«Իմ արտաքինը միշտ չէ, որ համապատասխանում է ստանդարտ կերպարներին»․ Մարիամ Դավթյանը՝ կարանտինում զավեշտալի պահերի և դերասանական կարիերայի մասին - Showbiz.am

«Իմ արտաքինը միշտ չէ, որ համապատասխանում է ստանդարտ կերպարներին»․ Մարիամ Դավթյանը՝ կարանտինում զավեշտալի պահերի և դերասանական կարիերայի մասին

By

Կարանտինային ռեժիմը Հայաստանում շարունակվում է։ Ինքնամեկուսացման հետևանքով հետաձգվել են բոլորի ծրագրերն ու գործերը, բոլորն ընկել են կյանքի ակտիվ ռիթմից, սակայն անտեսելով համավարակի այս բացասական հետևանքները՝ պետք է խոստովանել, որ այն հնարավորություն է տվել վայելել ազատ ժամանակը մտերիմների, սիրելիների հետ, զբաղվել այն գործերով, որոնց համար նախկինում մենք երբեք ժամանակ չէինք գտնում։
Showbiz.am կայքի հետ զրույցում իր կարանտինային առօրյայի, հետաձգված ծրագրերի մասին է պատմել սիրված դերասանուհի Մարիամ Դավթյանը, ով կիսվում է, որ ինքնամեկուսացման ընթացքում իր օրերն ուրախ ու հագեցած են անցնում։
«Այս օրերին ես մի րոպե չեմ տխրել կամ պարապ չեմ եղել։ Նույնիսկ օրը չի հերիքում, որպեսզի հասցնեմ կատարել ծրագրերս։ Զավեշտալի պահեր շատ են լինում։ Ո՞ր մեկը պատմեմ․ օրինակ, խաղ էինք ընկերուհուս հետ խաղում և պարտվողը պետք է կատարի դիմացինի ցանկությունը՝ պարելով փողոցում աղբը թափի կամ պատշգամբում երգի»,- կիսվում է դերասանուհին։

Մարիամը, ով մինչ կարանտինը նկարահանվում էր «Պատվի համար» հեռուստաֆիլմում և զբաղված էր թատրոնի ընթացիկ ներկայացումներում, նշում է՝ հեռուստաընկերություններից դեռևս հետաքրքիր, նոր առաջարկ չի ստացել, իսկ թատրոնում էլ ունեցած որոշակի ծրագրերն էլ, ցավոք, հետաձգվել են։
«Պետք է մեկնեինք հյուրախաղերի և մասնակցեինք փառատոնի»,- պատմում է նա և հավելում․ «Թե ինչ է լինելու կարանտինից հետո և ինչպես ենք վերադառնալու բնականոն կյանքին, դժվարանում եմ ասել։ Հուսով եմ, որ շատ շուտով թատրոնում կվերսկսվեն աշխատանքներն ու ներկայացումները, և մենք մեծ կարոտով կբացենք կրկին մեր դռները հանդիսատեսի առջև»։
Դերասանուհու երկրպագուները վերջին ժամանակաշրջանում այդքան էլ հաճախ չեն տեսնում նրան հեռուստաէկրաններին։ Մարիամը բացատրում է դա՝ ասելով, որ երբ լինում է հետաքրքիր առաջարկ, նա սիրով ընդունում և անցնում է գործի, սակայն դադարները նույնպես անհրաժեշտ են։
«Լինում են դադարներ, որոնք կարծում եմ անհրաժեշտ են դերասանին լիցքավորվելու համար, լինում են դադարներ, որոնք սկսում են մի փոքր անհանգստացնել, բայց քանի որ աշխատում եմ թատրոնում, գրեթե միշտ ստեղծագործական ընթացքի մեջ եմ»,— ասում է Մարիամը։

Մարիամ Դավթյանը չի խուսափում նաև նշել, թե ինչո՞վ է պայմանավորված հետաքրքիր առաջարկների պակասը։
«Կարծում եմ՝ պայմանավորված է նրանով՝  իմ արտաքինը միշտ չէ, որ համապատասխան է ստանդարտ կերպարներին, որոնք առկա են գրեթե բոլոր հեռուստանախագծերում։ Այնպես որ, ինչքան շատ ոչ ստանդարտ ձևաչափով նախագծեր, այդքան շատ ես կհայտնվեմ էկրաններին»,— խոստովանում է դերասանուհին։


Նշելով ստանդարտ կերպարների մասին՝ նա նաև անդրադարձավ սկսնակ դերասաններին և դիմեց նրանց խորհրդով․
«Մեր ասպարեզում կան շատ հետաքրքիր և, ինչպես ասում են, խոստումնալից ապագայով երիտասարդ դերասաններ։ Երբ դերասանը շնորհքով է, ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում, թե ինչպես են նախագծից նախագիծ կատարելագործում իրենց դերասանական հմտությունները։ Առավելությունը՝ դա հենց երիտասարդ լինելն է, այդ ժամանակ դու անվախ ես ու համարձակ, նույնիսկ անփորձ լինելը, որը կարծես թե թերություն պետք է լինի, դառնում է առավելություն։
Խորհուրդս․ մաքսիմալ վայելեք այդ տարիները և պատրաստ եղեք, որ մի օր գալու է միջին տարիքը՝ ոչ պակաս հետաքրքիր, ձեռք բերեք փորձ, բայց մի կորցրեք երեխային բնորոշ անմիջականությունը, ձեռք բերեք ունակություն ձեզ կողքից տեսնելու և ամենակարևորը՝ եղեք միշտ սիրահարված ձեր գործին, անկախ տարիքից»։

Դերասանուհին նաև կարծիք հայտնեց այսօրվա սերիալների որակի և դրանց պահանջարկի վերաբերյալ։
«Կարծում եմ՝ վերջին տարիներին մենք բավականին մեծ առաջընթաց ունեցանք սերիալային ոլորտում։ Շատ հաջողված նախագծեր իրականացվեցին և հանդիսատեսի կողմից, որոնցից շատերը մինչ այդ հայկական սերիալներ չէին դիտում, դրանք գնահատվեցին և լավ արձագանքներ հնչեցին։
Իսկ շտկելու բան միշտ էլ կլինի, կատարյալ ոչինչ չի լինում։
Ինչ վերաբերում է անորակությանը՝ ես առաջ շատ էի փնովում սերիալները, իսկ հետո հասկացա, որ հանդիսատեսի մի մեծ զանգված կա, որը իսկապես սիրում է հենց այն, ինչը իմ սրտով կամ ճաշակով չէ։ Օրինակ, ի՞նչ կարող ես ասել այն մարդուն, ով ամեն օր լսում է «ռաբիս» երաժշտություն, իսկ կլասիկ երաժշտությունը նրա համար ձանձրալի է…
Ո՞վ է ճիշտ կամ սխալ…
Եթե ցանկություն ու նպատակ կա լավ ճաշակ պատվաստել, դա պետք է անել մանկուց՝ մանկապարտեզում, դպրոցում… Մեր սերնդի երեխաների ամեն երրորդը  հաճախում էր երաժշտական դպրոց, և դա, իհարկե, ձևավորում էր որոշակի ճաշակ»։

Իսկ թե ինչն է պակասում լավ սերիալ ունենալու համար, Դավթյանը պատասխանում է․ «Պակասում է փորձը, ֆինանսական ներդնումները»։ 

Դերասանուհին խաղում է նաև թատրոնում․ նրա կարծիքով՝ այսօր թատրոնն առանձնահատուկ պահանջարկ է վայելում և հանդիսատեսի հոսքի հետ կապված որևէ խնդիր չունի․  «Այսօր մեր թատրոնը և, առհասարակ, հայ թատրոնները վերելքի փուլում են։ Հատկապես վերջին տարիներին մեր տնօրեն Վարդան Մկրտչյանի և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի համատեղ աշխատանքի շնորհիվ, և առհասարակ, անբողջ թատրոնի թիմի նվիրումը գործին, նպաստել են դրան։ Լինում են օրեր, որ տոմսարկղի առջև հերթ է լինում, կամ ընդհանրապես «sold out» -է։
Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է
։ Ճիշտ է՝ ես լավատես եմ, բայց կարծում եմ՝ չեմ սխալվում»։

Հիշեցնենք, որ դերասանուհի Մարիամ Դավթյանն աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որը կարանտինի ավարտից հետո մի շարք նորություններ ու անակնկալներ է  պատրաստել թատերասեր հասարակության համար։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

Հնդկաստանում ոսկերչական խանութը ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում (լուսանկարներ)

Հնդկաստանի Սուրատ քաղաքում գտնվող ոսկերչական խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում, հաղորդում է տեղական ANI գործակալությունը: Խանութի...
Ավելին