«Առաջինը դու խմիր»․ Vogue-ի գլխավոր խմբագիրը Թրամփին կոչ է արել անձամբ ախտահանիչ հեղուկ խմել

Ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ախտահանող միջոցների օգնությամբ օրգանիզմը մաքրելու մասին հայտարարությունից հետո նախագահին կոչ է արել անձամբ ախտահանիչ հեղուկ խմել, գրում է Daily Mail-ը։

Vogue կայքում հրապարակված հոդվածում 70-ամյա գլխավոր խմբագիրը քննադատել է նախագահին՝ կոչ անելով ընթերցողներին միանալ իրեն՝ Ջո Բայդենին աջակցելու հարցում՝ ընդգծելով, որ «իրենք պետք է նոր ուղեցույց ընտրենք» առաջիկա ընտրություններում։

«Ես, ինչպես և դուք, վստահ եմ, երազում ենք վերածննդի մասին։ Բայց ինչպիսի՞ն կլինի վերածնունդը։ Ես կարծում եմ, որ բոլորս էլ մտածել ենք այն մասին, որ մի օր կյանքը կվերադառնա բնաանոն հունին, բացի մեր նախագահից, որը կարծում է, որ մենք պետք է խմենք ախտահանիչ նյութ, ինչին ես պատասխանում եմ՝ առաջինը դո՛ւ խմիր»,- գրել է Վինտուրը։

Նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ կանանցից մեկն ընդգծել է, որ ամերիկյան  տնտեսությունը լուրջ դժվարություններ ունի և որոշ ժամանակ դեռ կունենա։

«Ինչպես հայտնում են գիտնականները, այս վիրուսը հենց այնպես չի վերանա։ Մենք նույնպես պետք է փոխվենք մեր վերածննդին համապատասխան»,- գրել է նա։

Վինտուրը նշել է երկիրը կարող է առաջ շարժվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ քաղաքացիներն ունենան վստահելի նախագահ։

«Խնդրում եմ, միացեք ինձ Ջո Բայդենի աջակցության հարցում: Հավատում եմ, որ նա մեր երկիրը կդնի վերականգնման ուղու վրա»,- ասել է նա։

Անցյալ հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Թրամփը կորոնավիրուսի բուժման նոր մեթոդներ է առաջարկել, ներառյալ՝ ախտահանող հեղուկների ներարկումները և ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործումը։