Հայաստանում այս տարի Ջազի միջազգային օրը կնշվի վիրտուալ հարթակում

Հայաստանի ջազի ասոցիացիան, որը 2019 թվականին Ջազի միջազգային օրը տոնեց Հայաստանի տաղանդավոր ջազ երաժիշտների և կուբացի հայտնի դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ համերգային ծրագրով, 2020-ին տոնը նշելու է վիրտուալ համերգով:

Ապրիլի 30-ին կայանալիք լայվ համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը: