«Այս օրերին որոշ չափով դարձել եմ խոհարար»․ Նարե Գրիգորյանի ընտանեկան առօրյան, հետաձգված պլաններն ու սպասվող անակնկալը

Երգչուհի Նարե Գրիգորյանն ու ամուսինը՝ իրավաբան Արամ Շամիլյանը, այս օրերին շատերի պես գտնվում են կարանտինի մեջ և իրենց ժամանակի հիմնական մասը տրամադրում ենփոքրիկ Ժիրայր-Ալեքսի խնամքին ու դաստիարակությանը։

Երգչուհին ShowBiz.am-ի հետ զրույցում պատմեց իրենց ընտանիքի կարանտինային առօրյայից, երեխայի խնամքից, խոսեց վիրուսի դեմ պայքարի իր միջոցներից, ինչպես նաև բացահայտեց սպասվող երաժշտական անակնկալի մասին։

Չարաբաստիկ վիրուսի ու դրա հետևանքների մասին խոսելիս երգչուհին նշեց․ «Իրականում սա մարդկանց համար մեծ փորձություն էր ու երկրորդ շանսը՝ ինչ-որ չափով իրենց կյանքը վերաարժևորելու համար։ Տանը մնալու ընթացքում մեր կյանքը իրոք շատ փոխվեց։ Միայն սոցկայքերին հետևելով՝ կարելի է նկատել, թե մարդկանց կյանքը ինչքան է տարբերվում առաջվանից։ Ես ճանաչում եմ կոնկրետ մարդկանց, ինչու չէ՞ նաև ինձ վրա էլ կարող եմ օրինակ բերել, թե ինչքան բան է ինձ մոտ փոխվել, ինչքան բան է այն փոխել իմ ընկերների՝ թե՛ ապրելակերպի և թե՛ մտածողության մեջ։ Մենք նույնիսկ կարող է չնկատենք էլ մեր շուրջը կատարվող փոփոխությունները, բայց եթե հետ գնանք երկու ամիս, ապա կտեսնենք, թե մեր ներկայիս կյանքը որքանով է տարբերվում նախորդից։ Այս ընթացքում բոլորս էլ ինչ-որ նոր բան սովորեցինք, բոլորս էլ սկսեցինք գնահատել, այն ինչն ունենք, գնահատել մեկս մյուսին, սկսեցինք ուշադրություն դարձնել այն մանրուքներին, որոնց առաջ ուղղակի չէինք էլ նկատում»։

Երգչուհին զրույցի ընթացքում պատմեց, որ չնայած նրան, որ ինքը նախկինում երբեք մեծ սեր չի ունեցել խոհանոցի հանդեպ, սակայն ինչպես շատ շատերն այսօր, նա նույնպես դարձել է որոշ չափով խոհարար․«Ու հետաքրքիրն այն է, որ պատրաստում եմ այնպիսի ուտելիքներ, որն առաջ նույնիսկ մտքովս էլ չէր անցնի, որ կկարողանամ պատրաստել։ Ու սոցցանցերում հետևելով ընկերներիս՝ տեսնում եմ, որ նրանք էլ, նախկինում կապ չունենալով խոհանոցի հետ, սկսել են շատ լավ պատրաստել»։

Նարեն պատմեց, որ իր ժամանակի հիմնական մասը տրամադրում է փոքրիկ որդու խնամքին․ «Ես քանի որ տանը ունեմ փոքրիկ բալիկ, ով իմ կարիքը շատ ունի, նա ինձ թույլ չի տալիս երկար ժամանակով ձանձրանալ։ Ես գրեթե ամբողջ օրը զբաղված եմ փոքրիկի խնամքով, ու նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ, որ այս իրավիճակն ինձ պետք էր, որպեսզի ես կարողանայի ավելի շատ ժամանակ հատկացնել իմ երեխային։ Երբ նա դեռ երկուսուկես ամսական էր, գործի բերումով ես սկսեցի դուրս գալ տանից և գնալ աշխատանքի, քիչ էի ժամանակ անցկացնում բալիկիս հետ, շատ հաճախ նույնիսկ կարոտում էի, այնպես որ այս ժամանակահատվածը ճիշտ օգտագործելու իսկական պահն է»։

Առողջությունը պահպանելու և իմունիտետը ամրապնդելու համար Նարեն ևս՝ ընտանիքի հետ միասինհետաքրքիր միջոցներ է ձեռք առնում։  «Բավական երկար ժամանակ է՝ օգտագործում ենք ձկան յուղ, որն օգնում է բարձրացնել իմունիտետը։ Բացի այդ էլ, ընկերներս էլ կարող են փաստել, ես արդեն երկար տարիներ է օգտագործում եմ կոճապղպեղ, որը շատ օգտակար և բուժիչ հատկություններ ունի։ Իրականում սրանք հեքիաթներ չեն, առողջությանը հարկավոր է լրջորեն հետևել»։

Հայաստանում վիրուսի տարածումն ու կարանտինը շատերի մոտ խուճապ առաջացրեց, ոմանք նույնիսկ շտապեցին իրենց պահեստային ապրանքներով ապահովելու, ինչի արդյունքում խանութներում անմարդկային հերթեր էին գոյանում։ Այս իրավիճակի մասին երգչուհին իր պատկերացումներն ու կարծիք ունի․ «Գիտեք, ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր պահեստային սննդով սկսեցին իրենց ապահովել։ Մի պահ Հայաստանում իսկապես խուճապ սկսվեց, խանութներում հսկայական հերթեր էին գոյանում ու բոլորը փորձում էին իրենց ապահովել պահեստային մի շարք մթերքներով։ Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր տեսել են 90-ականների ծանր տարիները, հենց նրանք էլ փորձել են իրենց գոնե մի փոքր ապահովել։ Նրանց իրոք չի կարելի մեղադրել՝ մանավանդ հաշվի առնելով մեր երկրի դիրքը և այն փաստը, որ մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որոնց հետ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունենք»։

Ինչպես շատերի մոտ, երգչուհու մոտ ևս պլանների փոփոխություններ եղան․ դրանց մի մասը չեղարկվեց, մի մասն էլ անժամանակ հետաձգվեց։ «Մոտ երկու տարի առաջ իմ մտերիմներից մեկն ինձ երգ նվիրեց, ես էլ խոստացա այն կյանքի կոչել։ Սակայն ինձնից երկու տարի պահանջվեց, որպեսզի ես կարողանամ ժամանակ գտնել ու այդ երգով զբաղվել, քանի որ ունեի այլ հեղինակային երգեր, որոնցից մեկով էլ նաև հետո տեսահոլովակ նկարահանվեց։ Հիմա տեխնոլոգիաները թույլ են տալիս հեռավորության վրա էլ մեր աշխատանքը կազմակերպել, այնպես որ փորձում եմ տանից էլ գործերս շարունակել, հիմա մնում է միայն բուն ձայնագրության գործընթացը, որն էլ արդեն ավարտին կհասցնեմ, երբ այս ամենը վերջանա։ Այնպես որ՝ իմ հանդիսատեսին մի փոքրիկ անակնկալ է սպասում, նրանք ինձ կտեսնեն այլ ոճի մեջ»,- ոգևորությամբ պատմում է երգչուհին։

Կարանտինը նաև մեզ հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ անցկացնել մեր ընտանիքի անդամների հետ։ Շատ ժամանակ գործի բերումով կամ այլ հանգամանքներ հաշվի առնելով մենք չէինք կարողանում տանը մնալ և հարազատներին բավարար ժամանակ հատկացնել։ Հիմա մենք այդ հնարավորությունն ունենք։ Սակայն այս ամենի կողքին բազմաթիվ են վիրուսի հասցրած վնասները։ Հսկայական կորուստների հետ մեկտեղ գրեթե վերացել է մարդկային շփումը։ «Ես ամբողջ ձմեռ սպասել եմ, թե երբ են օրերը տաքանալու, որ կարողանամ փոքրիկիս հետ դուրս գալ զբոսնելու, ես տանել չեմ կարողանում ձյունն ու ձմեռը ու իրոք անհամբեր սպասում էի գարնանը, բայց ինչպես տեսնում ենք եղավ այն, ինչ եղավ, հիմա կրկին ստիպված ենք տանը փակված մնալ»,- պատմում է Նարե Գրիգորյանը և հավելում, որ երեխայի խնամքի հարցում ամուսինը՝ Արամը, ևս շատ մեծ դեր ունի․ «Նա ամեն հարցում փորձում է ինձ աջակցել, ու ես դրա համար շատ շնորհակալ եմ, քանի որ կարծում եմ միայնակ չէի կարողանա գլուխ հանել։ Մենք քանի որ առանձին ենք ապրում, ամեն հարց ընկնում է մեր ուսերին՝ տան հոգսեր, երեխան, ինչպես նաև այն, որ ես կին եմ ու ևս խնամքի ու ուշադրության կարիք ունեմ»։

Կյանքի այս պայմաններն իր հետ նաև սթրեսային իրավիճակներ է ստեղծում․«Քանի որ մենք սովոր ենք դրսի կյանքին, անընդհատ տանը նստելը չէր կարող անհետևանք մնալ։ Իհարկե լինում են վեճեր ու տարաձայնություններ, առանց դրանց անհնար կլիներ, բայց դրա հետ մեկտեղ հասկանում ենք, թե մենք հիմա ինչի համար ենք գտնվում տանը։ Պետք չէ անընդհատ բողոքել և բացասաբար տրամադրվել, եթե մենք կարող ենք տանը մնալով թեկուզ մի փոքր օգուտ տալ, ապա ինչու՞ չանենք»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան