6 մլն դոլար. Բեյոնսեն և միլիարդատեր Ջեք Դորսին կորոնավիրուսի դեմ պայքարին խոշոր գումար կնվիրաբերեն

Աշխարհի ամենահայտնի և հարուստ երգչուհիներից մեկը՝ Բեյոնսեն, միավորելով ջանքերը Թվիթեր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի հետ, պատրաստվում է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին 6 մլն դոլար նվիրաբերել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երգչուհու BeyGood հիմնադրամից տեղեկացրել են, որ միլիարդատեր Դորսիի StartSmall  նախաձեռնության հետ համագործակցության շրջանակում գումարը կուղղվի վարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողներին, ինչպես նաև համավարակից տուժածներին:

«Այս համավարակի ազդեցությունը չափազանց մեծ է, ուստի՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է օգնի ինչով կարող է»,- ասել է Բեյոնսեն:

Նշվում է, որ գումարը կտրամադրվի Նյու Յորք, Դեթրոյտ, Նոր Օռլեան և Հյուսթոն քաղաքների փոքր համայնքային կազմակերպություններին։