Լիանա Վանոյանը՝ անիրական երազանքների, «Կինստագրամ»-ի հնարավոր շարունակության և այլ հետաքրքիր թեմաների մասին

Դերասանուհի Լիանա Վանոյանը մինչև հեռուստատեսային նախագծերում հայտնվելն արդեն ուներ երկրպագուների բանակ, ովքեր իրեն հետևում էին հումորային հոլովակների համար, որոնք Լիանան հրապարակում էի իր ինստագրամյան էջում։ Դրանից հետո դերասանուհին ներկայացավ երկու սիթքոմներում՝ մարմնավորելով բավականին ռիսկային կերպարներ։ Showbiz.amի հետ զրույցում Լիանան պատմել է «Կինստագրամ» սիթքոմի հնարավոր շարունակության, իր անիրական երազանքների, սիրելի կերպարների ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Կարանտինի պատճառով Լիանա Վանոյանի աշխատանքային գրաֆիկում այնքան էլ շատ փոփոխություններ չեն եղել․ «Մենք աշխատել ենք, իհարկե, հատուկ ռեժիմով՝ պահելով անվտանգության համապատասխան կանոնները։ Որպես այդպիսին այնքան էլ շատ բան չի փոխվել այս ընթացքում իմ կյանքում։ Չեղարկվել են որոշ գործնական հանդիպումներ, որոնք հեռախոսազանգով կամ տեսազանգով իրականացրել ենք»։

Դեռ սիթքոմի նկարահանումներից առաջ դերասանուհուց տեղեկացել էինք, որ նա նոր ներկայացման մեջ է զբաղված լինելու, բայց Լիանան պատմեց, որ զբաղվածության պատճառով ստիպված է եղել հրաժարվել ներկայացումից․ «Այս ընթացքում շատ զբաղված էի՝ նկարահանումները «Կինստագրամ»-ում, իմ ինստագրամյան էջի համար արվող տեսանյութերը, որոնք ինձանից շատ ժամանակ են խլում և նոր մտահաղացումներ ունեմ, որոնց վրա պետք է ավելի շատ կենտրոնանալ։ Ներկայացումը շատ ջանք ու նվիրում է պահանջում, ես շատ եմ սիրում թատրոնը ու քանի որ այս պարագայում ես այնտեղ պետք է կիսատ լինեի, ավելի լավ է չլինեի։ Կարծում եմ, որ մեկ ուրիշ անգամ հնարավորություն կունենամ թատրոնում ներկայանալու»։

Ընդամենը մի քանի օր է, ինչ «Կինստագրամ» սիթքոմի նկարահանումներն ավարտվել են ու Լիանան տանն է։ Այնպես որ, դերասանուհին չի հասցրել ձանձրանալ և այժմ փորձում է հանգստանալ ու վերականգնել ուժերը։ Նրա խոսքով՝ հիմա ավելի շատ է քնում և խնամում մաշկը․ «Չեմ կարծում, որ կարանտինը պետք է խթան հանդիսանար, որ մարդիկ սկսեին գրքեր կարդալ կամ լավ երաժշտություն լսել ու լավ ֆիլմեր նայել։ Լավ է, երբ դա ապրելակերպ է։ Ես երբևիցե սոցցանցերում ցույց չեմ տալիս, որ գիրք եմ կարդում, որովհետև ես ամեն օր եմ կարդում ու դա իմ օրվա մի մասն է։ Բայց կարանտինը բոլորին դարձրեց «փիլիսոփաներ» ու «գրականագետներ», իսկ եթե մի բանն արվում է ցուցադրելու համար, ապա դա այդքան էլ ճիշտ չէ»։

Քանի որ սիթքոմը սիրվեց դեռահասների ու երիտասարդների կողմից, փորձեցինք հասկանալ, այդյո՞ք նախագիծը կունենա շարունակություն․ «Կարծում եմ, որ կլինի շարունալություն։ Պաշտոնական ոչ մի որոշում դեռ չկա, բայց քանի որ այն իսկապես սիրվեց ու կարող եմ ասել, նույնիսկ սպասվածից էլ շատ սիրվեց, կարծում եմ, որ կլինի երկրորդ եթերաշրջան»։

Լիանան մինչև հեռուստատեսային նախագծերում նկարահանվելն արդեն ուներ հետևորդներ մեծ բանակ, որոնք սկսել էին Ինստագրամում նրան հետևել՝ իրեն հատուկ ոճով հումորային հոլովակների համար։ Լիանան ասում է, որ շարունակելու է նկարահանել այդպիսի հոլովակներ․ «Հիմա ես դրա վրա էլ ավելի շատ եմ կենտրոնանալու, որպեսզի անդադար թարմացնեմ էջս ու նոր տեսանյութեր ներկայացնեմ։ Միգուցե նաև արդեն այլ նորություններ ներկայացնեմ»։

Դերասանուհուն ճանաչում բերեցին սկզբում իր հումորային հոլովակները, հետո արդեն հեռուստատեսային հումորային նախագծերը, բայց նա կարծում է, որ չպետք է սահամանափակվել միայն մեկ ժանրում հանդես գալով․ «Ըստ իս՝ դերասանը չպետք է մեկ ուղղվածություն ունենա և պետք է լինի ունիվերսալ ու ճկվող։ Ես չունեմ ոչ մի տեսակի կարծրատիպեր ու կարող եմ թե՛ դրամատիկ կերպար խաղալ, թե՛ հումորային։ Ես անում եմ իմ գործն ու եթե իմ առաջ պահանջ դրվի դրամատիկ կերպար կերտել, ես դա կանեմ նույն սիրով ու նվիրումով, ինչպես հումորային դերերի դեպքում։ Դերասանի աշխատանքը մարդագիտություն է։ Չէ՞ որ նույն մարդն օրվա ընթացքում և՛ ուրախ է լինում, և՛ տխուր, և՛ անգամ զայրացած։ Գիտեք՝ երկու կարևոր բան պետք է շեշտեմ․ և՛ հանդիսատեսին հուզելն է շատ բարդ, և՛ ժպիտ պարգևելը։ Կարևորը միջակ չլինելն է։ Ես դրանից շատ եմ վախենում կյանքի բոլոր ասպարեզներում։ Ամենավախենալու միջակությունը մարդկային միջակությունն է ու հետո մասնագիտականը։ Մնացած բոլոր մաքսիմալիստական ձգտումներին ու արդյունքներին կողմնակից եմ»։

Լիանան չի կարողանում իր համար առանձնացնել ու նշել, թե որն է ավելի շատ սիրում՝ թատրո՞նը, թե՞ կինոն։ Նրա պատկերացմամբ, դա նման է երկու ծնողների միջև ընտրություն կատարելուն․ «Դերասանի աշխատանքը ուղիղ կապ ունի թե՛ տեսախցիկի, թե՛ բեմի հետ, ուղղակի մի շատ նուրբ տարբերությամբ՝ բեմը բնական, իրական ու հենց այդ պահին ստեղծված էմոցիա է, իսկ տեսախցիկն ունի ֆիլտրելու, մաքրելու, թերությունները շտկելու հնարավորություն։ Բայց ինձ համար բեմը հոգեհարազատ է՝ ես բեմի վրա սովորում եմ։ Երբ զգում ես, որ հանդիսատեսը քեզանից մի քանի քայլ այն կողմ է, պատասխանատվությունդ ավելի մեծ է։ Իսկ նկարահանման հրապարակում դու կարող ես խնդրել կոլեգաներիդ մեկ անգամ ևս նկարել։ Բայց երկուսն էլ իսկապես շատ կարևոր են։ Լավ դերասանն իր գործը պետք է շատ լավ անի։ Դա կլինի թատրոնում, թե կինոյում՝ էական չէ»։

Դերասանուհին շատ է սպասում համընդհանուր մեկուսացման ռեժիմի ավարտին, քանի որ շատ է կարոտել ծնողներին․ «Առաջին բանը, որ կանեմ կարանտինի ավարտից հետո՝ Գյումրի գնալն ու ծնողներիս տեսնել է։ Ես հիմա միայն իրենց առողջության մասին մատածելով չեմ գնում։ Ամենաբաղձալի ցանկությունս մայրիկիս ու հայրիկիս տեսնելն է, որովհետև երկու ամսից ավելի է, ինչ նրանց չեմ տեսել ու շատ եմ կարոտել»։

Լիանան պատմում է, որ առաջ շատ տարբեր կերպարներ մարմնավորելու երազանքներ ուներ, բայց հիմա այլ կերպ է մտածում ու գտնում է, որ տվյալ դերը կերտելու համար պետք է լինել դրան համապատասխան․ «Կան դերասաններ, որոնք ունեն գեղեցիկ երևալու կոմպլեքս ու անպայման գլխավոր դեր խաղալու ցանկություն, բայց ինձ համար կարևորը այն է, որ կերպարն ինձ սիրի։ Միշտ ասում են, որ պետք է դու սիրես կերտածդ կերպարը, բայց ես կարծում եմ, որ այդ կերպարն էլ քեզ պետք է սիրի, որպեսզի թույլ տա իր հետ աշխատել։ Շատ եմ սիրում «խարակտերային» ու գունավոր կերպարներ։ Եթե ինձ մեկ տարի առաջ հարցնեիք, թե ինչ կերպարներ եմ ուզում մարմնավորել, ես Ձեզ այնպիսի մեծ ամբիցիաներով պատասխաններ կտայի, իսկ հիմա՝ ոչ, որովհետև հասկանում եմ, որ դեռ հասունանալու տեղ ունեմ։ Առաջ ես, կարծես, աֆեկտի ազդեցության տակ էի պատասխանում ու նշում այնպիսի կերպարներ, որոնք հիմա հիշում եմ ու վախենում։ Ես հիմա մտածում եմ, որ իմ ուզած կերպարները մարմնավորելու համար դեռ ժամանակ ու փորձ է պետք։ Ասում են՝ թիթեռներին հանդիպելու համար պետք է մի քանի թրթուր հանդուրժել ու գտնում եմ, որ դեռ կան թրթուրներ, որոնց պետք է հանդուրժեմ, կան հույզեր, որոնք պետք է մաշկիս վրա զգամ, որպեսզի հետագայում տվյալ կերպարն ինձ հեշտ տրվի։ Շատ եմ սիրում Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը» ստեղծագործությունը և հենց Կուրաժի կերպարը, բայց բոլոր իմաստներով դեռ շատ փոքր եմ այդ կերպարը խաղալու համար։ Իսկ եթե ինձ հիմա հեռուստատեսությամբ առաջարկեին նոր կերպար, ես պատրաստ եմ ավելի մեծ ռիսկի գնալ, որովհետև հաղթահարել եմ ծիծաղելի ու անգամ տգեղ երևալու այդ կոմպլեքսները։ Դերասանը չպետք է ցանկանա գեղեցիկ երևալ, նա պետք է ցանկանա իրական երևալ և ի վերջո չմոռանա, որ դրանք կերպարներ են ու իրական կյանքում մենք լիովին այլ մարդիկ ենք»։

Երազանքների մասին խոսելիս, դերասանուհին ասաց․ «Երազում եմ անիրական բաների մասին, որոնք երբեք չեն իրականանալու ու հենց դրա համար էլ երազանք են։ Ես ամեն անգամ մի վատ բան կամ անգամ վատ մեկնաբանություն կարդալիս առաջինը մտածում եմ, թե ինչով կարող եմ օգնել այդ մարդուն, որը ինձ կամ ընկերներիցս մեկին վիրավորում է։ Ես երազում եմ, որ մարդիկ չար չլինեն ու գիտեմ, որ դա անհնար է։ Կյանքն այնքան կարճ է չար լինելու համար։ Իսկ կենցաղային ու նյութական բաների մասին չեմ երազում, դրանք այնքան իրական են, որ կարող ես ձեռդ մեկնել և ունենալ, եթե, իհարկե, կա այդ ցանկությունը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան