Ջուլի Էնդրյուսը ցանկություն է հայտնել նկարահանվել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի հաջորդ մասում (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլի Էնդրյուսը ցանկություն է հայտնել նկարահանվել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի հաջորդ մասում, գրում է Daily Mail-ը։

84-ամյա դերասանուհին երկուշաբթի խոսել է հայտնի ֆիլմի շարունակության վերաբերյալ ասեկոսեների մասին։

«Այդ մասին վաղուց են խոսում, բայց դեռևս դերի առաջարկ չեմ ստացել։ Կարծում եմ՝ կրկին կխաղայի»,- ասել է դերասանուհին և հավելել, որ տարիների ընթացքում ծերացել և քմահաճ է դարձել։

«Վստահ չեմ, որ հիմա դրա ժամանակն է, բայց Էնն Հեթուեյի հետ կրկին աշխատելը շատ հաճելի կլիներ»,- ասել է ամերիկյան բեմի աստղը։

Առաջին ֆիլմը, որը նկարահանվել է 2001 թվականին ռեժիսոր Հարի Մարշալի կողմից, ամբողջ աշխարհում վաստակել է ավելի քան 165,3 միլիոն դոլար։

Ֆիլմի երկրորդ մասը (The Princess Diaries 2: Royal Engagement) համաշխարհային վարձույթում է հայտնվել 2004 թվականին՝ վաստակելով 137,4 մլն դոլար։