Արամ Կարախանյանը՝ Պետերի կերպարի, կնոջ ու դստեր հետ մեկուսացած առօրյայի, հետաձգված նախագծերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

«Անատոլիկան պատմություն» բազմասերիանոց ֆիլմը ցուցադրման առաջին իսկ օրից գրավեց մարդկանց սրտերը։ Այն յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ու շատ հետաքրքիր անդրադարձ մեր պատմությանը։ Ֆիմում նկարահանվել են բազմաթիվ տաղանդավոր ու սիրված դերասաններ, որոնցից մեկն էլ հայտնի դերասան, ռադիոհաղորդավար Արամ Կարախանյանն է։ Նա ֆիլմում մարմնավորել է գերմանացի Պետերին, ով լինելով կաթոլիկ քրիստոնյա սիրահարվել ու կնության է առել թուրք կնոջ, կարողացել դիմակայել նրա ընտանիքի ճնշումներին ու հարգել նրանց կրոնը, ապրելակերպն ու մտածելակերպը։ Պետերը սիրող ու նվիրված ամուսին ու հայր է, ով ցանկացած պարագայում կանգնած է իր կնոջ ու դստեր կողքին։ Showbiz.am-ի հետ զրույցում Արամ Կարախանյանը պատմել է իր դերի առանձնահատկությունների, հրաշալի խաղընկերների, կարանտինի պատճառով հետաձգված կարևոր նախագծերի, իր ընտանիքի տնային ինքնամեկուսացման, սիրո ու երջանկության մասին։

– Պատմեք մի փոքր՝ ինչպե՞ս ստացաք «Անատոլիական պատմություն» ֆիլմում խաղալու առաջարկը:

– Հրաչ Քեշիշյանի հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ, արդեն չեմ էլ հիշում, թե որ նախագծի շրջանակներում։ Մեր շփումը միանգամից ստացվեց։ Նրա հետ շատ հարմար ու հաճելի է աշխատել։ Ես նրան ամբողջովին վստահում եմ։ Ինձ առաջարկած նրա բոլոր դերերը ես մեծ սիրով եմ ընդունել։ Վախ կար, բայց երբ Հրաչի հետ ես աշխատում, միշտ վստահ ես նրա աջակցության ու օգնության վրա։ Այդպես էր նաև այս անգամ։ Առաջին անգամ չեմ օտարերկրացու դեր խաղում, բայց առաջին անգամ է, որ կերպարիս կինն էլ այլ ազգի ներկայացուցիչ է, ու մենք ապրում ենք լրիվ այլ, երրորդ պետության տարածքում։

– Ֆիլմում Մանե Մխոյանի ու Լուիզա Ղամբարյանի հետ միասին ներկայացնում էիք տարբեր ազգային ու կրոնական պատկանելուիություն ունեցող, բայց միևնույնն է մեկ ընտանիքի անդամների: Հե՞շտ էր արդյոք այդ ամենը ներկայացնելը:

– Իմ բախտը միշտ բերում է խաղընկերների հարցում։ Հրաշալի մարդիկ են, ինտելիգենտ ու իրենց մասնագիտության երկրպագուներ։ Մանեն նուրբ ու երիտասարդ, բայց արդեն շատ ամուր ու պրոֆեսիոնալ դերասանուհի է։ Լուիզայի մասին, ընդհանրապես լռում եմ՝ բարձր մակարդակի մասնագետ ու շատ իմաստուն խաղընկեր։ Երբեմն, ընդմիջումների ընթազքում Լուիզան ինձ շատ կաևոր խորհուրդներ էր տալիս, որոնց համար ես նրան շատ շնորհակալ եմ։

– Ինպիսի՞ հատկանիշներ եք փորձել ցույց տալ գերմանացի տղամարդու բնավորության մեջ, ով ամուսնացած է լիովին այլ մշակութային ու կրոնական արժեքներ կրող կնոջ հետ:

– Իմ հերոսի ընտանիքն ինչ-որ չափով նման է իմ ընտանիքին։ Ընդհանուր առմամբ ինձ համար ամեն ինչ պարզ էր՝ դեռահաս դուստր, ով իր խնդիրներն ունի, որոնք ես նրա փոխարեն լուծել չեմ կարող, բայց կարող եմ նրան տալ իմ սերն ու աջակցությունը, և իմ կինը, ում հետ մեզ միավորում են միայն մեր փոխադարձ սերն ու դուստրը։ Պետք էր հասկանալ, որ մնացած բոլոր հարցերում մենք բացարձակ տարբեր մարդիկ ենք, տարբեր մշակույթների, երկրների ու հավատքների ներկայացուցիչներ։ Ես մտովի պատկերացրեցի ու ապրեցի մոտ 18-19 տարի համատեղ կյանք, որի ընթացքում մարդիկ սովորաբար նմանություններ ու միմյանց հանդեպ իմունիտետ են ձեռք բերում։ Ես այս տարիների ընթացքում ընդունել եմ նրա խորը կապն իր հարազատներ հետ, հոր հանդեպ մեծարումն ու եղբայրների համար անհանգստաությունը․․․ Բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ սիրված ամուսին եմ, հանուն որի նա, մուսուլման լինելով հանդերձ, համաձայնել էր կաթոլիկ եկեղեցում ամուսնանալ ու տեղափոխվել Հայաստան։

– Բնավորության ո՞ր գծերն են նման Ձեր ու կերպարի մեջ:

– Որո՞նք են իմ ու Պետերի ընդհանրությունները։ Դրանք շատ են, բայց գլխավորը հեգնանքն է։ Որոշ դեպքերում այն սարկաստիկ է, ցինիկ։ Այո, համամիտ եմ, որ կարելի էր այն կնոջ հետ շփման ընթացքում օգտագործել։ Բայց ես չեմ կարծում, որ դա սառը եվրոպացու հեգնանք է, որին անփույթ են թվում ազգային կոնֆլիկներն ու ընտանեկան հարցերը։ Ոչ, Պետերի հեգնանքը այլ է, նա կոսմոպոլիտ մարդ է ու հոգու խորքում էլ մի փոքր հիպպի։

– Դուք այն դերասաններից եք, որոնք չեն սահմանափակվում միայն մեկ ուղղությամբ: Դուք խաղում եք ֆիլմերում, թատրոնում ու նաև ռադիոհաղորդավար եք: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել այդ ամենն ու այնպես կազմակերպել, որ ամեն գործում 100%-անոց արդյունք ունենաք: Ի՞նչն է Ձեզ օգնում:

– Այստեղ ու այնտեղ լինելու ու հասցնելու տեղերն իրականում ավելի շատ են։ Պետք է ամեն ինչ հասցնել։ Որակի մասին խոսել չեմ կարող, որովհետև իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի ու, բնակաբար, կողմնակալ։ Ուզում եմ լավ մարդ, քաղաքացի, ընկեր, հայր, որդի, թատրոնի, կինոյի, սերիալի դերասան ու ռադիոհաղորդավար լինել։ Եթե մեկից դեպի մյուսը չանցնեմ, հնարավոր չի լինի հասցնել։ Օգնում են նաև անվստահությունն ու կասկածը, դրանք ինձ համար կարծես լակմուսի թերթ ու ինդիկատոր լինեն։ Ես դրանք տարբեր նպատակներով եմ օգտագործում։ Թատրոնում կամ կադրում, եթե իմ մեջ անվստահության ու կասկածի որևէ նշույլ չկա, դա ինձ համար ձախողում ու աղետ է։ Իսկ եթե կենցաղում, կյանքում, մարդկային փոխհարաբերությունների ու շփման մեջ են հայտնվում անվստահությունն ու կասկածը, դա արդեն վերջն է։ Ուրեմն արդեն խաբեություն կա, իսկ սուտը փոխհարաբերությունների ավարտն է։

– Ունե՞ք ձեր մտքում այդպիսի կոնկրետ կերպար, որը երազում եք մարմնավորել:

– Ես 15-16 տարեկան էի, երբ շատ մեծ ցանկություն ունեի Փոքրիկ Իշխանի դերը մարմնավորել։ Մոտ մեկ տարի ես տառապում էի։ Ես պարզապես չէի հասկանում, թե ինչու Էքզյուպերի չեն բեմադրում ու չեն խնդրում ինձ Փոքրիկ Իշխան խաղալ։ Բայց հետո այդ ամենն անցավ ու այլևս երբեք չվերադարձավ։ Չկա ոչ մի կերպար, որը մարմնավորելն ինձ համար երազանք լինի։ Չեմ սիրում կենտրոնական դերեր՝ շատ մեծ է պատասխանատվությունը։ Իհարկե, նկատի չունեմ երկու հոգու ներկայացումներն ու կամերային աշխատանքները։ Դրանք լրիվ ուրիշ պատմություն են։

– Այժմ կարանտինային ռեժիմը խախտել է բոլորի պլանները: Ի՞նչ նոր ներկայացումներում, ֆիլմերում կամ հեռուստատեսային նախագծերում կարող ենք Ձեզ տեսնել, համատարած մեկուսացումից հետո:

– Կարանտինի պատճառով դադարեցվել է մի երիտասարդ ռեժիսորի բեմադրություն, մենք ստպված էինք դադարեցնել ներկայացման փորձերը։ Այդ ամենն, իսկապես, շատ տխուր է։ Բայց կա նաև այսպիսի մի պահ, եթե այս դադարի ընթացքում ռեժիսորական որոշումները կորցնեն իրենց ակտուալությունը, ամեն ինչ պետք է նորից սկսել, վերափոխել ու կատարել այլ շեշտադրումներ, կամ ուղղակի հրաժարվել այդ ամենից։ Մի միջազգային կինոնախագիծ ևս դադարեցվել է։ Ես դրանում մինչ արտակարգ իրավիճակն ընդամենը մեկ նկարահանման օր եմ ունեցել, իսկ հիմա սպասման ռեժիմում ենք․․․ Այլազգի դերասանները ստիպված եղան իրենց հայրենիքները վերադառնալ ու առջևում լիակատար անորոշություն է։

– Ինպե՞ս է անցնում Ձեր և Ձեր ընտանիքի կարանտինային առօրյան: Ո՞վ ինչո՞վ է զբաղում այս ընթացքում:

– Մեր օրերն անցնում են երևի ինչպես բոլորի մոտ։ Շաբաթական մեկ-երկու անգամ ես կամ կինս խանութ ենք գնում։ Մեր տան ներքևում էլ փոքրիկ խանութ կա, այնտեղից կարելի է որոշ համեղ բաներ գնել։ Ով առաջինն է արթնանում՝ նա սուրճ է դնում։ Դուստրս արդեն միացել է մեզ, բայց օրական ընդհամենը մեկ բաժակ սուրճ է խմում՝ ոչ մեզ նման շատ։ Հետո սկսվում են նրա դասերը քոլեջի մասնագետների հետ, դրանից հետո նա կամ ինքնուրույն կամ ուսուցչի հետ առցանց տարբերակով դաշնամուրի դասն է անցկացնում կամ նկարում է։ Ու այդպես մինչև երեկո։ Արդեն երեկոյան մենք ընտանեկան կինոդիտում ենք կազմակերպում, նայում ենք անիմեների մի քանի նոր սերիա կամ սիրելի հին մուլտֆիլմեր ու ֆիլմեր։ Օրվա ընթացքում կերակուրներ ենք պատրաստում, աղցաններ, թխվածքներ։ Տնային բույսերի հողն ենք հասցրել փոխել, մաքրություն ենք արել ու մառանը կարգի բերել։ Այս ընթաղքում շատ ենք խոսում հեռախոսով մեր հարազատների հետ, մեր ծնողները արտերկրում են ապրում։ Այո, հեռախոսը հիմա դարձել է շփման գլխավոր միջոցը։

– Ձեր կնոջ ո՞ր հատկանիշները նրան դարձրին Ձեր կյանքի ընկերը:

– Ասեմ, որ իմ բախտը բերել է։ Մեր երկրորդ կեսերի բոլոր հրաշալի ու սարսափելի հատկանիշները մեզ համար պարզ են դառնում ամուսնությունից մեկ-երկու տարի անց։ Բայց այն, ինչ ինձ համար բացահայտվեց, հսկայական հաջողություն էր։ Սա երջանկություն է։ Չեմ կարող ասել, որ լավ եմ գլուխ հանում մարդկանցից կամ, որ իմ ամուսնությունը հաշվարկված էր։ Ոչ, ես բոլորի կամ գրեթե բոլորի նման սիրահարվեցի վառ, խելացի, անսահման գեղեցիկ, ուրախ ու տաղանդավոր մի աղջկա, և օ՜ հրաշք, նա ինձ փոխադարձ զգացմունքով պատասխանեց։ Նա ինձ ընտրեց, իսկ նա, ասեմ որ ընտրության մեծ հնարավորություն ուներ։

 

– Իրական կյանքում դեռահասության տարիքում գտնվող դուստր ունենալը որքանո՞վ է օգնել Ձեզ ֆիլմում մարմնավորել հոր դերը: Հե՞շտ է ժամանակակից երիտասարդության հետ լեզու գտնելը, Ձեր տանն ինչպե՞ս են զարգանում այդ հարաբերությունները երկու սերունդների միջև։

– Դեռահաս երեխաների հետ շատ դժվար է շփվել, մանավանդ, երբ դու տանից հաճախ ես բացակայում։ Եթե դու հայտարարել ես երեխայիդ ինքնուրույնության մասին, նրան քաղաքային տրանսպորտով մենակ դպրոց ես ուղարկել, հեռախոս, տան բանալիներ ու ծախսերի համար գումար ես տվել ու որոշակի տնային պարտականություններ, ապա արդեն շատ քիչ բան կարող ես պահանջել նրանից, որպես երեխա, ով քեզ է «պատկանում»։ Արդեն կարիք է լինում նրա հետ հավասարը հավասարի նման շփվել, ավելի ճիշտ սովորում ես այդպես անել ու, բնականաբար, դա դժվար է։ Հենց դա էլ հայրերի ու երեխաների գլխավոր խնդիրն է։ Ամենակարևորը սերն ու վստահությունը չկորցնելն է։ Իրենց սխալներն ու մեր հիասթափությունները դրան շատ են խանգարում, բայց պետք է պայքարել հանուն սիրո ու վստահության։

– Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում կյանքում:

– Չգիտեմ․․․ Ես ուրախություն ու խոնարհում եմ զգում տաղանդի դրսևորման առաջ։ Դա շնորհ է։ Շնորհ է մտերիմ ընկեր լինելը կամ երգիչ, նկարիչ, ճարտարապետ, ատամնաբույժ, կոշկակար, շոումեն լինելը։ Ես կարող եմ հուզվել՝ զգալով այդ շնորհը։ Դա իսկապես հրաշք է։ Իրականում, ես ստեցի՝ ասելով, որ չգիտեմ, թե ինչն է ինձ երջանկացնում։ Այս պահին, ոչինչ։ Ինձ երջանիկ էր դարձնում սիրահարվածություն, հետո փոխադարձ զգացմունքները, հետո հայր դառնալու սպասումը, իսկ դրանից հետո արդեն հայր դառնալը։ Այդ ամենն արդեն եղել է։ Այդ պահերն արդեն ապրած են։ Այդ երջանկությանը ես արդեն սովորել եմ։ Ինչի՞ն եմ սպասում։ Շատ եմ ուզում տեսնել դստերս հաջողությունները։ Կապ չունի, թե ինչում՝ ես դրանց սպասում եմ։ Այդ ժամանակ ես երջանիկ կլինեմ։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան