«Մենք պետք է յուրացնենք շփման և կենցաղավարման նոր մշակույթ»․ հոգեբանը` հոգեկան առողջության վրա կարանտինի ազդեցության մասին - Showbiz.am

«Մենք պետք է յուրացնենք շփման և կենցաղավարման նոր մշակույթ»․ հոգեբանը` հոգեկան առողջության վրա կարանտինի ազդեցության մասին

By

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում այնպիսի կտրուկ միջոցների, ինչպիսիք են պարետային ժամը կամ բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար տնից դուրս գալու արգելքը:
Showbiz.am կայքը հոգեբան Էլպիդա Բաբայանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպե՞ս են կարանտինային միջոցառումներն ազդում մարդու հոգեկան առողջության վրա, և արդյո՞ք սոցիալական ցանցերը կարող են փոխարինել կենդանի շփմանը տնային մեկուսացման ժամանակահատվածում:

«Կարանտինը լինելով ամենաարդյունավետ միջոցը՝ պանդեմիայի տարածումը կանխելու և մեր ֆիզիկական առողջությունը պահպանելու գործում, միևնույն ժամանակ ունի բավականին ծանր ազդեցություն մեր հոգեկան առողջության վրա»,- նշում է հոգեբանն ու հավելում,- «Բնականաբար, ձեզ մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ: Կարանտինն իրենից ներկայացնում է սոցիալական կապերի կտրուկ սահմանափակում, նույնիսկ բացառում, բայց մարդը սոցիալական կենդանի է, և հոգեկան առողջության պահպանման ամենակարևոր նախապայմաններից մեկը հենց սոցիալական կոնտակտներն են: Իհարկե, հետազոտական տվյալներն այս ոլորտում բավական աղքատիկ են, բայց մասնագետները միաբերան պնդում են, որ որքան երկար տևի մեկուսացումը, այնքան ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի հասարակությունը: Խնդիրների առաջացման պատճառը միայն սոցիալական կոնտակտները չեն: Հիմա շատ է շրջանառվում  COVID-19 առաջացման ամենատարբեր վարկածներ` սկսած չղջիկից մինչև «Դավադրության տեսություն», և այս ամենն առաջացնում է անորոշության զգացում, ինչը տագնապների սրման առաջին նախապայմանն է, սրան գումարվում է հարցի տնտեսական կողմը, որը ցավոք, մեր երկրում առաջնային է դեռ, և մենք ունենում ենք կատարյալ անբարենպաստ իրավիճակ մեր հոգեկան առողջության համար»:

Խոսելով այն մասին, թե կարո՞ղ են արդյոք սոցիալական ցանցերը փոխարինել կենդանի շփմանը, հոգեբանը նշում է, որ կենդանի շփմանը այն, իհարկե, չի փոխարինում, բայց բավականին հարմար այլընտրանք է, որը թույլ է տալիս պահպանել կապն ու տեղեկացվածությունը, տալիս է հնարավորություն շարունակել սովորել և աշխատել:

«Սոցիալական ցանցերը երբեք  չեն կարող փոխարինել կենդանի շփմանը, որովհետև օնլայն տիրույթում  բացակայում է կենդանի ձայնի ելևէջները, տակտիլ կոնտակտը, միմիկան, հոտը, չես կարող գրկել, հպվել հարազատիդ, զգալ մարդկային ջերմություն: Իհարկե, այդ ամենի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր է կենդանի շփման դեպքում, բայց սա կարելի է ընկալել որպես չարյաց փոքրագույն: Իսկ սոցցանցերից կախվածության հարցը ես ընկալում եմ որպես դարի խնդիր և չեմ կարծում, որ կարանտինի պատճառով կարող է այն սրվել, այդ խնդիրն արդեն շատ վաղուց ամուր արմատներ ունի»,-ասում է Բաբայանը:

Հոգեբանը պնդում է, որ կարանտինը հարկավոր է օգտագործել մաքսիմալ  արդյունավետ կերպով, և դա հնարավոր է, որովհետև պետք է մտածել, թե էլ ե՞րբ մենք կունենանք այսքան ազատ ժամանակ մեր տրամադրության տակ, որպեսզի այն հատկացնենք մեր հետաքրքրություններին:

«Սա հրաշալի հնարավորություն է զարգացնել այնպիսի հմտություններ, որի կարիքն ունենք․ ոմանք մեծ հաճույքով ընթերցում են վաղուց իրենց հերթին սպասող գրքերը, որոնց համար ուժ չէր մնում ծանր աշխատանքային օրվա վերջում, ոմանք իրենց համար բացահայտում են միջազգային բարձր ռեյտինգ ունեցող բավակակին որակով սերիալներ, որոնք լիովին փոխում են աշխարհայացքը( այստեղ ես ամենևին նկատի չունեմ հայկական արտադրության կրիմինալ հեռուստասերիալները):
Սա հրաշալի ժամանակ է որևէ նոր բան սովորելու համար, օնլայն տիրույթը տալիս է ուսանելու անսպառ հնարավություն, նաև անհրաժեշտ է այս ժամանակն օգտագործել մեր ընտանիքներում հարաբերությունները լավացնելու համար, որովհետև աշխատանքային եռուզեռից հետո մենք հաճախ ուժ և ժամանակ չենք ունենում այն մարդկանց համար, ովքեր ամենակարևորն են մեր կյանքում»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

Այն հարցին, թե ո՞վ է ավելի հեշտ տանում մեկուսացումը, Բաբայանը նշում է, որ այս հարցում հարկ է հաշվի առնել կանանց և տղամարդկանց միջև տարբերությունները:

«Այս փուլն ավելի ծանր կարող են տանել այն մարդիկ, ում առօրյան շատ էր կապված դրսի ակտիվության հետ, հաճախ դա տղամարդիկ են։
Տղամարդկանց համար բարդ է նաև այն առումով, որ կանայք, մեր հայ իրականության մեջ, կենցաղում շատ զբաղմունք և պարտականություններ ունեն, ինչի շնորհիվ ժամանակը հեշտ է անցնում է․ տղամարդիկ փոքր-ինչ տուժում են։
Չմոռանանք նաև տնտեսական խնդիրները, որոնք որպես տան գլուխ՝տղամարդկանց ուսերին է և առաջացնում է մտահոգություն որպես պատասխանատու:

Տղամարդիկ ավելի շատ ունեն մեկուսանալու, իրենց առանձին տարածքն ունենալու կարիք, ինչն այս պարագայում էլի խախտված է, որովհետև բոլորը տանն են, երեխաներն ամբողջ օրը օնլայն դաս են անում, և այս փոփոխված պայմաններում լռությունն ու հանգիստը կարծես ֆանտաստիկայի ժանրից են»:

Կա տեսակետ, որ միայնությունն իսկապես վարակիչ է, ինչպես ծխելու սովորությունը և ավելորդ քաշ հավաքելու հակումը:
Գիտնականները դա առաջին անգամ հայտնաբերել են 2009 թվականին` վերլուծելով մի ամբողջ գյուղից հավաքված տվյալները: Մեծ հաշվով, այս եզրակացությունները վաղուց արդեն հայտնի էին հոգեբաններին: Քանի որ մարդիկ սոցիալական էակներ են, նրանք կարող են միմյանց վարակել իրենց հուզական վիճակներով:
Սակայն Բաբայանն այս տեսակետի հետ համամիտ չէ։ Նա նշում է․ «Միայնությունն ի տարբերություն COVID-19 ի վարակիչ չէ, բայց այն, որ մենք սոցիալիզացվելու հետ կապված նոր ադապտացիոն փուլ պետք է հաղթահարենք, դա հաստատ է:
Նախ կարանտինից դուրս գալու փուլը բավականին ծանր կարող են ոմանք տանել, որովհետև օրեր շարունակ մենք չենք ունեցել կենդանի շփում օտարների հետ, չենք լսել մարդկային աղմուկ, չենք տեսել մարդաշատ փողոցներ, առաջին օրերին դա կլինի անսովոր, և կարող է առաջացնել գերհոգնածության զգացում, մինչև մեր ադապտացիոն մեխանիզմներն ակտիվանան, որպեսզի մենք նորից սովորենք պասիվ կյանքից անցում կատարել դեպի սոցիալական ակտիվություն:

Այստեղ մենք, ես կարծում եմ, բախվելու ենք մի մեծ խնդրի ևս՝ ցավոք կարանտինի ավարտի հետ չի ավարտվելու վիրուսը, հետևաբար կանխարգելիչ որոշ միջոցառումներ, այնուամենայնիվ, դեռ երկար ժամանակ կարիք կլինի պահպանել, մենք պետք է յուրացնենք շփման և կենցաղավարման նոր մշակույթ»:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Ես հայ չեմ, բայց քեզ հետ եմ». հայտնի դերասան Դեյվիդ Հենրին սատարում է Հայաստանին

Ամերիկացի հայտնի դերասան Դեյվիդ Հենրին իր ինստագրամյան էջի Stories բաժնում Հայաստանին սատարող հրապարակում է կատարել: Հրապարակման մեջ գրված է`...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Տարեդարձիս լավագույն նվերը». Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին