Երեք վտանգավոր հիվանդություն, որոնցով կարող է պայմանավորված լինել քաշի ավելացումը

Ավելորդ քաշը ներկայում ամենատարածված խնդիրներից մեկն է, որից ազատվելու համար մարդիկ դիմում են ամենատարբեր միջոցների օգնությանը։ Այն որպես կանոն ասոցացվում է սխալ սննդակարգի և նստակյաց կենսակերպի հետ, սակայն լինում են դեպքեր, երբ ավելորդ կիլոգրամների առկայությունը պայմանավորված է լինում առողջական որոշակի խնդիրներով, որոնք ժամանակին չբուժելը կարող է շատ վտանգավոր լինել։ Մասնագետները ներկայացրել են ամենատարածված խանգարումները, որոնք կարող են հանգեցնել քաշի ավելացման։

Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզը վահանագեղձի ամենատարածված հիվանդություններից է, որը դրսևորվում է օրգանի թերֆունկցիայով։ Այս գեղձն արտադրում է շատ կարևոր հորմոններ, սակայն հիպոթիրեոզի դեպքում դրանք չեն արտադրվում բավարար քանակությամբ։ Այս հիվանդությանը բնորոշ հիմնական ախտանշաններից մեկը քաշի անբացատրելի ավելացնումն է, ինչը պայմանավորված է նյութափոխանակության խանգարմամբ։ Բանն այն է, որ վահանաձև գեղձը կարգավորում է նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարման դեպքում զարմանալի չէ, որ խանգարվում է նաև նյութափոխանակությունը։

Եթե քաշի ավեացումն ուղեկցվում է հոգնածությամբ, դանդաղկոտությամբ, աշխատունակության անկմամբ, մաշկի չորությամբ, այտուցվածությամբ, ինչպես նաև մազաթափությամբ ու եղունգների փխրունությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել ներզատաբանին և հանձնել անհրաժեշտ անալիզները։

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ

Այս հիվանդությունը նույնպես շատ տարածված է և կարող է զարգանալ էնդոկրին համակարգի հիվանդությունների, քրոնիկ բորբոքումների և անգամ օնկոլոգիական հիվանդությունների հետևանքով։ Այս խանգարման դեպքում կանանց ավելի քան 40%-ի մոտ զարգանում է այնպիսի կողմնակի բարդություն, ինչպիսին է ճարպակալումը։ Նման դեպքերում ճարպաշերտերը սովորաբար տեղակայված են լինում որովայնի կամ գոտկատեղի հատվածում։

Հիվանդության հիմնական ախտանշաններն են դաշտանային ցիկլի խանգարումները, տղամարդկանց օրգանիզմին բնորոշ հորմոնների մակարդակի բարձրացումն ու դրա հետևանքով ի հայտ եկած անցանկալի մազերը, ինչպես նաև միգրենն ու գլխացավերը։ Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը հետագայում լուրջ բարդություններից խուսափելու համար։

Քնի խանգարումներ

Քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ նաև քնի խանգարումներն ու որակյալ հանգստի պակասը։ Սա պայմանավորված է նրանով, որ նման դեպքերում դանդաղում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը։ Այս կերպ օրգանիզմը պարզապես փորձում է խնայել էներգիան նորմալ կենսագործունեության ապահովման համար, ինչը, սակայն, բացասաբար է անդրադառնում կազմվածքի վրա։