Ռեյֆ Ֆայնսը Netflix-ի «Մաթիլդա» մյուզիքլում կմարմնավորի դպրոցի չար տնօրենի` Ագաթա Թրանչբոլի կերպարը

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսը Netflix-ի «Մաթիլդա» մյուզիքլում կմարմնավորի միսս Ագաթա Թրանչբոլի՝ տարրական դպրոցի չար տնօրենի կերպարը։ Ֆիլմը հիմնված կլինի անգլիացի գրող Ռոալդ Դալի համանուն գրքի վրա, հայտնում է Deadline-ը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ֆիլմի ռեժիսորը Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մեթյու Ուորչասն է։

Սցենարը կգրի Դենիս Քելին, որը 2010 թվականին այդ ստեղծագործության ադապտացման վրա աշխատել է Թիմ Մինչինիի հետ։ 2011 թվականին մյուզիքլը ցուցադրվել է Լոնդոնում, իսկ 2013-2017 թվականներին՝ Բրոդվեյում։

Հայտնի է, որ նախագծին կմասնակցի նաև «Սպանելով Եվային» սերիալի աստղ Ջոդի Քոմերը։ Նկարահանումների մեկնարկի ամսաթվի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Գիրքը Մաթիլդա անունով փոքրիկ աղջկա մասին է, ում ընտանիքում չեն սիրում հենց ծնված օրից։