5,5 մլն դոլար. «Կնքահայրը 2» ֆիլմից հայտնի առանձնատունը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը 2» ֆիլմից հայտնի լճափի առանձնատունը, որտեղ բնակվում էր Մայքլ Կոռլեոնեն, վաճառքի է հանվել 5,5 մլն դոլարով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, առանձնատունն առավելապես հայտնի է այն դրվագի շնորհիվ, երբ Մայքլ Կոռլեոնեն սպանում է դավաճան եղբորը՝ Ֆրեդոյին:  Բացի այդ, այստեղ են նկարահանվել նրա առաջնեկի՝ Էնթոնի Կոռլեոնեի հաղորդություն ստանալու կապակցությամբ ճոխ խնջույքի, Կոնի Կոռլեոնեի պսակադրության տեսարանները:

Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին տեղակայված Թահո լճի ափին գտնվող հարմարավետ առանձնատունը կառուցվել է 1938թ. և այժմ վերանորոգված է 21-րդ դարի ժամանակակից ոճով:

Առանձնատունն ունի չորս ննջասենյակ, հինգ լոգասենյակ, փորագրված փայտյա դռներ, ինչպես նաև առաստաղից մինչև հատակ ձգվող պատուհաններ, որոնցից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի լիճն ու լեռները: