Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է․ «Ջազի առաջին լեդի» Էլլա Ֆիցջերալդի թևավոր դարձած խոսքերը

Այսօր ողջ աշխարհը տոնում է Ջազի միջազգային օրը։ 2012 թվականից սկսած, ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2011 թվականին ընդունել է բանաձև, համաձայն որի, արդեն ինը տարի է գոյություն ունի Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել դեռ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ։ Այն մինչ օրս շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին ու վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

Յուրաքանչյուր մարդ, ով սիրում է ջազը, գիտի լեգենդար երգչուհի Էլլա ֆիցջերալդի մասին։ Նա իր ձայնով գերեց ողջ աշխարհն ու ստացավ «Ջազի առաջին լեդի» անունը։ Նրա կատարմամբ ցանկացածերգ դառնում էր հզոր, զգացմունքային ու տպավորիչ։ Այս յուրահատուկ երաժշտական արվեստի օրվան ընդառաջ, ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի ջազ երգչուհիներից մեկի՝ Էլլա Ֆիցջերալդի տարբեր ժամանակներում ասված մտքերն ու արդեն թևավոր դարձած խոսքերը։

«Ամենակարևորը՝ մի մոլորվեք և մի հանձնվեք: Այնտեղ, որտեղ դուք սեր և ոգեշնչում եք զգում, կարծում եմ, չեք կարող սխալվել»:

«Ես երգում եմ այնպես, ինչպես զգում եմ»:

«Կարևոր չէ, թե որտեղից ես եկել, կարևոր է, թե ուր ես գնում»:

«Ես շատ երկչոտ կին եմ և վախենում եմ մարդկանց ներկայությունից: Բայց երբ ես բեմ եմ դուրս գալիս, լրիվ այլ զգացողություն է: Ես ինչ-որ տեղից էներգիա եմ ստանում: Միգուցե պատճառն այն է, որ սա այն է, ինչ ես սիրում եմ անել»:

«Ինչ-որ երեխաներ ինձ Իտալիայում «Մամա ջազ» էին անվանում, դա այնքա՜ն հուզիչ է: Միայն թե հետո «Տատիկ ջազ» չանվանեն»։