Անի Քոչարյանը՝ սպասվելիք պրեմիերաների, իր ու ընտանիքի ինքնամեկուսացած առօրյայի և այլ թեմաների մասին

Դերասանուհի Անի Քոչարյանը զբաղված է նոր ներկայացումներում և հեռուստանախագծերում։ Վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում մեր երկրում նույնպես դադարեցվեցին ներկայացումներն ու հեռուստասերիալների նկարահանումները։ Սիրված դերասանուհին, ինչպես բոլոր հայ կանայք, իր առօրյայի մեծ մասն այժմ նվիրում է ամուսնուն ու որդուն և փորձում տնային մեկուսացման հանգամանքներն հօգուտ ընտանիքի օգտագործել։ ShowBiz.am-ի հետ զրույցում թատրոնի ու կինոյի դերասանուհին պատմել է իր ու ընտանիքի կարանտինային առօրյայի, ներկայացումների, հետաձգված պրեմիերաների, սիրելի զբաղմունքների ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Քանի որ այս շրջանը ազդեց գրեթե բոլոր ոլորտների վրա, անմասն չմնացին թատրոնները։ Դերասանները ստիպված են անժամկետ հեռու մնալ իրենց հարազատ բեմերից ու սիրելի հանդիսատեսից։ Որոշ ժամանակով դադարեցվեցին նաև սերիալների ու հեռուստատեսային նախագծերի նկարահանումները։ Այդ ամենի մասին Անի Քոչարյանը պատմում է․ «Թատրոնում երկու ներկայացման պրեմիերա ունեինք, որոնցից մեկը պետք է լիներ ապրիլի սկզբին։ Դա Հակոբ Ղազանչյանի ներկայացման պրեմիերան էր ու պետք է տեղի ունենար փոքր դահլիճում։ Իսկ դրանից մեկ ամիս հետո՝ մայիսին, նախատեսում էինք երկրորդ ներկայացման պրեմիերան։ Ես երկու ներկայացումներում էլ զբաղված էի։ Այս պահին դրանք չեղարկվեցին, իսկ մյուս բոլոր ներկայացումներն էլ առայժմ հետաձգված են։ Իհարկե երբ դեռ թույլատրվում էր, շատ զգուշորեն աշխատում էինք, շարունակում նկարահանումները՝ պահելով անվտանգության բոլոր նորմերը։

Համընդհանուր մեկուսացումը փոխեց բոլորի կյանքի ռիթմը ու դերասանուհին այժմ ավելի շատ է տանը լինում․ «Ասեմ, որ իմ տանը լինելու համար, ինձնից շատ ուրախացել են ընտանիքիս անդամները։ Տղաս է շատ ուրախացել, որ ես վերջապես տանն եմ։ Ժամանակի սուղ լինելու պատճառով, ես քիչ էի տանը լինում ու չէի կարողանում հասցնել պատրաստել այն ճաշատեսակները, որոնք որդիս սիրում է։ Իսկ հիմա ամեն օր թխվածքներով, աղցաններով ու կերակուրներով փորձում եմ այդ բացերը լրացնել։ Տղայիս տարիքում տանը մնալը շատ դժվար է ու ես զարմացա, որ նա կարողանում է լուռ, առանց տրտնջալու հաղթահարել տնային մեկուսացումը։ Նա կես կատակ, կես լուրջ մի արտահայտություն արեց՝ ասելով․ «Սիրեցի էս կորոնավիրուսը, մամա, որովհետև հիմա իմ սիրած բոլոր ճաշատեսակները դու ինձ համար պատրաստում ես»։

Թեև վարակի տարածումը շատ բացասական հետևանքներ ունեցավ ողջ աշխարհի վրա, Անի Քոչարյանը նկատում է, որ մարդիկ ավելի շատ սկսեցին հոգ տանել միմյանց մասին, ընտանիքներում սկսեցին ավելի շատ խոսել ու իրար հասկանալ․ «Գիտեք՝ իր բոլոր մինուսների հետ կորոնավիրուսը բերեց մի դրական երևույթ՝ մենք սկսեցինք ավելի շատ շփվել մեր ընտանիքի անդամների հետ։ Դա այն էր, ինչ մեզ պակասում էր, որովհետև մեր բնականոն կյանքի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը ուշ տուն էր վերադառնում՝ արդեն իսկ հոգնած, ու իր հոգսերով առանձնանում էր իր սենյակում։ Այդ պայմաններում ընտանեկան շփումը շատ քիչ էր։ Իսկ հիմա մենք շատ ենք շփվում, զրուցում տարբեր թեմաների շուրջ, ջերմությունն իրար հանդեպ ավելի է շատացել։ Իր բոլոր բացասական ու վտանգավոր հետևանքների հետ միասին համավարակը մեզ տվեց մեկս մյուսին ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն»։

Հարցին, թե ո՞րը կլինի առաջին բանը, որ կցանկանա անել, երբ ավարտվի այս համընդհանուր կարանտինը ու ամեն բան իր տեղն ընկնի, դերասանուհին առանց վարանելու պատասխնում է․ «Ես կցանկանայի ներկայացում խաղալ։ Բոլորս ենք դրան կարոտել, որովհետև դերասանի համար բեմն այլ բան է»։

Աշխատանքից դուրս Անի Քոչարյանը ունի շատ այլ հետաքրքիր զբաղմունքներ ևս․ «Սիրում եմ նվագել։ Երբ տանն եմ, նստում եմ դաշնամուրի մոտ ու առանձնանում ինքս ինձ հետ։ Քանի որ կարդալու ու ֆիլմեր դիտելու ժամանակը մինչ այս իրավիճակը ինձ չէր բավականացնում, հիմա նաև դրանց եմ կարողանում շատ ժամանակ տրամադրել։ Առաջ բոլոր տեքստերի, սցենարների ու պիեսների ընթերցումից հետո արդեն իսկ հոգնած վերադառնում էի տուն ու չէի ուզում նույնիսկ մի տող ավել կարդալ, որովհետև թե՛ աչքերս էին հոգնած, թե՛ ինքս էի գերհոգնած։ Այն ժամանակ երբեմն հասցնում էի տանը գիրք կարդալ, իսկ հիմա հաճախ եմ կարդում, նվագում եմ ու շատ եմ սիրում քայլել։ Շատ եմ սիրում քայլել, ոտքով երկար թափառել ու քանի որ հիմա այլևս տնից դուրս գալու արգելք չկա, արդեն կարելի է հանգիստ զբոսնել։ Ես ու ընկերուհիս՝ դերասանուհի Զարուհի Խաչատրյանը շատ ենք սիրում քայլել, ու արդեն որոշել ենք միասին դուրս գալ և շրջել»։

Յուրաքանչյուր դերասան պարզ հիշում է իր կերտած բոլոր կերպարները, որովհետև նա դրանց հետ յուրահատուկ ուղի է անցնում։ Բայց, երևի, ամեն արտիստ իր սրտի մի անկյունում ունի մի կերպար, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունի․ «Պետք է նշեմ, որ իմ կերտած անխտիր բոլոր կերպարները ես շատ եմ սիրում, դրանք բոլորն էլ իմն են։ Ես շատ տարբեր ու հետաքրքիր դերեր եմ կերտել։ Բայց դեռ շատ վաղուց ինձ համար առանձնացրել եմ Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» ներկայացման մեջ Ֆերրի կերպարը։ Այդ կերպարն ու ներկայացումը շատ եմ կարոտում, ու ոչ միայն ես, այլ նաև ներկայացման մեջ զբաղված բոլոր դերասանները։ Մենք իսկապես շատ ենք կարոտում այդ ներկայացումը»։

Հարցին, թե արդյո՞ք ունի ինչ-որ կերպար կերտելու երազանք, դերասանուհին նշում է․ «Ես փործում եմ չերազել որևէ բանի մասին։ Սիրում եմ, որ կյանքն ինձ անակնկալներ է մատուցում ։ Երազել չեմ սիրում, որովհետև եթե երազանքս չի կատարվում, ես տխրում եմ»։

Անի Քոչարյանը իր դերասանական երկարամյա կարիերայի ընթացքում կերտել է բազմաթիվ կերպարներ ու հիմա չի պատկերացնում, թե ինչպես կարող էր այլ մասնագիտություն ընտրել, բայց նշում է․ «Միգուցե երգչուհի դառնայի, բայց համոզված եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեի, կապված էի լինելու բեմի հետ։ Առավել ևս հիմա համոզված եմ, որ այլ բան չէի կարող ընտրել»։

Բազմամյա փորձ ունեցող դերասանուհին կարծում է, որ դերասանական կարիերայի մասին երազող երիտասարդները պետք պատրաստ լինեն հանուն երազանքի մասնագիտության հաղթահարել շատ դժվարություններ․ «Բայց ամենակարևորն այն է, որ հստակ գիտակցեն՝ արդյո՞ք ունեն այն բնատուր շնորհը, որն իրենց կօգնի լավ դերասան դառնալու համար։ Երիտասարդները նախ պետք է հասկանան, թե դա արդյո՞ք իրենցն է, որովհետև միայն ցանկությունը շատ քիչ է։ Սա այն մասնագիտությունը չէ, որ կարող ես ասել «ուզում եմ դառնալ» ու դառնաս։ Լուսահոգի Կարպ Խաչվանքյանը, ով նաև իմ ուսուցիչն է եղել, մի շատ խելացի ու ճիշտ խոսք ուներ՝ ասում էր․ «Կարող եմ տասը տարի կարդալ ու սովորել՝ դառնալ բժիշկ, կարող եմ սովորել, կարդալ՝ դառնալ իրավաբան, բայց նույնիսկ հիսուն տարի կարդալով դերասան չեն դառնում»։ Դերասանին իր ծնողներն են ստեղծում, մարդը ծնվում է բնատուր տաղանդով ։ Դրա համար երիտասարդները պետք է հասկանան, արդյո՞ք իրենք կան այդտեղ, որովհետև դերասանի աշխատանքը թվացյալ շատ հեշտ է, բայց այն շատ բարդ է՝ բոլոր առումներով։ Դու պետք է քո ներսում արդեն ունենաս այդ արտիստին, որպեսզի կարողանաս գնալ այդ ճանապարհով ու հաջողել։ Երբ քո մեջ կա այդ տաղանդը, դու կարող ես հաղթահարել բոլոր դժվարությունները ու ամուր գետնին կանգնած լինելով՝ գնալ առաջ։ Բայց եթե դա մարդու մեջ չկա, որքան էլ որ փորձի ամեն ինչ անել՝ սովորել, կարդալ, գնալ աշխատել որպես դերասան, միևնույնն է, արտիստ չի դառնալու։ Այդ ամենը նման է, երբ մարդը, ով համապատասխան ձայն ու լսողություն չունի, որոշում է երգիչ դառնալ, իհարկե այդպիսի դեպքեր կան, բայց երգչի դեպքում կա «ֆոնոգրամա» ասվածը և ձայնագրման տեխնիկաներն այնքան զարգացած են, որ ցանկացած սխալ հնչող նոտա կարելի է ուղղել ու ձայնագրության մեջ շտկել։ Իսկ մեր մասնագիտության մեջ վարագույրը բացվում է, դերասանը բեմում է ու ամեն ինչ ակնհայտ երևում է։ Բեմի վրա դու որևէ բան չես կարող թաքցնել, նույն էլ հեռուստաէկրանի դեպքում։ Երբ դու բեմի վրա ես կամ կադրում, հեռուստադիտողի ու հանդիսատեսի համար ամեն ինչ նույն վայրկյանին արդեն պարզ է դառնում ու դու որևէ բան ուղղելու հնարավորություն չունես։ Հիմա բոլորն էլ տարբերում են լավ խաղն ու պրոֆեսիոնալիզմը վատ խաղից ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան