Միշա Գրիգորյանի մասնակցությամբ «Лучше Всех»-ը մի քանի տարի հետաձգելուց հետո վերջապես եթեր կհեռարձակվի

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше Всех» նախագծի մասնակից Միշա Գրիգորյանը իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում հետևորդներին տեղեկացրել է, որ եթեր կհեռարձակվի իր մասնակցությամբ հաղորդումը։ Չնայած նախագիծը նկարահանվել է մի քանի տարի առաջ՝ պրեմիերան նոր է լինելու։

«Ընկերներ, ես ձեզ համար հրաշալի նորություն ունեմ։ Այս կիրակի եթերում է լինելու «Лучше Всех» նախագիծն իմ մասնակցությամբ։ «Արցախի ձայներ» նախագծի բոլոր արտիստները, կարելի է ասել, մասնակցել են ռուսական բոլոր լավագույն նախագծերին։ Ահա ևս մեկը։ Եթերն ուշացել է մի քանի տարի, սակայն այսպես ավելի հետաքրքիր է, այնպես չէ՞։ Ձեր Միշան մինչ «Ձայնը» նախագիծը»,-գրել է պատանի կատորղը։

Ավելի ուշ Միշան գրել է, որ ուղիղ մեկ տարի է՝ անցել մանկական «Ձայնը» նախագծից և իրենք սիրով էստաֆետը փոխանցում են շոուի հաջորդ սերնդին, որտեղ հաղթողի անունն այսօր է պարզ դառնալու։ Միշան հավելել է, որ չնայած երկար ամիսներ են անցել, իրենք՝ եզրափակչի բոլոր մասնակիցները, շարունակում են լավ ընկերություն անել։