«Ինձ համար, կարելի է ասել, կարանտինը նույնիսկ հաճելի է»․ Մերի Մովսեսյանը՝ կարանտինային առօրյայի, ներկայիս զբաղվածության և հետագա ծրագրերի մասին

Դերասանուհի Մերի Մովսեսյանն, ում հեռուստադիտողը ճանաչեց «Պատվից առավել» հեռուստասերիալից, որտեղ դերասանուհին ներկայանում էր Լուսինի կերպարով, այժմ եթերային զբաղվածություն չունի և շատերի նման այս օրերին գտնվում է կարանտինի մեջ։ Դերասանուհին կարանտինը բազմաբնույթ դարձնելու և անգործության չմատնվելու համար իր հետաքրքիր տարբերակներն ունի՝ գրքեր, ֆիլմեր, մարզանք, պարեր։
ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսեց իր առօրյայից, ներկայիս զբաղվածությունից, ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելուց, ինչպես նաև դերասանական և պարային հմտությունները կատարելագործելու ցանկությունից։

«Վիրուսի դեմ միակ բանը, որը ես այժմ կարող եմ անել, տանը մնալն է: Ցավոք, հաճախ եմ լսում դեպքերի մասին, երբ մարդիկ իմանալով, որ վարակված են կամ գտնվում են ռիսկային գոտում, գիտակցաբար դուրս են գալիս տանից: Այդպես վարակը ավելի շուտ է տարածվում»,- պատմում է դերասանուհին և հավելում․ «Սկսել եմ գնահատել իմ ամենօրյա «վազվզոցները», երբ ազատ ժամանակ չէի ունենում: Բայց մի լավ բան էլ կա`սովորել եմ կառավարել էմոցիաներս: Այս վիճակում հատկապես չի կարելի դրանցով առաջնորդվել»։

Մերին շարունակում է սովորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: «Այժմ դասերին պատրաստվում եմ օնլայն։ Այս ընթացքում առցանց դասեր ունեի և այժմ պատրաստվում եմ օնլայն քննություններին և ստուգարքներին: Մեր ինստիտուտը, կարծես, երկրագնդից դուրս է գտնվում: Ամենուր քննությունները չեղարկվեցին, իսկ մենք բոլորը հանձնելու ենք: Մեկ ակնթարթ պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե վոկալի, դերասանի վարպետության կամ բեմական մարտի քննություններն առցանց տարբերակով անցկացվեն․․․»,- կիսվում է Մերի Մովսեսյանը։

Դերասանուհին վիրուսի դեմ պայքարի համար հատուկ միջոցների չի տիրապետում, Մերին միայն նշեց, որ լսել է՝ կիտրոն են օգտագործում։ «Տանը հիմնականում մայրիկս է գնումներ կատարում: Գնումների քանակն էլ չի ավելացել»,- հավելում է Մերին:

Կարանտինը, կարծես թե, Մերիի ծրագրերին չի խոչընդոտել․ «Այս ընթացքում չեմ կարող ասել, որ շատ կարևոր գործեր եմ բաց թողել։ Ինձ համար, կարելի է ասել, կարանտինը նույնիսկ հաճելի է, որովհետև վերջապես կարողացա հանգստանալ։ Վերջին չորս տարվա մեջ մաքսիմալ հանգիստյան օրերը, որ ունեցել եմ, եղել է ընդամենը 5 օր և այն էլ Ամանորի շրջանում»։

Մերին կարանտինի դրական կողմերից առանձնացրեց ոչ միայն այն, որ կարողացավ հանգստին բավարար ժամանակ տրամադրել, այլ նաև նշեց այն փաստը, որ ինքը հնարավորություն ունեցավ իր ընտանիքի անդամների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել․ «Առօրյա կյանքում ես շատ քիչ ժամանակ եմ տանը լինում, օրեր են եղել, որ անգամ չեմ տեսել նրանց, որովհետև առավոտյան վաղ արթնանում, գնում էի դասի կամ նկարահանման և երեկոյան էլ կրկին բավականին ուշ վերադառնում՝ էլի դասից կամ նկարահանումից։ Դրական կողմերից է նաև այն, որ շատերը կարող են վերջապես կարդալ գրքերը, որոնց համար ժամանակ չէին գտնում, դիտել այն ֆիլմերը, որոնց համար կրկին ժամանակ չկար, մի խոսքով՝ զբաղվել ինքնակրթությամբ, զբաղվել սպորտով տան պայմաններում և այլն։ Բայց, ցավոք սրտի, այս դեպքում բացասական կողմերն ավելի շատ են, չպետք է մոռանանք, թե որն է կարանտնի պատճառը, վիրուսն ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց կյանքեր է խլել»։

Տանը փակված լինելը միշտ նյարդային և լարված իրավիճակներ է ստեղծում, Մերին ևս դրանից զերծ չի մնացել, սակայն իրեն զսպելու և ինքնակառավարվելու միջոց ևս գտել է։ «Իրականում ինձ մոտ սկզբնական շրջանում էր նյարդային ու լարված հոգեվիճակ, որովհետև ես սովոր չեմ տանը նստելուն և մանկուց չեմ սիրել։ Ես ինձ միշտ զբաղեցրել եմ կամ տանից դուրս գալու առիթներ եմ ստեղծել, քանի որ չորս պատի մեջ փակված լինելն իմը չէ։ Եվ ինչպես սկզբում արդեն նշեցի, ես սովորել եմ ինքս ինձ կառավարել, քանի որ եթե հիմա բոլորս տրվենք մեր էմոցիաներին և չկարողանանք զսպել մեզ, սարսափելի իրավիճակում կհայտնվենք»,- մանրամասնում է դերասանուհին։

Կարանտինի ընթացքում շատերի մոտ թաքնված տաղանդներ են ի հայտ գալիս, բոլորը փորձում են իրենց նոր կողմերից բացահայտել, սակայն Մերին գերադասում է իր ունեցած տաղանդները զարգացնել, քան զբաղվել նորերի փնտրտուքով․ «Ես նախընտրում եմ կատարելագործել իմ հիմնական տաղանդները, իսկ հետո երբ զգամ, որ բավականին աճ եմ գրանցել, այդ ժամանակ կսկսեմ նոր տաղանդներ փնտրել իմ մեջ։ Կարծում եմ, որ չի կարելի կիսվել և ամեն ինչին հավասար ուշադրություն դարձնել։ Այժմ ես փորձում եմ կատարելագործել իմ դերասանական և պարային հմտությունները։ Ես պարի գնացել եմ երկար տարիներ, պարզապես հետո բավարար ժամանակ չլինելու պատճառով դուրս էի եկել։ Հիմա փորձում եմ կրկին հունի մեջ ընկնել և նախկին մարզավիճակս վերադարձնել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան