«Վիրուս ստեղծող ագահ շանորդիներ». երգիչ Բրայան Ադամսը ներողություն է խնդրել «չղջիկներ ուտելու» պատճառով չինացիներին վիրավորելու համար

Կանադացի ռոք երգիչ Բրայան Ադամսը կորոնավիրուսի տարածման համար «չղջիկ ուտող մարդկանց» հասցեին հնչեցրած մեկնաբանություններից հետո առցանց հարթակում քննադատությունների թիրախում է հայտնվել․ սոցցանցերի օգտատերերը հայտնի երգչին մեղադրում են ռասիստական վարքագիծ դրսևորելու համար, գրում է CNN-ը։

Երկուշաբթի 60-ամյա Ադամսն Instagram-ում տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ կատարել է 1983 թվականի իր Cuts Like a Knife երգը:

Տեսանյութն ուղեկցող գրության մեջ երգիչը նշել է, որ այդ երեկո պետք է ելույթ ունենար Լոնդոնի Թագավորական Ալբերտ հոլում, սակայն «չղջիկներ ուտող, շուկաներում կենդանիներ վաճառող, վիրուս ստեղծող ագահ շանորդիների պատճառով ամբողջ աշխարհն այժմ կանգ է առել, էլ չեմ խոսում վիրուսի պատճառով հազարավոր տուժածների և մահացածների մասին»։

Նրա մեկնաբանություններն անմիջապես բացասական արձագանք են ստացել համացանցում, որից հետո երգիչը ներողություն է խնդրել հնչեցրած խոսքերի համար։

«Ներողություն եմ խնդրում բոլորից, որոնց վիրավորել է երեկվա իմ գրառումը։ Խոսքերս արդարացում չեն, պարզապես ցանկանում էի բարձրաձայնել այդ թաց շուկաներում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Ես սիրում եմ բոլոր մարդկանց»,- գրել է նա։

Ադամսը հայտնի է իր Heaven, Summer of’ 69, Please Forgive Me և մի շարք այլ հիթերով։