Մասնագետները ներկայացրել են չորս մթերք, որոնց գործածությունը թուլացնում է իմունային համակարգը

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում իմունային համակարգի ակտիվությունը պահպանելն ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելը շատ կարևոր է, սակայն մարդիկ հաճախ անգիտակցաբար թուլացնում են իրենց իմունային համակարգը՝ պարզապես սխալ սննդակարգ կազմելով։ Մասնագետները ներկայացրել են չորս տարածված մթերք, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար և բացասաբար անդրադառնալ օրգանիզմի դիմադրողականության վրա։

Առաջին հերթին այս ցանկում է ներառվել կոֆեինը, որը մարդիկ շատ հաճախ չարաշահում են։ Մասնագետները նախազգուշացնում են, որ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կոֆեինը կարող է թուլացնել իմունային համակարգը։ Բանն այն է, որ այն ճնշում է ուրցագեղձի աշխատանքը, իսկ այս գեղձն արտադրում է բջիջներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից ու բակտերիաներից։

Իմունային համակարգի վրա բացասաբար անդրադարձող մյուս մթերքը պատրաստի շիլաներն ու չոր նախաճաշերն են։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր ու գրեթե չեն պարունակում օգտակար նյութեր, ինչի հետևանքով հանգեցնում են ճարպերի ակտիվ կուտակման, իսկ ավելորդ ճարպաշերտերը կարող են դառնալ բորբոքումների զարգացմանը նպաստող բջիջների առաջացման պատճառ։

Համավարակի ֆոնին շատ վտանգավոր է նաև ալկոհոլի գործածությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը ծանրաբեռնում է լյարդը, ինչի հետևանքով դանդաղում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը։ Սա էլ հանգեցնում է իմունային համակարգի թուլացման և դիմադրողականության անկման։

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել նաև մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներից ու քաղցրավենիքից, քանի որ դրանք նույնպես թուլացնում են իմունային համակարգի աշխատանքը։ Բանն այն է, որ շաքարի վերամշակման ընթացքում օրգանիզմում արտազատվում են ազատ ռադիկալներ՝ մոլեկուլներ, որոնք առաջացնում են թթվայնացնող սթրես ու վնասում բջիջները։ Բացի այդ, արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը խոչընդոտում է վիտամին С-ի ճիշտ յուրացմանը, իսկ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում իմունային համակարգի ամրապնդման հարցում։