Թամարա Գևորգյանը՝ հեռուստասերիալային նոր դերի, կարանտինի, իր մասնագիտության, թատրոնի և անձնականի մասին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը վերջերս միացել է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ստեղծագործական թիմին և այժմ ներկայանում է Սոնայի կերպարով։ ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսեց իր հերոսուհու առանձնահատկություններից, անդրադարձավ հեռուստասերիալի նկարահանող և դերասանական կազմին, խոսեց իր կարանտինից, մասնագիտությունից, թատրոնից, ֆոտոշարքերից և անձնականից։

– Այժմ նկարահանվում եք «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում ինչպե՞ս հայտնվեցիք այս նախագծում, կպատմե՞ք մի փոքր Ձեր դերի մասին։

– Հեռուստասերիալում հայտնվեցի շատ սովորական կերպով, այսինքն՝ ինչպես որ սովորաբար է լինում․․․ ստացա առաջարկը և ընդունեցի այն։ Կերպարիս մասին կարող եմ ասել, որ այն միատոն չէ, ունի հետաքրքիր գույներ, որն ինձ համար շատ կարևոր նախապայման է որևէ դեր մարմնավորելու հարցում։

–  Ինչպե՞ս են ընթանում նկարահանումները, հե՞շտ յուրացրեցիք Ձեր դերը, նկարահանող ու դերասանական անձնակազմի  մասին ի՞նչ կասեք։

– Նկարահանումները շատ լավ են ընթանում: Յուրացնելու մասին ինքս դեռ ոչինչ ասել չեմ կարող։ Կարծում եմ, որ կարծիք հայտնելը հանդիսատեսի կամ հեռուստադիտողի գործն է։ Բայց ես ինքս, ինչպես միշտ, լրջորեն եմ մոտենում իմ գործին, աշխատում և փորձում եմ մաքսիմալ անել ամեն բան, որպեսզի կարողանամ էկրանից այն կողմ ճիշտ փախանցել կերպարիս հույզերն ու ապրումները։ Դերասանական և ստեղծագործական թիմի հետ ջերմ հարաբերությունները միանգամից ստեղծվեցին, նաև պետք է նշեմ, որ այլ նախագծերում դերասաններից շատերի հետ աշխատելու փորձ ես արդեն ունեցել եմ։

– Մեր երկիրն այժմ դեռևս գտնվում է կարանտինի մեջ, հետաքրքիր է այն ինչո՞վ և ինչպե՞ս փոխեց ձեր կյանքը, ինքներդ ինչպե՞ս եք պաշտպանվում վիրուսից։

– Իրավիճակին շատ լրջորեն եմ մոտենում, փորձում եմ պահպանել բոլոր կանոնները։ Երբեք առանց խիստ անհրաժեշտության տանից դուրս չեմ գալիս և նույնը հորդորում եմ անել մյուսներին։ Չեմ կարող ասել, որ այն շատ է ազդել կյանքիս վրա ու դրանից հետո այն լուրջ փոփոխությունների ու ազդեցությունների է ենթարկվել, պարզապես ավելի շատ ժամանակ ունեմ այս շրջանում ստեղծագործելու համար, այժմ աշխատում եմ իմ stand up ներկայացման սցենարի վրա։

– Կարանտինի ընթացքում ինչի՞ն կամ ու՞մ եք ամենից շատը կարոտել։ Ունե՞ք պլաններ, որոնք նախատեսում եք անպայման իրագործել կարանտինի ավարտից հետո։

– Այս շրջանում անչափ կարոտել եմ առանց կորոնավիրուսի մասին ինֆորմացիայի լրատվական նյութերը, մարդկանց անհոգ դեմքերը և առահասրակ մարդկանց դեմքերը, քանի որ հիմա դրանք փակ են դիմակներով։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարոտել եմ ընկերներիս։ Ունեմ հստակ ցանկ այն մարդկանց, ում հետ կարանտինի ավարտից հետո առաջինն եմ սուրճ խմելու։

–  Նայելով Ձեր լուսանկարների արխիվը՝ կարելի է դատել, որ սիրում եք ֆոտոշարքեր իրականացնել։ Հետաքրքիր է՝ պատճառը միայն որակյալ լուսանկարներ ունենալու ցանկությո՞ւնն է, թե՞ նաև դա ինքնաարտահայտվելու ևս մեկ միջոց է։ Ֆոտոշարքերի գաղափարները Ձերն են, թե՞ դա թողնում եք լուսանկարչի հայեցողությանը։

– Այո, սիրում եմ ֆոտոշարքեր իրականացնել։ Եվ կարծում եմ՝ դա արվեստագետի կյանքի անբաժանելի մասն է․ դա ևս մեկ հարթակ ու հնարավորություն է՝ հանդես գալու տարբեր կերպարներով։ Ես երբեք չեմ լուսանկարվում ուղղակի լուսանկարվելու համար։ Իսկ ինչ վերաբերում է մտահաղացումներին, ապա դրանք հիմնականում լինում են համատեղ աշխատանքի արդյունք։ Իմ և լուսանկարչի պատկերացումներն ու մտահաղացումները միավորում ենք և ամեն բան անում, որպեսզի նոր ու տարբերվող լուսանկարներ ստանանք։

– Թատրոնում այժմ խաղու՞մ եք։ Հետաքրքիր է՝ բե՞մն եք նախընտրում, թե՞ տեսախցիկներն ու հեռուստաեթերը։

– Թատրոնում՝ որպես հիմնական դերասանուհի առայժմն գործունեություն չեմ ծավալում։ Հիմնականում ներկայանում եմ կոմերցիոն ներկայացումներով՝վերջին շրջանում հիմնականում stand up ձևաչափով։ Իսկ խոսելով այն մասին, թե որն եմ նախընտրում, ապա մի փոքր կդժվարանամ պատասխանել։ Կարծում եմ՝ այս հարցն ինձ համար «մամայի՞ն ես շատ սիրում, թե՞ պապային» հարցերի շարքին է դասվում։

– Մեր հեռուստաեթերն այժմ ողողված է բազմաթիվ հեռուստասերիալներով Ձեր կարծիքով այսօր ինչպիսի՞ն է դրանց մակարդակը, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ «դերասաններից» շատերը մասնագիտությամբ դերասաններ չեն։

– Այս հարցին չեմ ցանկանա պատասխանել, միայն մի բան կարող եմ ասել։ Նույն մարդկանց տվեք ավելի մեծ հնարավորություններով և ռեսուրսներով դաշտ և կտեսնեք, որ նրանք շատ ավելիին են ընդունակ։

– Երբևէ եղե՞լ է, որ փոշմանեք ընտրած մասնագիտության հարցում։ Եթե ոչ դերասան, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

– Բազմիցս նշել եմ, որ մասնագիտությանս առանձնահատուկ ֆանատիզմով եմ վերաբերվում։ Երբեք մտքովս չի անցել այն փոխել, բայց նոր բան սովորելու ցանկություն միշտ կա։ Կարծում եմ՝ մեծ սիրով մարքեթինգ կուսումնասիրեի։

Անձնականում նորությունների և փոփոխությունների մասին խոսելիս՝ դերասանուհին նշեց «Անձնական դաշտում փոփոխությունների մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև սխալ է խոսել գոյություն չունեցող բանի մասին»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան