Բիլի Այլիշը նոր հաղորդում է սկսում իր հայրիկի հետ, որտեղ ներկայացնելու է իրենց սիրելի երգերը

Բիլի Այլիշի երկրպագուները հնարավորություն ունեն ավելի ամբողջական պատկերացում ստանալ այն մասին, թե ինչ երաժշտության հնչյունների ներքո է մեծացել Ալիշը։ Apple Music-ի նոր երաժշտական «Me & Dad Radio» հեղինակային շոուի ժամանակ՝ 18-ամյա փոփ աստղը և նրա հայրը՝ Պատրիկ Օ’Քոնելին խոսելու են իրենց սիրելի երգերից ու ներկայացնելու են տարբեր սերունդների երգացանկեր:

«Հայրս է ինձ համար բացահայտել իմ սիրած երգերից մի քանիսը, ես պարտքի տակ չմնացի և նրան առաջարկեցի երգեր, որոնք նա հիմա շատ է սիրում»,- կիսվել է երգչուհին Apple-ի հետ հարցազրույցում: Նախատեսված վեց հաղորդումներից առաջինը կհրապարակվի Apple Music-ում այսօր՝ մայիսի 8-ին: Ռադիոյի երգացանկերը հնարավոր կլինի ներբեռնել: