Ինչպե՞ս առանց ջերմաչափի ստուգել՝ ջերմում է հիվանդը, թե՝ ոչ

Բարձր ջերմությունը առողջական տարբեր խնդիրների դեպքում ի հայտ եկող բավական տարածված ախտանշան է և պայմանավորված է լինում օրգանիզմի պաշտպանական ռեակցիայով։ Նման խնդրի դեպքում հիվանդի ջերմությունը չափելը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս ճիշտ քայլեր ձեռնարկել և էլ ավելի չվատթարացնել հիվանդի վիճակը։ Այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում պարզել՝ ջերմում է արդյոք հիվանդը և ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել ջերմաչափի բացակայության դեպքում։

Մասնագետները ներկայացրել են մի քանի հնարք, որոնք թույլ կտան անգամ առանց ջերմաչափի հասկանալ, թե ունի արդոք հիվանդը բարձր ջերմություն, թե ոչ։

Ջերմ ճակատ

Մարդու մարմնի ջերմաստիճանը «չափելու» ամենապարզ ու փորձված միջոցներից մեկը հիվանդի ճակատին հպվելն է։ Ընդ որում՝ հնարավորինս հստակ պատասխան ստանալու համար ճակատին հարկավոր է հպվել ձեռքի արտաքին կողմով կամ շուրթերով։ Շատ դեպքերում ոչ շատ բարձր ջերմությունը դրսևորվում է միայն քունքերի հատվածի ջերմաստիճանի բարձրացմամբ, ուստի որքան ավելի ջերմ է մարդու ճակատը, այնքան բարձր է հավանականությունը, որ նա ջերմում է։

Ծանր շնչառություն

Հաճախացած և լարված շնչառությունը նույնպես հուշում է մարմնի ջերմաստիճանի բարձրացման մասին։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում արագանում է նաև սրտի աշխատանքը, ինչի հետևանքով շնչառական համակարգի օրգաններն ավելի ծանրաբեռնված են աշխատում։

Մշտական ծարավի զգացում

Բարձր ջերմության դեպքում մարդը շատ ավելի առատ է քրտնում, քանի որ օրգանիզմը փորձում է ազատվել գերտաքացումից։ Նման դեպքերում ծարավի զգացումը պայմանավորված է լինում առատ քրտնարտադրությամբ և հեղուկի բալանսը պահպանելը շատ կարևոր է ջերմության կարգավորման համար։ Առհասարակ մրսածությանն և նմանատիպ այլ հիվանդությունների դեպքում բավարար քանակությամբ հեղուկի գործածությունը շատ կարևոր է։

Անոթազարկի արագացում

Անոթազարկի նորմալ ցուցանիշը մեկ րոպեում 60-80 զարկն է, մինչդեռ բարձր ջերմության դեպքում անոթազարկն արագանում է։ Անոթազարկի արագացումը 10 զարկով վկայում է ջերմության չնչին բարձրացման մասին (մինչև 37,5℃-ի սահմաններում), մինչդեռ րոպեում 100 և ավելի զարկի դեպքում խնդիրն արդեն շատ ավելի լուրջ է։