Միլանի «Լա Սկալա» թատրոնը կբացվի սեպտեմբերին. նախատեսվում է խորհրդանշական համերգ

Միլանի «Լա Սկալա» թատրոնը պատրաստվում է բացվել սեպտեմբերին, սակայն հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք կհնչեն բացմանը: Դրանք են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» (մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար) և Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան:

Նշվում է, որ առաջին ստեղծագործությունը կնվիրվի կորոնավիրուսից մահացածների հիշատակին, իսկ երկրորդը՝ կխորհրդանշի հիվանդության դեմ հաղթանակը: Վերջինի ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը՝ «Ձոն ուրախության», դարձել է Եվրամիության հիմնը:

Համերգներ կտրվեն նաև Բերգամո և Բրեշիա քաղաքներում, որոնք համավարակից ամենից շատ տուժած քաղաքներն են Իտալիայում: