«Ես, պարզապես, շատ եմ ուտում՝ ավելի շատ, քան երբևէ»․ Հակոբ Հակոբյանը՝ կարանտինի և նոր երգի, տեսահոլովակի մասին

Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի դուետը ձևավորվել է Քառօրյա պատերազմի շրջանում, երբ  տղաները գործիքավորելով «Ախպերս ու ես» երգը, մեքենայում երգելու ընթացքում նկարահանված հոլովակը տեղադրեցին ֆեյսբուքում: Արդեն մեկ օր անց անսպասելի մեծ և դրական արձագանքը վկայեց, որ հաջորդ երգը շատ սպասված պիտի լինի: Այսօր այս դուետը սիրված է երկրպագուների կողմից։ Արտիստները պարբերաբար ուրախացնում են իրենց հետևորդներին նոր երգերով ու հետաքրքիր տեսահոլովակներով։

Միշտ դրական և հումորով Հակոբ Հակոբյանն անգամ կարանտինային պայմաններում պահպանում է իր լավատեսությունը, ամեն կերպ աշխատում պահել լավ տրամադրությունն ու ուրախացնել սիրելի երկրպագուներին։ Կարանտինային ռեժիմի հետևանքով, սակայն, հետաձգվել են նաև նրանց ծրագրերը։
Այդ մասին Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Հակոբը, ով խոստովանում է, որ շատ բան կանգ է առել՝ մշտական պարապմունքները, ձայնագրությունները․․․ Սակայն այս ամենը չի խանգարում երգիչներին անակնկալ պատրաստել երկրպագուների համար։
«Մենք չենք հանձնվում, հանդիպել ենք արդեն գործիքավորողների՝ Կարենի և Սևակի հետ, նոր երգը ճանապարհին է»,- խոստանում է երգիչը։

«Կարանտինի ընթացքը, երբեմն, դառնում է անկառավարելի, սարսափելի դժվար: Փորձում եմ ամեն րոպե ինչ-որ բան կազմակերպել ինքս ինձ համար, նույնիսկ սերիալ եմ դիտում ամերիկյան շատ հետաքրքիր հիմարություն է»,- խոստովանում է Հակոբն ու հավելում․ «Փորձում եմ նաև կարդալ, ավելին իմանալ, մնացած ժամերն էլ համացանցն է տանում: Արմենի հետ Տիկ-տոկ ի համար վիդեոհոլովակներ ենք նկարում, ուրախացնում ենք մեզ՝ հուսալով, որ հետևորդներն էլ մեզ հետ ուրախանում են: Այս ամենի հետ մեկտեղ, միևնույն է, ձանձրանում եմ: Կարանտինը, տանը մնալը, իմը չէ»։

Հակոբը հայտնում է, որ կարանտինի ավարտից հետո անմիջապես կսկսվեն տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները, որոնք այս անգամ կարող են շատ ավելի երկար տևել, քան նախորդ դեպքերում, քանի-որ անելիքները շատ են։
«Սյուժետային տեսահոլովակ է»,- մանրամասնում է երգիչը։

Կարանտինի ընթացքում շատերը ձանձրույթից նոր զբաղմունք ու հետքրքրություններ են փնտրում, բայց ամենից հաճախ ազատ ժամանակը փորձում են լցնել ուտելով։ Բացառություն չէ նաև սիրված երգիչը, ով խոստովանում է, որ կարանտինի ընթացքում սկսել է ավելի շատ ուտել, քան երբևէ։
«Ես, պարզապես, շատ եմ ուտում՝ ավելի շատ, քան երբևէ: Դա էլ է մտահոգիչ: Մտածեցի իմունիտետի համար ինձ ուտել է պետք, և ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվեց»,- ժպիտով պատմում է Հակոբը:

Խոսելով կարանտինի առավելությունների և թերությունների մասին՝ Հակոբը նշում է, որ վերջինիս արդյունքում հանգստացավ բոլորիս միտքն ու մարմինը, բայց թերություններն այնքան շատ են, որ ծածկում են դրանք։
Հակոբը նաև պատմում է իր գործընկերոջ՝ Արմենի մասին, ով սկսել է նկարել ու շատ գեղեցիկ կտավներ է ստեղծում։ Ինքը՝ Հակոբը, իր մեջ նոր տաղանդ չի հայտնաբերել և խիստ կասկածում է, որ կգտնվի նոր տաղանդ, սակայն դրա համար նա շատ ուրախ է, որովհետև դա օգնում է չշեղվել ճանապարհից։ Երգիչը խոստովանում է, որ պատրաստվում է կարանտինի ավարտը նշել մեծ շուքով, ինչպես Նոր տարին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան