Միլա Յովովիչը, Հենրիխ Մխիթարյանը, Դրոգբան, Պոգբան միացել են «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի աճուրդին

Այսօր՝ մայիսի 2-ին, «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի կողմից կիրականացվի «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգ, որի շրջանակներում կլինի նաև   բարեգործական աճուրդ, որին միացել են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են՝ Հենրիխ Մխիթարյանը, Դիդյեր Դրոգբան, Պոլ Պոգբան, Վիկ Դարչինյանը, Նիկոլյա Անելկան, Նելի Կոբզոնը, միշլենյան խոհարար Ժան Էդեղնը, Արթուր Աբրահամը,Ռոբերտ Էմմիյանը և այլոք՝ նվիրաբերելով իրենց իրերից «Միասին Մենք Կարող ենք» մակագրությամբ:

Համերգին ընդառաջ երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ասաց, որ  աճուրդի գաղափարն առաջացել է համերգի կազմակերպման մտքից ավելի ուշ։

«5-6 օր առաջ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն առաջարկեց իր նկարն հանգանակել մեր միջոցառմանը։ Որոշեցինք, որ նկարը պետք է ինչ-որ տեղ վաճառվի, որ գումարն ուղղենք նպատակին։ Այդպես առաջացավ աճուրդ կազմակերպելու միտքը։ Դրանից հետո ավելացավ բարեգործական աճուրդին միանալ ցանկացողների քանակը: Միացավ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի անդամները աճուրդի կհանեն իրենց անձնական իրերը կամ համազգեստները: Ամեն րոպե մասնակիցների թիվն ավելանում է, քանի որ Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում շարունակում են սկսում են նախաձեռնության մասին իմանալ, լոտերն էլ ավելանում են։ Մեզ են միացել նաև Ռուսատանի օլիմպիական մարզիկներից շատերը, հոլիվուդյան աստղեր, այդ թվում՝ Միլա Յովովիչը: Սա դառնում է արդեն կանոն ու ավանդույթ: Միացել են նաև Նախիջևանի հայ եկեղեցին, որն առաջարկեց տալ արծաթե հուշանվեր։Սա իրոք դառնում է աննախադեպ մի բան, երբ մեր ազգի ներկայացուցիչներն աշխարհում, նրանց ընկերները միանում են այս ակցիային ու ցույց տալիս, եր եթե կա դժվարություն, որի շուրջ դուք համախմբվում եք, մենք էլ պատրաստ աջակցել՝ անկախ ազգությունից»,- ասասել է Արտակ Թովմասյանը։

Աճուրդին միացել է Իոսիֆ Կոբզոնի ընտանիքը՝ նվիրաբերելով սահմանափակ քանակությամբ թողարկված սկավառակներ, երգչի հագուստներից մեկը, ինչպես նաև ուղերձներ են հղել։

Արտակ Թովմասյանը նաև հայտնել է, որ համերգը կտևի մոտ 8 ժամ։

Աճուրդի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Հիշեցնենք՝ «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամն» աշխարհում առաջին անգամ կազմակերպել է բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր, որն ուղիղ եթերում կհեռարձակվի Youtube-ում և անվճար կլինի բոլորի համար: