Ջազի միջազգային օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի Էլլա Ֆիցջերալդին նվիրված համերգ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր Ջազի միջազգային օրվա կապակցությամբ առցանց կներկայացնի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:

Համերգային երեկոն տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երեկոն նախաձեռնել էին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը և օպերային թատրոնը:

Այն ժամանակ համերգի հատուկ հյուրը ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Մարջորի Բարնսն էր, որը հանդես եկավ Վահագն Հայրապետյանի, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ-կվարտետի և օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Դիրիժորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է: