Beauty Lifestyle. Ինչպե՞ս խնամել մաշկը տնային պայմաններում, ո՞ր դիմակներն են վնասակար և այլ կարևոր խորհուրդներ՝ Արաքսյա Յեդոյանից

Հիմա բոլորս գտնվելով տնային մեկուսացման պայմաններում՝ կամ մոռանում ենք խնամել մեր մաշկը, կամ ընկնում ենք ծայրահեղությունների գիրկն ու մաշկը խնամելու մտադրությամբ՝ իրականում մեզ վնաս ենք հասցնում։ Որպեսզի կարողանանք գտնել մաշկի մասին հոգ տանելու ոսկե միջինը, Showbiz.am-ի Beauty Lifestyle շարքի շրջանակներում խոսել ենք բժշկուհի, կոսմետոլոգ-էսթետիստ Արաքսյա Յեդոյանի հետ։

– Տնային պայմաններում երկար գտնվելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մաշկի վրա, եթե մարդ տևական ժամանակ մաքուր օդի դուրս չի գալիս, արևի տակ չես լինում և D վիտամին չես ստանում:

– Այս ողջ ընթացքում տանը գտնվելով, եթե չհետևենք մեր մաշկին, ապա յուղոտ մաշկի վրա կորյակներ կառաջանան, ու եթե բորբոքման պրոցես սկսվի, արդեն ակնե կձևավորվի։ Եթե ունեք չոր մաշկ, խնամքի բացակայության դեպքում վաղաժամ կնճիռներ ի հայտ կգան։ Եթե մաշկը խառը տիպի է, ապա այս ընթացքում մաշկը կարող է անհավասար գույն ձեռք բերել։

– Բոլոր մասնագետները պնդում են, որ մաշկի խնամքը սկսվում է ճիշտ լվացվելուց: Ինչպե՞ս դա անել:

– Այո, խնամված մաշկ ունենալու առաջին քայլը հենց ճիշտ լվացվելն է։ Կան տարբեր լոսյոններ ու այլ միջոցներ, որոնցով դեմքը սրբելուց հետո մարդիկ մտածում են, որ մաշկը արդեն մաքուր է, բայց դա այդպես չէ։ Դեմքը պետք է օրական երկու անգամ պարտադիր լվանալ՝ առավոտյան և երեկոյան։ Եթե մաշկը յուղոտ է կամ կան կորյակներ, դեմքը պետք չէ սրբել հասարակ սրբիչով, այլ հատուկ ստերիլ ու մեկ անգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներով, որոնք անմիջապես հետո պետք է դեն նետել։ Դեմքը պետք է լվանալ ձեր մաշկի տիպին համապատասխանող հատուկ հեղուկով։ Սկզբից դեմքը պետք է լվանալ գոլ ջրով՝ մոտավորապես մեկ րոպե դեմքը թեթև մերսելով, իսկ գոլ ջրով լվանալուց հետո պետք է անպայման սառը ջրով լվանալ։ Դա կարևոր է, որովհետև այդպես կատարվում է արյան ճիշտ շրջանառություն դեպի դեմք, քանի որ տաք ջրից անոթները բացվում են, իսկ սառը ջրից՝ կուչ գալիս։

– Ի՞նչ սնունդից է պետք հրաժարվել՝ մաշկային խնդիրներից խուսափելու համար:

– Պետք է հրաժարվել արագ սնունդից, ճարպոտ ու տապակած սնունդից։ Պետք է նախապատվությունը տալ սպիտակուցներով, ածխաջրերով ու վիտամիններով հարուստ սննդամթերքներին։ Մաշկը խոնավ ու թարմ պահելու առաջին նախապայմանը ջրի մասին չմոռանալն է։ Պետք է հետևել օրվա ընթացքում ընդունած ջրի քանակին և ճիշտ ժամերին։ Ցանկալի է առավոտյան ժամը ութին դատարկ ստամոքսին խմել 400 մլ ջուր։ Ովքեր երբեք առավոտյան այդքան ջուր չեն խմել, սկզբի մի քանի օրը հնարավոր է սրտխառնոց կամ գլխապտույտ ունենան, բայց վախենալ պետք չէ, դա նորմալ է, որովհետև օրգանիզմը սովորում է այդ նոր ռեժիմին։ Մինչև ժամը երկուսը, ամեն կես ժամը մեկ պետք է խմել մեկ բաժակ ջուր, դրանից հետո ավելի քիչ, որպեսզի երեկոյան ժամը վեցից հետո այլևս ջրի մեծ քանակով չծանրաբեռնենք երիկամների աշխատանքը։ Ջրի ընդունման մեծ չափաբաժինը թողնում ենք օրվա առաջին կեսի վրա, որպեսզի այն հասցնի մեր օրգանիցմից դուրս գալ, մաքրելով ու իր հետ օրգանիզմից հանելով վնասակար նյութերը, աղերը և այլն։ Դրա շնորհիվ լավանում է նյութափոխանակությունը ու մաշկը դառնում է խոնավ, որովհետև այն կարծես սպունգ լինի՝ եթե այն չոր է, ապա վատ տեսք ունի ու միայն խոնավեցնելուց հետո է բացվում ու իր իրական տեսքն ընդունում։ Դա վերաբերում է ամբողջ մարմնի մաշկին, ողջ մարմինը խոնավեցման կարիք ունի։ Չպետք է մոռանանք, որ մարդու ամենամեծ օրգանը հենց մաշկն է։

– Ակնեի կամ այլ խնդիրների դեպքում ինչպե՞ս կանխել դրանց զարգացումը, եթե դեռ տնային մեկուսացման մեջ ես ու չունես բժշկին այցելելու հնարավորություն:

– Առաջին խորհուրդը, որ կարող եմ տալ՝ չզբաղվեք ինքնաբուժությամբ։ Երկրորդ կարևորագույն պայմանը՝ երբեք չսեղմեք մաշկը։ Բոլորին թվում է, որ եթե սեղմեն առաջացած բշտիկը, ապա կկանխեն բորբոքումը։ Դա բացարձակ այդպես չէ, որովհետև եթե սեղմեն մաշկը, առավել ևս տնային պայմաններում, այդ բորբոքային պրոցեսը նորից հետ են ուղարկում մաշկի տակ ու դրան գումարած նաև արտաքին աշխարհի միկրոբները։ Այդ պատճառով էլ այն սկսվում է աստիճանաբար տարածվել։ Ձեր դեմքի խնամքի միջոցները պետք է ճիշտ ըտրված լինեն ու այստեղ բացարձակ կապ չունեն դրանց գները, մատչելի բայց լավ տարբերակներ նույնպես կան։ Ընդհանրապես կա տարածված կարծիք, որ մաշկը բորբոքման, կորյակների կամ ակնեի դեպքում պետք է մշակել սալիցիլաթթվով, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետև այն չորացնում է մաշկը, ջրազրկում է այն, ու կարող է սկսվել պիգմենտացիա։ Այդ պահին հնարավոր է վերացնել այդ կորյակը, բայց կմնա դրա հետքը ու վնասակար հետևանքները մաշկի որակի վրա։ Այս դեպքում ամենաօպտիմալ ու անվնաս տարբերակը կետային ձևով 10%-անոց ցինկի քսուք օգտագործելն է։ Այն մաշկի բոլոր տեսակներին էլ ցուցված է ու անվտանգ է, բայց այն պետք է ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով օգագործել՝ երեկոյան քնելուց առաջ դեմքը լվանալուց հետո կետային քսում ենք այն հատվածի վրա, որտեղ կա կորյակ կամ բշտիկ։ Եթե չսեղմեք մաշկը ու քսեք ցինկի քսուքը, ապա առավոտյան դրա տեղն ավելի աննկատ կլինի ու բորբոքումը կկանխվի, խոսքս իհարկե ծանր դեպքերի մասին չէ, այլ երբ դեմքին կան մի քանի կորյակներ։ Ցինկի քսուքը կարելի է օգտագործել տասը օր։ Այդպիսի բորբոքումները միանգամից չեն բռնկվում, այլ սկսվում են դանդաղ ու մեր ագրեսիվ ազդեցության կամ ժամանակին համապատասխան բուժում չիրականացնելու հետևանքով բարդանում ու վերածվում մաշկային հիվանդության։

– Հիմա կանայք տանն են ու փորձում են ձեռքի տակ եղած միջոցներով նոր դիմակներ պատրաստել: Տնային պայմաններում պատրաստվող ո՞ր դիմակներն են անօգուտ կամ նույնիսկ վնասակար մաշկի համար:

– Դեմքի պիլինգը շատ լավ ազդեցություն ունի մաշկի վրա, քանի որ դրա շնորհիվ մաշկի եղջերացած ու մահացած թաղանթը մաքրվում ու դուրս է գալիս, մեր բջիջները սկսում են աշխատել, վերարտադրվում է կոլագեն, որն ապահովում է և՛ մեր մաշկի գույնը, և՛ առաձգականությունը։ Պետք է պարտադիր նշեմ, թե ինչ չի՛ կարելի անել տնային պայմաններում։ Սոդայով պիլինգը ջրազրկում է մաշկը, սոդայի մեջ ոչ մի օգտակար հատկություն չկա, այնպես որ այն օգնելու փոխարեն կարող է նույնիսկ վնասել։ Որոշ կանայք պնդում են, որ օգտակար է դեմքին ատամի մածուկ քսելը, դա նույնպես շատ սխալ է, որովհետև ատամի մածուկի մեջ մեծ քանակությամբ մենթոլ է պարունակվում ու այն կարող է սուր այրոց առաջացնել։ Կա ևս մեկ տարածված բաղադրատոմս՝ սուրճի նստվածքով դեմքի սկրաբը։ Իրականում դա սկարբ չէ, որովհետև ճարպոտ մաշկը բորբոքվելու հակում ունի, իսկ դա կարող է էլ ավելի բորբոքել մաշկը։ Սխալ է նաև կարծելը, որ ինչ ուտում ենք, կարող ենք նա քսել դեմքին ու ստանալ համապատասխան վիտամինները։ Տնային պայմաններում պատրաստվող դիմակներից լայն տարածում ունի իրար խառնած մեղրով ու ձվով դիմակը։ Վերջերս ես մի պացիենտ ընդունեցի, ով դեմքի վրա այրվածքներ էր ստացել հենց այդ դիմակի պատճառով, չէ՞ որ մեղրը բավականին ալերգիկ սնունդ է, իսկ ձուն էլ իր հերթին չորացնելու հատկություն ունի։

– Մաշկը խնամելիս ի՞նչ է խստիվ ագելվում ինքնուրույն անել:

– Գարնանը և ամռանը ընդհանրապես չի կարելի առանց SPF պարունակող քսուք օգտագործելու տանից դուրս գալ։ Սխալ է կարծել, որ կարելի է արևայրուք ընդունելիս մանկական խնամքի յուղեր օգտագործել, դա կարող է այրվածքի պատճառ հանդիսանալ ու նաև խորհուրդ եմ տալիս արևայրուք ընդունելիս էլ անպայման օգտագործել SPF պարունակող քսուքներ, որոնց վրա նշված կլինեն UVB UVA հապավումները, որոնք նշանակում են, որ տվյալ միջոցը կպաշտպանի արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Քանի որ մենք շատ արևոտ երկիր ենք, պետք է օգտագործել SPF 50 գրությամբ քսուքներ, ինչը նշանակում է, որ այն մաշկը կպաշտպանի հինգ ժամ, իսկ մեր երկրում ցերեկվա ընթացքում առնվազն հինգ ժամը շատ արևոտ է, ուստի պետք է ուշադիր լինել։ Այդպիսի քսուքներ չօգտագործելը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման, ինչպես որ տեղի է ունենում շատ արևոտ երկրների մարդկանց դեպքում։ Դա հենց արևի վնասակար ազդեցությունն է, ու կոչվում է ֆոտոծերացում։

– Ինչպե՞ս տնային պայմաններում հոգ տանել մաշկի մասին այնպես, որ այն թարմ տեսք ունենա: Տնային խնամքն իրենից ի՞նչ պիտի ներկայացնի:

– Եթե օրական երկու անգամ լվանաք դեմքը, յուղոտ մաշկը հատուկ լոսյոններով նաև յուղազերծում եք ու չորացնում, հետո քսում ձեր մաշկի տեսակին համապատասխան քսուքները ապա օրվա խնամքի համար լիովին բավարար է։ Աշխատեք, որ ձեր ամենօրյա օգտագործման քսուքների մեջ գերակշռեն A, E վիտամիններ ու բնական բաղադրիչներ։ Շաբաթական երկու անգամ պետք է սկրաբ օգտագործել, որը կհեռացնի մաշկի մեռած բջիջները։ Այդպես մաշկը ավելի թարմ տեսք, առաձգականություն ու հավասար գույն կունենա։ Իսկ տարին երկու անգամ էլ պետք է այցելել կոսմետոլոգի, որպեսզի արդեն մաշկի պրոֆեսիոնալ խնամք ստանալ։ Հավատացեք, եթե պահվեն այս բոլոր կանոնները, ապա որոշ ժամանակ անց անգամ տոնային քսուք օգտագործելու կարիք չեք զգա։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան