«Չենք կարողանում գտնել գոնե մի պատճառ, որով կարելի է  արդարացնել դա»․ Աստղիկ Աբաջյանը՝ աստղային հիվանդության և հետաձգված ծրագրերի մասին

Կարանտինային ռեժիմը Հայաստանում շարունակվում է։ Ինքնամեկուսացման հետևանքով հետաձգվել են բոլորի ծրագրերն ու գործերը, բոլորն ընկել են կյանքի ակտիվ ռիթմից, սակայն անտեսելով համավարակի այս բացասական հետևանքները՝ պետք է խոստովանել, որ այն հնարավորություն է տվել վայելել ազատ ժամանակը մտերիմների, սիրելիների հետ, զբաղվել այն գործերով, որոնց համար նախկինում մենք երբեք ժամանակ չէինք գտնում։
Showbiz.am կայքի հետ զրույցում իր կարանտինային առօրյայի, հետաձգված ծրագրերի մասին է պատմել սիրված դերասանուհի Աստղիկ Աբաջյանը, ով կիսվում է, որ ինքնամեկուսացման ընթացքում ընտանիքի հետ իր օրերը հետաքրքիր ու լավ են անցնում։

«Կարանտինը մեր ընտանիքում բավականին հագեցած է անցնում, չենք հասցնում ձանձրանալ` դասեր, աշխատանք, տնային գործեր, ֆիլմերի դիտում։ Իմ թատրոնի կոլեկտիվի հետ օնլայն շփումը նույնպես շատ ուրախ է անցնում»,- խոստովանում է դերասանուհին։

Նա նաև նշում է, որ կորոնավիրուսի պատճառով Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կանգ են առել սկսված բոլոր ծրագրերը։
«Նոր մանկական ներկայացում էինք պատրաստում, հետաքրքիր ընթերցումներ ունեինք։ Բայց  ամենակարևորն այն է, որ այս տարի  Հենրիկ Մալյանի 95-ամյակն է և Մալյան թատրոնի 40-ամյակը։ Այդ ուղղությամբ աշխատանք ունենք տանելու, պետք է գեղեցիկ նշել։ Հուսով եմ, որ շուտով կվերադառնանք ստեղծագործական բուռն ռիթմին, դա է առաջնայինը»,-հույս է հայտնում դերասանուհին։

Աստղիկ Աբաջյանին հեռուստադիտողը սկսեց ճանաչել «Որբերը» հեռուստասերիալից, որից հետո դերասանուհին հանդես եկավ նաև այլ նախագծերում։ Սակայն վերջին ժամանակներում Աստղիկը դադարեցրել էր իր հեռուստատեսային կարիերան։ Խոսելով դրա մասին՝ դերասանուհին խոստովանում է, թե որն էր դադարի պատճառը․«Հեռուստատեսային գործունեությունս վերջերս ակտիվ չէ, որովհետև թատրոնում զբաղվածությունս մեծ է։ Մնացած ժամանակն էլ նախընտրում եմ ընտանիքիս հետ անցկացնել ։ Բայց եթե լինում է առաջարկ, որն այդ ամենին չի խանգարի` ընդունում եմ։ Մասնագիտական նորություններս միշտ կապված են թատրոնիս հետ. նոր ծրագրեր, ներկայացումներ, դերեր… »։

Հիմա Աբաջյանը նկարահանվում է «Շիրազի վարդը» հեռուստասերիալում։ Տարիների փորձ ունեցող հայտնի դերասանուհին խոստովանում է, որ շատերի պես ինքն էլ գոհ չէ հայկական հեռուստասերիալների որակից, սակայն կարծում է՝ բոլոր ուժերն ունենք որակյալ ֆիլմեր ստեղծելու համար, մնում է փոքր-ինչ լուրջ վերաբերվել այդ գործին։
«Ինձ համար այլ չափորոշիչներ և արժեքներ կան։ Կարծում եմ՝ առաջնային խնդիրը լավ սցենարի բացակայությունն է ( թող ինձ ներեն սցենարիստները )։ Խնդիրը նաև ոչ պրոֆեսիոնալների և աշխատանքի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ է։ Շատերն իրենց տեղում չեն։ Նաև աշխատանքային պայմաններն են սահմանափակում ստեղծագործողին, որովհետև պետք է տեղավորվել նշված ինչ-որ ժամանակահատվածում, ինչն էլ խանգարում է բարձր որակ ստանալ։
Անդադար նույն թեմաներն են և նույն լացուկոծը, նույն դիալոգներն ու անշարժ տեսարանները։ Նոր մտածողության պակաս կա, դա է պետք շտկել։ Իրականում, խնդիրները շատ են, բայց` հաղթահարելի։ Բայց լավն էլ ենք ունեցել, օրինակ` Ելենա Արշակյանի՝ «Մեր գյուղը» 26 մասանոց հեռուստաֆիլմը»,-ասում է Աստղիկ Աբաջյանը և հավելում, որ միջազգային ասպարեզ դուրս գալու համար լուրջ մոտեցում է պետք գործին՝  չմոռանալով, իհարկե, հարցի նյութական կողմի մասին։

Այսօր կայացած դերասանուհին շատ ժամանակ աշխատում է սկսնակ դերասանների հետ։ Նա նշում է, որ բախտի բերմամբ, իրեն միշտ հանդիպում են տաղանդավորները, սակայն Աստղիկը չի խուսափում նշել այն թերություններն ու բացերը, որոնք նա նկատում է՝ շատ սկսնակ դերասանների հետ աշխատելիս։

«Ես, անկախ  տարիքից ու փորձառությունից,  բոլորի հետ սիրով աշխատում եմ։ Կան  շատ հետաքրքիր ու  շնորհալի երիտասարդներ։ Ինձ դուր է գալիս, որ նրանց մեծ մասը շատ համարձակ է և ազատ` այս մասնագիտության մեջ։ Բայց թերությունները գերակշռում են, ցավոք սրտի։ Առաջինը մեծամտությունն ու ինքնահավանությունն է, որ վանում է։ Բոլորն աստղեր են, անխտիր։ Բայց ես ու ինձ պես հասարակ շատերը չենք կարողանում գտնել գոնե մի պատճառ, որով կարելի է  արդարացնել այդ հիվանդությունը։ Կեղծ են, արհեստական են, խոսքի հետ կապված խնդիրներ ունեն…Եվ ներքին բովանդակությունն աղքատիկ է, իմ կարծիքով։ Իսկ այս մասնագիտության մեջ դա շատ մեծ դեր ունի։ Վատ է նաև, որ մասնագիտական մեծ ձեռքբերում են համարում ընդամենը հեռուստաէկրանին երևալը»,-անկեղծանում է դերասանուհին։

Աստղիկը, ով իր հիմնական գործունեությունը հիմա ծավալում է Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, նշում է, որ հանդիսատեսի հոսքը պակասելու փոխարեն ավելանում է․«Ճիշտն ասած, իմ բախտը բերել է. Ես աշխատում եմ լավագույն Թատրոնում (թող անհամեստ չհնչի, բայց այդ մասին բարձրաձայնում են նույնիսկ մյուս թատրոնների մեր գործընկերները)։ Եվ Մալյան թատրոնը կարիք չունի ինչ-որ հատուկ քայլեր անելու, որպեսզի գրավի հանդիսատեսին։ Ընդամենը պետք է ազնիվ ու նվիրված աշխատել։ Մեր Թատրոնն արժեքներ ունի, որոնց երբեք չի դավաճանում։ Երևի այդ պատճառով էլ հսնդիսատեսի հոսքը մեզ մոտ երբեք չի պակասում: Հիմա մարդիկ վերսկսել են թատրոն հաճախել, երեխաներին շատ են բերում թատրոն, և դա հուսադրող է։ Եթե թատրոնը լավն է, եթե ունի ուժեղ, պրոֆեսիոնալ խումբ, տաղանդավոր բեմադրիչ և հատկապես` գեղարվեստական ղեկավար, ինչպիսին, օրինակ` իմ Նարինե Մալյանն է, ապա հանդիսատեսի պակաս երբեք չի ունենա և միշտ կարդարացնի նրա սպասելիքները, եթե իհարկե հարգում է իր հանդիսատեսին։ Ընդամենը պետք է ազնիվ աշխատել և մարդկանց մատուցել միայն բարձրարժեք ներկայացումներ ՝ չմոռանալով քայլել ժամանակին համընթաց»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան