Մահացել է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի դերասանը

Մահացել է 53-ամյա դերասան Իրֆան Խանը, ով բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում նկարահանվելուց հետո։
Խանը նաև նկարահանվել է հոլիվուդյան ու բոլիվուդյան բազմաթիվ հայտնի ֆիլմերում։ Նա հայտնիություն է ձեռք բերել նաև «Սալամ, Բոմբեյ» ֆիլմում դերակատարման շնորհիվ։ Նրա մասնակցությամբ ամենասիրված ժապավեններից են «Մարտիկ», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ», «Փիի կյանքը», «Նոր սարդ մարդը», «Ինֆերնո» ֆիլմերը։

Դերասանի մահվան մասին NDTV հեռուստաընկերությանը հայտնել են արտիստի մտերիմները։ Մահվան պատճառը, սակայն, չի նշվում։
2018 թվականին դերասանը հայտնել է, որ իր մոտ օնկոլոգիական հիվանդություն են ախտորոշել, և ինքը բուժման նպատակով մեկնել է Լոնդոն։
Ինստագրամյան էջում «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի դերասաններից Դև Պատելը և Ֆրիդա Պինտոն հրապարակումներ են կատարել՝ ցավակցելով Իրֆան Խանի մտերիմներին։