Adana Project ռոք խումբը ներկայացրել է իր առաջին՝ «Վերադարձ» ալբոմը

Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, թողարկել է առաջին`«Վերադարձ» ալբոմը։ Ձայնասկավառակում տեղ են գտել «Արաքս», «Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Գարահիսար», «Զարթիր լաո», «Ճշմարտություն չկա ուրիշ», «Իմը չես, գիտեմ», «Իմ Էլինար» ստեղծագործությունները:
Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է:
Showbiz.am կայքի հետ զրույցում խմբի բոլոր անդամները պատմեցին իրենց նոր ալբոմի, հետաձգված գործերի և ապագա ծրագրերի մասին։

Adana Project ռոք խումբը ստեղծելու մտահղացումը պատկանում է Արիս և Արին Քարամյաններին։
«Մեր նպատակն է խումբը տանել դեպի միջազգային ասպարեզ, որպեսզի աշխարհին ներկայացնենք հայկական երգն ու մշակույթը մեթալ ժանրով, քանի որ այն ամբողջ աշխարհում մեծ տարածում և լսարան ունի»,- խմբի մասին պատմում է Արիսն ու հավելում․ «Անունը ընտրելիս երկար ենք մտածել։ «Ադանա» որոշեցինք, քանի որ այն իրենով արդեն բնութագրում է թե՛ հայոց պատմությունը, թե՛ ցեղասպանությունը, թե՛ մշակույթը։ Մեզ համար այն վերածննդի և հայրենադարձության խորհրդանիշն է»։
Առաջին ալբոմի անունը՝ «Վերադարձ», որոշել են երեքով՝ Արիսը, Արինը և պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, ում հետ հիմնադիրները ծանոթ են դեռ Իրանից, վաղեմի ընկերներ են։
««Վերադարձ», քանի որ հին և հայտնի երգերը վերադառնում են նոր շնչով։ Ինչպես նաև այն տեսանկյունից, որ մենք վերադարձանք դեպի հայրենիք և հենց հայրենիքում էլ ստեղծեցինք մեր Adana Project-ը»,-բացատրում է Արիսը։

Արին Քարամյանը նշում է, որ կարանտինի պատճառով հետաձգվեց ալբոմի շնորհանդեսին նվիրված համերգը ու ևս մի քանի համերգներ, չեղարկվեց նոր տեսահոլովակի նկարահանումը։ Արինը, ով նաև խմբի կոպպոզիտորն է,  շտապում է ուրախացնել խմբի երկրպագուներին՝ խոստանալով, որ նրանց սպասում են բազմաթիվ անակնկալներ։
«Կունենանք նոր դուետ, նոր տեսահոլովակ, աշխատելու ենք երկրորդ ձայնասկավառակի վրա, որի մեջ կլինեն մեր սեփական գործերը»,- հայտնում է հիմնադիրը։

Խոսելով այն մաին, թե որն է Adana Project ռոք խմբի գլխավոր առանձնահատկությունը Արիսը նշում է«Իմիջը, երաժշտական սիմֆոնիկ power metal ժանրը: Պահում ենք երգի մեղեդին և փոխում ենք միայն գործիքավորումը և հարմոնիան։ Փորձում ենք մեր երգերին այն շունչը տալ, որը կա միջազգային մեթալ աշխարհում»։
Արիս և Արին Քարամյանները անկեղծանում են՝ նշելով, թե ինչպիսի վիճակում է այսօր գտնվում ռոք երաժշտությունը։ Նրանք ասում է«Գլոբալ ռոք և մեթալ երաժշտությունը միշտ էլ բավականին լավ վիճակում է եղել, բայց եթե համեմատենք 80-ական, 90-ական թվականների հետ, այն կորցրել է իր թափը այսինքն՝ հիմա չի զգացվում նախկին ոգին ու շունչը։ Իսկ եթե նկատի ունեք Հայաստանում ինչ վիճակ է, ապա մենք ունեցել և ունենք շատ հայտնի խմբեր, որոնք որակը պահպանում են, և շատ ավելի նոր խմբեր նրանցից ոգեշնչված շարունակում են իրենց ստեղծած ճանապարհը։ Ցավոք, հիմա այն տեղը և գնահատականը, որ պետք է տրվի ռոք ժանրին բավարար չէ։ Մենք փորձում ենք միախառնելով հայկական մշակույթը ռոք երաժշտության հետ հնարավորինս լսելի դարձնել հասարակությանը»։

Խմբի մեներգչուհի Մանե Տոնոյանը, պատմելով, թե ինչպես ստացվեց իր համագործակցությունը Adana Project ռոք խմբի հետ, ասում է․ «Ես այդ ժամանակ սովորում էի «Հայաստանի երգի պետական թատրոնում», որտեղ ամեն տարի անցկացվում էր «Ամենից ամենա մրցույթը»։ Մի տարի այդ մրցույթից հետո իմ համակուրսեցին առաջարկեց մասնակցել Adana Project-ի քասթինգին, որտեղ հայրենասիրական երգերը ներկայացվում են մեթալ ռոք տարբերակով։ Ինձ այս ամենը, անկեղծ ասած, հետաքրքրեց։ Ճիշտ է՝ չէի պատկերացնում, որ կարող եմ օրերից մի օր ռոք երգել, բայց գնացի։ Հասկացան, որ ինձ մոտ ստացվում է, և արդեն 4 տարի է, ինչ ես խմբի հետ եմ»։
Մանեն բավականին յուրօրինակ ձայն ունի, որը հետաքրքիր ու գրավիչ է շատերի համար։ Ինքը՝ երգչուհին, իրեն միշտ պատկերացրել է ջազ-բլյուզ ժանրում, և սկզբում նրա մոտ ռոքը բավականին դժվար էր ստացվում, սակայն հիմա երգչուհին պնդում է, որ այլևս իր առջև չի դնում ժանրային ոչ մի սահմանափակում։
Խոսելով Adana Project-ի առանձնահատկության մասին՝ Մանեն նշում է, որ իրենք անում այն, ինչ կա իրենց հոգու ու արյան մեջ, չեն փորձում ոչինչ դարձնել կուսակցական, կապ չունեն ոչ մի կուսակցության հետ, նրանց գլխավոր նպատակն է մարդկանց մեջ ավելացնել հայրենասիրությունը։

Մանեն այդքան էլ դրական չի գնահատում ռոք երաժշտության վիճակը Հայաստանում։
«Ինքս գիտեմ, որ Հայաստանում ռոք այդքան էլ չեն լսում, ոչ բոլորն են հասկանում ռոք ասվածը, որովհետև այն ունի բազում ճյուղեր ու այդ ճյուղերից մեկն էլ հենց մենք ենք։ Մենք մեր լսարանն ունենք, բայց իհարկե, Հայաստանում ռոքն այդքան էլ չկա ու մեր նպատակն է շատերին հետաքրքրել հայրենասիրական ռոք հասկացությամբ»,-ասում է Մանեն։


Ներկայացնել արդեն հայտնի երգերը նոր մոտեցմամբ բավականին դժվար ու պատասխանատու է։
Խմբի կիթառահար Պատրիկ Ավետիսյանը նշում է,այն հիմնական չափանիշերը, խնդիրները, որոնք նրանք սահմանել էին իրենց համար․
«Այո, սա իսկապես դժվարին և պատասխանատու քայլ էր մեր կողմից։ Օրինակ, Կոմիտասի ստեղծագործությունների հետ բավականին մեծ պատասխանատվությամբ և լարվածությամբ ենք աշխատել, նամանավանդ «Գարուն» և «Հով արեք, սարեր» երգերը։ Մենք մեր առջև դրել ենք շատ կարևոր խնդիր այն է՝ ամեն մի նոր ստեղծվող երգ պետք է գերազանցի նախորդին։
Յուրաքանչյուր երգ չի, որ կարելի է ներկայացնել մեր ընտրած ժանրով։ Մեզ համար ի սկզբանե որոշել էինք, որ պետք է պահել երգի մեղեդին և միայն գործիքավորումն ու հարմոնիան փոխել»։

Խմբի կիթառահարը նաև խոստովանում է, որ նոր ալբոմի ստեղծման ճանապարհին եղել են դժվարություններ և խոչընդոտներ․«Այո, եղել են բավականին դժվարություններ օրինակ՝ երգ որոշելն ու մշակելը կամ մեր աշխատանքային գրաֆիկը։ Քանի որ բոլորս նույն նպատակն ունենք և շատ լավ հասկանում ենք իրար, շատ հեշտությամբ ենք հաղթահարում բոլոր խնդիրները։ Չնայած ամենամեծ խոչնդոտը Covid-19-ի խիստ սահմանափակումն էր, որի պատճառով մեր ալբոմի շնորհանդեսը հետաձգվեց»։

Պատրիկը դժվարությամբ է կարողանում պատասխանել այն հարցին, թե այսօր լսարանին ինչպիսի երաժշտություն է հետաքրքում, և ինչի պակասն է զգացվում մեր երգարվեստում։ Նա կարծում է, որ ամեն մարդ ունի յուրովի ( յուրահատուկ ) ճաշակ և լսում է այն, ինչն իր ներքին աշխարհին է համապատասխանում։
«Օրինակ ես շատ տարբեր տեսակի երաժշտություն եմ լսել երբ էլեկտրնիկ ոճը խառնված է ֆոլկ երաժշտության հետ կամ հնդկական ֆոլկ երգերը ջազային տարբերակով են մատուցվել։ Ինձ համար նոր ոճը հետաքրքիր է։ Իմ կարծիքով Հայաստանում սկսվել է այդ ժամանակակից մոտեցումը՝ տարբեր ոճերի միաձուլումը, որն ինձ շատ հաճելի է։ Կան շատ ժամանակակից արտիստներ Հայաստանում, որոնց հետևում եմ և հավանում եմ մոտեցումը»,-ասում է կիթառահարը։

Ի տարբերություն Պատրիկի՝ խմբի մյուս կիթառահարը՝ Ռոման Մնացականյանը, այդքան էլ դրական չի գնահատում այսօրվա երգարվեստի վիճակը։
«Չեմ ուզում վատաբանել այսօրվա մեր երգարվեստը, բայց կուզենայի նշել մի քանի բան։ Տաղանդավոր երգիչների և երաժիշտների պակաս ընդհանրապես չեմ տեսնում Հայաստանում։ Իրոք, շատ են, բայց շատ քչերն են, որ կարողանում են տարբերվել և ցուցադրել սեփական ուժերը՝ տարբեր պատճառներով։ Տարբերվել ասելով՝ նկատի ունեմ օգտագործել տաղանդը ճիշտ ուղղությամբ, որտեղ մարդը գտնում է ինքն իրեն, այլ ոչ թե այն ուղղությամբ, որ թելադրում է «մոդան»։ Ես չեմ մատնանշում ընդհանրապես ոչ ոքի, պարզապես, համացանցը շատ հարուստ է տարբեր տեսակի տեսաձայնագրություններով, որտեղ ես տեսնում եմ նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնց ընդհանրապես չեմ ճանաչում, բայց անտարբեր չեմ կարողանում անցնել իրենց տաղանդի կողքով։ Իմ կարծիքով, եթե մարդը սիրում է իր գործը և մատուցում է իր ստեղծած արտադրանքը ամենայն անկեղծությամբ՝ այնպես, ինչպես նա է զգում, ուրեմն հենց նա էլ վաղը նորաձևություն կթելադրի։ Անկեղծությունն է պակասում մեր երգարվեստում»,-ասում է Ռոմանը։ Ռոմանն արդեն 1 տարի է, ինչ համագործակցում է Adana Project-ի հետ և հավատացնում է, որ խմբի հետ միասին նրա աշխատանքը դեռ երկար կտևի։ Նրա համագործակցությունը Adana Project  խմբի հետ ստացվել է պատահաբար, ընդհանուր ծանոթի միջոցով։
«Շատ եմ սիրում ազգային և ռազմահայրենասիրական երգերը վերարտադրել այլ ոճով (տվյալ պարագայում` ռոք)։ Նախկինում նույնիսկ արել եմ ձայնագրություններ տան պայմաններում։ Ինձ շատ հոգեհարազատ թվաց Adana Project-ի ոճը, և ես որոշեցի անկասկած փորձել ուժերս»,-կիսվում է հիշողություններով կիթառահարը։

Խոսելով ապագա ծրագրերի մասին Ռոմանը հայտնում է«Աշխատելու ենք մեր խոսքն աշխարհին հասցնելու և, այսպես ասած, արևի տակ մեր տեղն ունենալու, համաշխարհային մեծ բեմերին արժանանալու ուղղությամբ։ Ցանկացած արտիստի համար ամենակարևորն այն է, որ իր խոսքը հասանելի և հասկանալի դառնա բոլորի համար»։

Խմբի բասկիթառահար Գեղամ Ղազարյանը լուսանկարիչ է։ Խմբի հետ համագործակցության առաջակը ստացել է հենց Արին Քարամյանից, ում հետ նրանք վաղեմի ընկերներ են։ Գեղամը կարծում է, որ նոր սերունդը ավելի հաճույքով լսում է ռոք երաժշտությունը, այլ ոչ թե մեր հին, սիրային ու ժողովրդական երգերը, իսկ  Adana Project -ի անդամները, իմանալով լսարանի ճաշակը, համադրում է ռոքն ու հին երգերը։
 «Այսօր երգարվեստում երգերի և երաժշտությունների ընտրության ու ճաշակի  համեմատության պակաս է զգացվում»,- նշում է բասկիթառահարը։
Adana Project ռոք խմբի առաջին`«Վերադարձ» ալբոմի երգերից համացանցում արդեն տեղի է ունեցել «Արաքս» երգի պրեմիերան, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Adana Project ռոք խմբի «Վերադարձ» ալբոմի թիզերը նույնպես արդեն հասանելի է համացանցում։ Խումբը սիրված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս ու բազմաթիվ առաջարկներ է ստանում արտերկրից։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան