Sia-ն ներկայացրել է Դուա Լիպայի հետ գրված Saved my life նոր երգը, որի հասույթը կփոխանցվի կորոնավիրուսի դեմ պայքարին

Ավստրալացի երգչուհի Sia-ն համացանցում ներկայացրել է Saved my life նոր երգը: Ստեղծագործությունը գրվել է երգչուհի Դուա Լիպայի և պրոդյուսեր Գրեգ Քերստինի համահեղինակությամբ, հաղորդում է NME-ն։

Երգի պրեմիերան կայացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար դրամական միջոցներ հավաքող Americares բարեգործական կազմակերպության յութուբյան ալիքի եթերում:

Պարբերականի տեղեկություններով՝ ավելի ուշ Sia-ի ներկայացուցիչները հաստատել են, որ Saved my life-ի բոլոր եկամուտները կփոխանցեն այդ հիմնադրամին, ինչպես նաև CORE Response կազմակերպությանը:

Փետրվարին երգչուհին պատմել է, որ աշխատում է երկու ալբոմի վրա, սակայն նշել է, որ դրանք չի թողարկի, քանի դեռ չի ներկայացրել իր ֆիլմ-մյուզիքլը, որի վրա արդեն մի քանի տարի աշխատում է։
Երգչուհու վերջին՝ Everyday is Christmas ստուդիական ալբոմը թողարկվել է 2017 թվականին։