Ադելը հրապարակել է իր ծննդյան օրվա լուսանկարները․ երկրպագուները մեծ դժվարությամբ են ճանաչել նրան

Երեկ Ադելը տոնել է իր ծննդյան տարեդարձը։ Երգչուհին դարձել է 32 տարեկան: Հենց այս առիթով, չորս ամսվա դադարից հետո առաջին անգամ աստղը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում: Նկարում՝ Ադելը կարճ սև զգեստով և բարձրակրունկ կոշիկներով կանգնած է թարմ ծաղիկներով զարդարված շրջանակի ետևում: Ըստ երևույթին, լուսանկարը արվել է տնային մեկուսացման պայմաններում, որի ընթաքում մտերիմ ընկերները փոքրիկ խնջույք էին կազմակերպել երգչուհու համար:

«Շնորհակալ եմ զարմանալի ծննդյան օրվա համար: Հուսով եմ, որ այս խենթ ժամանակաշրջանում դուք կմնաք անվտանգ և առողջ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն բժիշկներին և մյուս աշխատակիցներին, ովքեր այժմ առաջնագծում են և իրենց կյանքը վտանգում են մեզ համար: Դուք մեր հրեշտակներն եք»,- լուսանկարին կից գրել է Ադելը: Երկրպագուները մեծ դժվարությամբ են ճանաչել իրենց կուռքին ու հիացել են նրա կամքի ուժով ու սլացիկ կազմվածքով։