Բորիս Ջոնսոնը պատմել է, որ բժիշկները պատրաստվում էին հայտարարել իր մահվան մասին

Կորոնավիրուսից բուժված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Sun պարբերականին տեղեկացրել է, որ բժիշկները պատրաստվում էին հայտարարել իր մահվան մասին:

«Ես ամենալավ վիճակում չէի, և գիտեի, որ գործողությունների պահեստային տարբերակներ էլ կային: Բժիշկները իրավիճակը վատանալու դեպքում գործողությունների բոլոր ծրագրերն էլ ունեին»,-պատմել է Ջոնսոնը:

Բրիտանացի վարչապետի խոսքով` նա լիտրերով թթվածին էր ստանում և ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչպես պիտի դուրս գա այս իրավիճակից: Նա ինքն իրեն հաջողակ է անվանել:

Հարցազրույցի ժամանակ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն բուժող բժիշկներին:

Բորիս Ջոնսոնի վարակման մասին պարզ էր դարձել մարտի 27-ին: Ապրիլի 3-ին նա հոսպիտալացվել էր, իսկ ապրիլի 6-ին ծանր վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Հետագայում նրա վիճակը կայունացել էր: