Beauty Lifestyle. Ռոզա և Քնարիկ Հարությունյանները՝ տնային մարզումների, սպորտի միջոցով գենետիկային հաղթելու, համեղ ու նիհարեցնող ըմպելիքի բաղադրատոմսի և այլ հետաքրքիր սպորտային թեմաների մասին

Համընդհանուր տնային մեկուսացումը ստիպեց բոլորին հրաժարվել իրենց կյանքի բնականոն ռիթմից ու ապրել լրիվ այլ կանոններով ու ապրելակերպով։ Եվ դա միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենում մեր օրգանիզմի վրա։ Հասկանալու համար, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում ճիշտ մարզումներ անցկացնելու, սննդային սովորությունները փոխելու և օրվա ընթացքում էներգիայի բավարար քանակն ապահովելու համար, Showbiz.am-ը զրուցել է ֆիթնեսի ոլորտում արդեն հայտնի մարզիչներ՝ Ռոզա և Քնարիկ Հարությունյանների հետ։ Տասը տարվա փորձ ունեցող մասնագետները հատուկ մեր ընթերցողների համար տվել են շատ օգտակար խորհուրդներ ու խոսել շատերին հուզող խնդիրների մասին։

Կարանտինի շրջանում ֆիզիկական պասիվության պատճառով առաջացած խնդիրներին մասին․

Ռոզա․ «Հաշվի առնելով այս դժվարին օրերը, երբ ստիպված ենք խախտել մեր կյանքի բնականոն ռիթմը, գրաֆիկը ու նստել տանը, ցավոք, առաջ են գալիս մի շարք առողջական՝ նիհարելու, քաշ հավաքելու, ինչու չէ, նաև հոգեբանական խնդիրներ»:

Այս ընթացքում շատ կարևոր է հետևել առողջությանն ու ճիշտ սկսել օրը։ Պակաս կարևոր չեն նաև այն մթերքները, որոնք մենք օգտագործում ենք օրվա ընթացքում։ Մարզիչները պնդում են, որ կարանտինի ընթացքում պետք է կարողանալ փոխել սննդային որոշ սովորություններ ու հրաժարվել որոշ մթերքների օգտագործումից․

Քնարիկ․ «Առաջին հերթին պետք է կարգավորել քնի ռեժիմը, որն այս օրերին մեծամասնության մոտ խախտվում է: Հնարավորինս խուսափել վատ սննդից՝ քաղցրավենիքներ, մակարոնեղեն, գազավորված ըմպելիք, Fast food և այլն։ Օգտագործեք իմունիտետը բարձրացնող մթերքներ, կարևորեք A, C, E վիտամինների օգտագործումը, ամեն օր կանաչ բանջարեղեն և ցիտրուսներ օգտագործեք, մի մոռացեք նաև մսեղենի մասին՝ շաբաթվա մեջ 2-3 անգամ ներառելով դրանք ձեր սննդակարգում: Չենք մոռանում նաև ջրի մասին։ Օգտագործեք մեծ քանակությամբ հեղուկ: Դիմադրողականության բարձրացման հոյակապ միջոց է նաև ամենօրյա զբոսանքը մաքուր օդին ու բնության հետ շփումը»:

Կարանտինի ընթացքում ավելորդ քաշ ունեցող և շատ նիհար մարդիկ, որոնք մինչ այդ հետևողականորեն պարապում էին մարզասրահներում ավելորդ քաշը կորցնելու և մկանային զանգվածն ավելացնելու համար, հիմա ստիպված են տանը մնալ, ինչի արդյունքում բախվում են պասիվ շարժվելուց և սխալ սնվելուց առաջացած խնդիրների հետ։ Քույրերն այդ հետևանքները կանխելու համար ունեն խորհուրդներ․

Ռոզա․ «Շաբաթական 2-3 անգամ 1 ժամ գոնե տրամադրեք ֆիզիկական վարժություններին, որպեսզի պահպանեք ձեր մարզավիճակը: Հրաշալի տարբերակ է առավոտյան վազքը, շնչառական մարմնամարզությունը, որի ընթացքում հարկավոր չեն հատուկ սարքեր կամ սպորտային պարագաներ: Մեր օրերում կարելի է համացանցի օգնությամբ գտնել շատ հեշտ, հասանելի վարժություններ, դե իհարկե, խորհրդակցելով ձեր մարզչի հետ, որպեսզի չվնասեք առողջությանը»։

Շատերը սպորտով զբաղվելուց հրաժարվելու համար որպես պատրվակ ընտրում են այն համոզմունքը, որ սպորտը չի կարող հաղթահարել գիրանալու գենետիկ հակվածությանը, բայց ինչպես պարզվում է, իրականությունը մի փոքր այլ է․

Քնարիկ․ «Անշուշտ, գենետիկան ունի իր ազդեցությունը ու գիրության գենետիկ փոխանցման հավանականությունը 40% է, բայց ինչպես ցույց են տվել մի շարք միջազգային հետազոտություններ, ֆիզիկական ակտիվությամբ կանոնավոր զբաղվելը կարող է նվազեցնել գենետիկական գործոնների բացասական ազդեցությունը»։

Սպորտով զբաղվելիս մարդիկ հաճախ մոռանում են, իրենց ֆիզիկական պատրաստվածությունը կամ տաիրքային առանձնահատկությունները հաշվի առնելով ընտրել վարժությունները, ինչն էլ հաճախ դառնում է զրոյական արդյունքների կամ վատագույն դեպքում՝ վնասվածքների պատճառ․

Ռոզա․ «Միանշանակ պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, որովհետև դրանք կարող են որոշիչ դեր խաղալ։ Հաճախորդին ցանկացած ֆիտնես ծրագիր առաջարկելիս մենք հաշվի ենք առնում նրա տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական կարողությունները ու պատրաստվածությունը»:

Մարդիկ անդադար բանավիճում են, թե օրվա ո՞ր ժամին է սպորտով զբաղելն ավելի արդյունավետ։ Այդ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ մեր այսօրվա հերոսուհիներից․

Քնարիկ․ «Այ դա բարդ հարց է։ Հաճախորդներն ունեն տարբեր գրաֆիկներ ու աշխատանքային ժամեր։ Սակայն մարզումներն ավելի նպատակահարմար է անցկացնել 10:00-13:00-ը և 17:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Երեկոյան մարզումները պետք է ավարտել քնելուց առնվազն 3-4 ժամ առաջ, որպեսզի մինչ այդ անցնի հուզական գրգռվածությունը»։

Ռոզան ու Քնարիկը հատուկ մեր ընթերցողների համար առաջարկեցին համեղ, բայց առողջարար ըմպելիքի բաղադրատոմս, որը հեշտությամբ կարելի է պատրաստել տանը:

«Այդպիսի ըպելիքների բաղադրատոմսերը շատ են, բայց այս պահին կառանձնացնենք այս օգտակար դետոքսը, որը ցանկալի է օգտագործել 5-7 օր առավոտյան ժամերին։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է 1 հատ բազուկ, 2 հատ միջին չափի գազար, նանա, 1 հատ խնձոր, 100-200 մլ ջուր։ Բոլոր բաղադրիչները պետք է հարել և խմել օրվա առաջին կեսին՝ ուտելուց 2 ժամ առաջ։ Այս ըմպելիքը շատ քիչ կալորիաներ է պարունակում, բայց միևնույն ժամանակ հագեցնող է։ Այն խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում քաշի նվազմանը, պաշտպանում է խոցի առաջացման վտանգից, կարգավորում է աղիների աշխատանքն ու բուժում քրոնիկական փորկապությունը»։

Առողջ կենսակերպի բանաձևը՝ քույրերի հետաքրքիր ձևակերպմամբ․

«Առողջ կենսակերպի դասական ձևակերպումն ասում է, որ դա ճիշտ սննդակարգն ու մշտական մարզումներն են, բայց մենք վստահ ենք, որ ամենակարևորը՝ ներքին ներդաշնակությունն է, սերը սեփական եսի հանդեպ և ձգտումը՝ լինել ինքդ քո լավագույն տարբերակը»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան