Միլիարդների կորուստներ. ինչպե՞ս համավարակը հարվածեց Դիսնեյին

Ուոլթ Դիսնեյ կորպորացիան զեկուցել է կորոնավիրուսային համաճարակի հետ կապված ֆինանսական կորուստների մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը: 2020 թվականի առաջին եռամսյակում (որի ընթացքում վիրուսն արդեն տարածվել էր ամբողջ աշխարհում), ընկերությունը COVID-19-ի պատճառով կորցրեց մոտ 1,4 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, գումարի մեծ մասը՝ մոտ 1 միլիարդ դոլարի կորուստն առաջացավ թեմատիկ զբոսայգիների փակվելու և սպառողական ապրանքների գնումների նվազման պատճառով: Հիմնական վնասը Դիսնեյը կրել է Անահեյմի և Օրլանդոյի զբոսայգիների հարկադրված փակումից հետո։

Ստուդիական աշխատանքների սեգմենտի գործունեության եկամուտը նվազել է 8%-ով, քանի որ կորպորացիայի որոշ ֆիլմեր, հանգամանքների բերումով, վաղաժամկետ հեռացվել են էկրաններից կամ ընդհանրապես չեն հասել այնտեղ։ Դիսնեյի գործադիր տնօրեն Բոբ Չապեկը հայտնել է, որ սա աննախադեպ իրողություն է Դիսնեյի պատմության մեջ։ Բացի այդ, Չապեկը հայտարարել է Շանհայում թեմատիկ զբոսայգու մոտալուտ բացման մասին, որը պետք է տեղի ունենա մայիսի 11-ին: Այն առաջինն էր զբոսայգիների ցանկում, որոնք փակվել էին COVID-19-ի տարածման պատճառով: Գործադիր տնօրենը վստահեցրել է, որ Դիսնեյը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից և կորպորացիայի՝ ողջ աշխարհում բնակվող աշխատակիցները կկարողանան անցնել իրենց բնականոն կյանքին ու աշխատանքին։