Forbes ամսագիրը Քանյե Ուեսթին պաշտոնապես միլիարդատեր է ճանաչել (լուսանկարներ)

Forbes ամսագրի «Քանյե Ուեսթն այժմ պաշտոնապես միլիարդատեր է, և նա շատ է ցանկանում, որ աշխարհն իմանա այդ մասին» վերնագրով հոդվածում հրատարակությունը բացահայտել է, թե ինչպես է ռեփ կատարողը վերջերս նրանց ներկայացրել «իր եկամուտների իրական թիվը», որից հետևում է, որ նրա կարողությունն ավելին է, քան կարծում են Forbes-ում։

Հոդվածում նշվում է, որ Ուեսթը դժգոհ է մնացել հրատարակության հետազոտություններից և հաշվարկներից՝ նշելով, որ իր կապիտալը ոչ թե 1,26 մլրդ դոլար է, ինչպես հրատարակությունն է հաշվարկել, այլ 3,3 մլրդ դոլար։

«Մեկ միլիարդ չէ, այլ 3,3 միլիարդ, Forbes-ում ոչ ոք նորմալ հաշվել չգիտի»,- հոդվածի համաձայն՝ հայտնել է Ուեսթը։

Ըստ հաղորդման՝ ռեփերը դժգոհել է, երբ այս տարի նրա անունը չի ներառվել հարուստ մարդկանց ցուցակում։

Հոդվածի համաձայն՝ Ուեսթը խոստովանել է, որ ինքը «թվերի ետևից ընկնող տղա չէ», բայց անցյալ տարի Forbes-ի օգոստոսյան համարը, որում ռեփերը ներառված չէր, «անհարգալից հոդված» էր, որտեղ միտումնավոր արհամարհել են իրեն։

Հոդվածում նշվում է, որ Ուեսթի թիմը ներկայացրել է դիմումներ, որոնք ցույց են տվել, որ ռեփերն ունի 17 միլիոն դոլար կանխիկ գումար, 35 միլիոն դոլարի բաժնետոմս, 81 միլիոն դոլար «շինարարություններում» և 21 միլիոն դոլարի հողատարածքներ։

Հաղորդվում է, որ ռեփերի և Adidas գերմանական սպորտային հագուստի բրենդի համագործակցության արդյունքում ստեղծված YEEZY հագուստի շարքն ունի տարեկան մոտ 1,3 միլիարդ դոլարի եկամուտ։