Արամ Խաչատրյանի մասին «Սուսերով պարը» ֆիլմը կցուցադրվի Ճապոնիայում

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը՝ «Սուսերով պարը» Ճապոնիայում վարձույթում կհայտնվի հուլիսի վերջին։
Այս մասին իր Facebook-ում հայտնել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
«Անհավանական է։ Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և DMH studio-ի աջակցությամբ, վարձույթ դուրս կգա Ճապոնիայում: Շնորհակալություն բոլորին և առանձին՝ Տիգրան Մանասյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսիսյանին և Շուշանիկ Միրզախանյանին: Հաջողություն մաղթենք մեր ճապոնացի դիստրիբյուտորներին և թող ֆիլմը տեսնի առավելագույն թվով հանդիսատես», – գրել է Դիշդիշյանը։

Ֆիլմը պատմում է խաչատրյանական «Գայանե» բալետի և, մասնավորապես, «Սուսերով պար»-ի ստեղծման մասին։ Գործողությունը տեղի է ունենում 1942 թվականի աշնանը՝ Մոլոտովում (այժմ՝ Պերմ)։ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում «Գայանե»-ի վերջին փորձից առաջ նա հանկարծ հրաման է ստանում տնօրինությունից՝ ևս մեկ պար ստեղծել բալետի վերջնական մասի համար։ Հենց այդ հրամանի շնորհիվ էլ, մի քանի ժամվա ընթացքում ստեղծվում է «Սուսերով պար»-ը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 7-ին։
Ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը, Խաչատրյանի դերը խաղացել է ռուս դերասան Համբարձում Կաբանյանը: