Կորոնավիրուսի համավարակի հետևանքով չեղարկվել է Եվրոպայի խոշորագույն կառնավալը

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով չեղարկվել է Եվրոպայի խոշորագույն փողոցային կառնավալը, որն ամեն տարի անցկացվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, գրում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 1966 թվականից ի վեր ամեն տարի օգոստոսի 30-ին և 31-ին Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասի փողոցներում անցկացվող այս միջոցառումն առաջին անգամ է չեղարկվում։ Այն ամեն տարի միլիոնավոր մասնակից ու հանդիսատես է ունենում։

Նշվում է, որ կազմակերպիչները «ռազմավարական գործընկերների և խորհրդատուների հետ» փառատոնի անցկացման այընտրանքային եղանակներ են փնտրել, սակայն «այցելուների առողջությունն առաջին տեղում դասելով»՝ որոշել են, այնուամենայնիվ, չեղարկել այն։

Փառատոնի պաշտոնական կայքում նշվում է, որ «նոթինգհիլյան փառատոնը ստեղծվել է դժվարին ժամանակներում մարդկանց համախմբելու համար, և այդ ավանդույթը շարունակական է լինելու»։