխատանքով է նա զբաղված, Հայկը չի նշում։

Հայկը, ով մասնագիտությամբ կիբեռնետիկ է, խոստովանում է, որ մտքեր ունի Գերմանիայում մասնագիտական իր որակավորումը հաստատելու, սակայն դա այդքան էլ հեշտ չի լինելու։
«Ես այն տարիքում չեմ, որ ևս 3 տարի կարողանամ սովորել, որովհետև այլ նպատակներ ու ծրագրեր ունեմ։ Բայց եթե որոշեմ հաստատել մասնագիտական որակավորումս այստեղ, ապա պետք է ամեն ինչ զրոյից սկսեմ։ Բայց իզուր չէ, որ Հայաստանում այդքան սովորել եմ, ու շատ հնարավոր է, որ երբ գործերս կարգավորվեն, սկսեմ զբաղվել դիպլոմիս հաստատմամբ»,- ասում է երգիչը։

Այն հարցին, թե երբ նա կվերադառնա Հայաստան, Հայկը պատասխանում է մեծ դժվարությամբ։
«Ինձ համար սա ամենացավալի հարցն է։ Ամեն տարի որոշում եմ, որ հետ եմ գալու Հայաստան, որովհետև  շատ-շատ եմ կարոտում ու կարոտս չեմ կարող նկարագրել բառերով։ Ուղղակի Աստված այսպես է կամեցել։ Անդադար մտածում եմ՝ մնալու եմ այստեղ, թե՞ հետ եմ գալու։ Բայց երևի թե կմնամ Գերմանիայում․ դա կախված է  գործնական, անձնական գործերի հետագա զարգացումներից»,- նշում է արտիստը։

Երգիչը պատմելով իր անսահման կարոտի մասին՝ չի մոռանում նաև նշել, որ Հայաստանում երգիչներին սպասում են մի շարք դժվարություններ ու բազմաթիվ խոչընդոտներ։

«Երբեմն այնպիսի երգեր եմ ստեղծում, որ երբևիցե չէի պատկերացնի, որ կարող եմ այդ երգերը կատարել։ Բայց ես ստիպված եմ երգում դրանք՝ գումար աշխատելու համար։
Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որպեսզի հայ երգարվեստում երգիչները չկորցնեն իրենց տեղն ու ոճը, սիրված ու գնահատված լինեն պետության կողմից, որպեսզի աշխատեն ոչ թե գումարի համար, այլ ստեղծեն երգեր, որոնցից և՛ իրենք, և՛ լսարանը հաճույք կստանա»,-անկեղծանում է Հայկը։

Վերջինս նաև նշում է, որ ոչ մի երկրում աստղերն ամեն օր չեն աշխատում ակումբներում գումար վաստակելու համար։ Կասպարովը նաև ծիծաղելի է համարում այն, որ ՀՀ-ում երգիչներից պահանջում են հարկեր վճարել։
«Անգամ չեն պատկերացնում, թե մեկ երգի համար որքան գումար են ծախսում երգիչները»,-ասում է նա։

Հայկը նաև խոստովանում է, որ երազում է մենահամերգով  հանդես գալու մասին, սակայն դա համարում է միայն երազանք։
«Եկեք երազանքներից գնանք իրական կյանք, որովհետև ես չունեմ այդքան մեծ լսարան, չեմ երգում այն երգերը, որոնք այսօր պահանջարկ ունեն, այն արտիստը չեմ, որ կարող է տասհազարանոց դահլիճ լցնել, չունեմ ֆինանսական աջակցություն ու այդ պատճառով չեմ ուզում  երազանքների հետևից ընկնել։
Իհարկե, հայ երգիչներից յուրաքանչյուրի երազանքն է իր երկրում հանդես գալ մենահամերգով։ Տա Աստած, որ այդ երազանքը իրականություն դառնա»,-բացատրում է երգիչը։

Կասպարովը ճանաչում ձեռք բերեց ու սկսեց իր երաժշտական կարիերան՝ 2009 թվականին՝ մասնակցելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նախընտրական փուլին։ «Եվրատեսիլի» նախընտրական փուլին Հայկ Կասպարովը մասնակցել է նաև 2010 և 2018 թվականներին։ Խոսելով այս մրցույթի մասին՝ Հայկը նշում է․ «2009 թվականին մասնակցեցի այդ մրցույթին, որովհետ PR-ի կարիք ունեի։ Բայց եթե ելույթը տեսել եք, կհամաձայնվեք, որ իհարկե, այլանդակություն էր։ 2010 թվականին երգս նույնիսկ չանցավ եզրափակիչ փուլ։
2018 թվականին Հայաստանում էի, լուրջ չէի պատրաստվել ու այնպես չէ, որ եկել էի հաղթելու համար․ եկել էի իմ երկրում լավ ժամանակ անցկացնելու ու նաև, ինչու ոչ, շատերին հիշեցնելու, որ ես կամ ու երգում եմ»։
Կասպարովը նաև հավելում է, որ այսօր հայ և այլազգի երգահանների կողմից տասնյակ առաջարկներ է ունենում, սակայն այս մրցույթին մասնակցելու ցանկություն նա այլևս չունի։

Եզրափակելով իր խոսքը՝ Հայկ Կասպարովն անկեղծանում է՝ ասելով, որ այս բոլոր փորձություններից հետո միայն մեկ երազանք ունի հիմա․ «Ցանկանում եմ միայն, որպեսզի կյանքիս խորդուբորդերը շատ չլինեն, որովհետև դրանք երբեմն տապալում են մարդուն։ Ուզում եմ, որ դժվարությունների միջով այլևս չանցնեմ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների...
Ավելին