«Շարունակում ենք իրար սիրահարված մնալ»․ Արշո Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանը՝ սիրո, վեճերի, կապվածության ու այլ թեմաների մասին

Օրեր առաջ ռեժիսոր, դերասան Արշո Հարությունյանն ու ռեժիսոր Լուսինե Երնջակյանը նշում էին իրենց ամուսնության տասը տարին։ Այդ տարիների ընթացքում նրանք ոչ միայն դարձել են սիրող ու նվիրված ամուսիններ, այլև մնացել լավագույն ընկերներ ու կոլեգաներ։ Փորձելով հասկանալ, թե որքան լավ են միմյանց ճանաչում Արշոն և Լուսնինեն, նրանց հետ զրուցել ենք նույն հարցերի շուրջ, բայց իրարից գաղտնի։ Showbiz.am-ին տված հարցազրույցն ու ամուսինների պատասխաններն իրոք վկայում են նրանց մեծ ու օրեցօր ավելացող սիրո, նվիրվածության ու կապվածության մասին։

– Ո՞րն է առաջին հիշողությունը Ձեր սիրելիի մասին:

Լուսինե․ «Ես պարզ չեմ հիշում, թե ինչպես է տեղի ունեցել մեր առաջին հանդիպումը, քանի որ այդ ժամանակ ես դեռ դպրոցական երեխա էի, իսկ նա արդեն պրոֆեսիոնալ դերասան էր ու խաղում էր թատրոնում։ Նա արդեն այդ ժամանակ հայտնի ու սիրված դերասան էր։ Կարծում եմ՝ մեծամտություն չի լինի, եթե ասեմ, որ նա իմ ճանաչած ամենատաղանդավոր դերասաններից մեկն է։ Ես դա իրեն մշտապես ասում եմ, չնայած, որ վերջերս նա չի խաղում ներկայացումներում ու ներկայանում է որպես ռեժիսոր ու սովորաբար մերժում է, թե՛ իմ, թե՛ մյուս ռեժիսորների կողմից արվող առաջարկները։ Դա ինձ շատ է տխրեցնում, որովհետև դեռ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չէինք հանդիպում, ես շատ էի սիրում տեսնել նրան բեմի վրա ու հիանում էի նրա խաղով։ Իր հետ կապված իմ բոլոր հիշողությունները կապված են բեմի հետ, նույնիսկ մինչ օրս հիշում եմ իր կատարմամբ հին ներկայացումների էպիզոդներ»։

Արշո․ «Ես նրան տեսել եմ 1996 թվականին, երբ նա դեռ դպրոցական երեխա էր, մոտ ինը տարեկան։ Նա հաճախակի էր թատրոն գալիս, ու ողջ կոլեկտիվը նրան շատ էր սիրում ու այնքան ջերմագին էին նրան ընդունում, քանի որ շատ դաստիարակված երեխա էր։ Հետո նա աչքիս առաջ կամաց-կամաց մեծացավ։ Այսինքն մեր առաջին հուշերում չկա այնպիսի դրվագ, որ ես տեսնեի նրան ու խենթանայի, որովհետև նա ինը տարեկան երեխա էր, իսկ ես արդեն քսան տարեկան երիտասարդ էի ու նրան որպես երեխայի էի նայում»։

– Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը։

Լուսինե․ «Ամենասիրելի գիծը այն է, որ ես բոլոր իրավիճակներում վստահ եմ, որ նա ինձ թև ու թիկունք կլինի ու կաջակցի՝ ինչ խենթություն էլ որ անեմ։ Նաև ուզում եմ նշել, որ նա այն մարդն է, ով միշտ ինձ կարող է ծիծաղեցնել, նա շատ նուրբ կերպով զգում է իմ տրամադրությունը։ Դա ինձ համար մեծ հարստություն է, որ մենք կարողանում ենք միասին ուրախանալ, ծիծաղել ու մեր կյանքում այդ տրամադրությունը գերակշռում է։ Իսկ վատ կողմն այն է, որ նա գրեթե միշտ ուշանում է, ու սովորաբար դա տեղի է ունենում, երբ նա ինձ հետ է պայմանավորված։ Նա ոչ թե անպարտաճանաչ է, այլ ուղղակի սիրում է ամեն ինչ անել վերջին պահին, այսինքն՝ ոչ թե ուշանում է տվյալ հանդիպումից, այլ պատրաստվելը, տնից կամ թատրոնից դուրս գալը տեղի է ունենում վերջին պահին ու շատ արագ»։

Արշո․ «Նրա բնավորության մեջ մի գիծ կա, որը սիրում եմ, հարգում և միևնույն ժամանակ նյարդայնանում եմ ու մի փոքր էլ նախանձում՝ դա նրա դրական իմաստով պրագմատիկ ու ադեկվատ լինելն է։ Ուզում եմ շեշտել, որ կա նաև այնպիսի պրագմատիզմ, որը բացասաբար է անդրադառնում ամեն ինչի վրա, իսկ Լուսինեն ֆանտաստիկ սթափ դատողություն ունի՝ ի տարբերություն ինձ։ Օրինակ, ինչպե՞ս կարող է երեխան իր նոր հեծանիվը տեսնելիս ոգևորվել ու ինչպե՞ս կարող է ծնողը մտածել ու ուշադիր լինել, որ հանկարծ երեխան այդ հեծանիվից իր ոգևորության պատճառով վայր չընկնի։ Այդ ոգևորված երեխան ես եմ։ Հարգում եմ նրա ինտելեկտն ու աշխարհայացքը, նրա հանդուրժող լինելն ու ներողամտությունը։ Նա շատ բարի է, ու շատ հաճախ լինում է, երբ նույն իրավիճակում ես զայրանում եմ, իսկ Լուսինեն տեսնում է այդ իրավիճակը կողքից ու ինձ ցույց տալիս դրա մյուս կողմը։ Նա մարդկանց հասկանալու ֆանտաստիկ կարողություն ունի։ Ես կնոջս շատ եմ սիրում, բայց նրա մարդկային հատկանիշներն իրոք հարգանքի են արժանի, որովհետև նա խորը ներաշխարհով ու գիտակցությունով մարդ է։ Նա շատ արժանիքներ ունի, որոնց մասին կարելի է խոսել, բայց առաջինը սա հիշեցի»։

– Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր «սիրտը շահել»։ Առհասարակ, ո՞վ է ավելի ներողամիտ:

Լուսինե․ «Տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել մի հատկություն, որը շատ եմ գնահատում՝ մենք մեկս մյուսից երկար նեղացած չենք մնում։ Իհարկե միմյանցից ներողություն խնդրում ենք, բայց ավելի շատ այնպես է ստացվում, որ մի քանի րոպե կամ ժամ հետո, ես եմ նրան ինչ-որ բան հարցնում կամ նա է ինձնից ինչ-որ բան խնդրում, որը կապ չունի մեր վեճի հետ, ու պատասխանն արդեն լինում է ոչ թե նեղացած տոնով, այլ այնպես, որ կարծես թե ոչինչ էլ չի եղել։ Այդպես կարողանում ենք անցկացնել ու մոռանալ այդ վեճը։ Իրականում մեր վեճերը շատ արագ են հարթվում ու մոռացվում, ու չեմ կարող հիշել այնպիսի դեպք, երբ մենք օրերով չխոսենք ու նեղացնենք միմյանց։ Երկուսս էլ ներողամիտ ենք, բայց՝ ես էլ եմ կարողանում ներողություն խնդրել, նա էլ»։

Արշո․ «Այդ առումով մենք շատ ծիծաղելի զույգ ենք։ Մեր վեճերից հետո, երբ ամեն մեկը մի կողմի վրա է թեքվում, մեկ էլ պատահաբար մի 15 րոպե հետո մենք մեզ բռնացնում ենք այն պահի վրա, որ արդեն խոսում ենք, շփվում ու կարծես ոչինչ էլ չի եղել։ Նույնիսկ չենք էլ հիշում, թե ով արեց առաջին քայլը կամ ինչպես հարթվեց կոնֆլիկտը։ Գրեթե 99 տոկոսով այդպես է լինում, իսկ այն մեկ տոկոսի դեպքում, երբ ամեն մեկս մտածում է, որ ինչ ասել է՝ ճիշտ է ասել, ու դիմացինը պետք է հասկանա իր սխալները, ու հայտնվում ենք կռվից հետո առաջացած վեհության պահի մեջ՝ արդեն պետք է հասկանանք, թե ավելի շատ ով է ում նեղացրել։ Այդ դեպքում ես եմ մոտենում նրան ու հարցնում եմ «Հիմա ինչ, սենց հոտած մնալու՞ ենք», Լուսինեն պատասխանում է․ «Այո, որովհետև դու ես ինձ նեղացրել»։ Վեճերից հետո մեր հաշտվելը մեզ մոտ շատ ծիծաղելի է ստացվում։ Օրվա մեծ մասը մենք միասին ենք անցկացնում՝ բացառությամբ այն ժամանակները, երբ ես շատ երկար ժամանակով նկարահանումների եմ մեկնում կամ երկրից դուրս եմ գտնվում։ Շատ հաճախ, եթե ես չեմ կարողանում օրվա ընթացքում զվաղվածությանս պատճառով իրեն տեսնել՝ Լուսինեն է գալիս ինձ մոտ։ Մենք շատ ժամանակ ենք միմյանց հետ անցկացնում՝ տանը միասին ենք, աշխատավայրում միասին ենք, մեր նախասիրությունների մեծ մասը երկուսիս էլ հավասարաչափ հետաքրքիր է, ու երբ ողջ օրը միասին եք, տպավորություն է, որ շատ պետք է վիճենք, բայց շատ չենք վիճում։ Մեր վեճերն ավելի շատ զանազան գաղափարների, մտքերի ու տեսակետների բախումներ են, այլ ոչ՝ կենցաղային։ Շատերը զարմանում են, թե ինչպես ենք մենք ողջ օրը միմյանց հետ անցկացնում ու չենք հոգնում իրարից։ Ասեմ ավելին՝ եթե օրվա մի մասը մենք իրար հետ չենք խոսել ու իրար չենք տեսել, ես կարոտում եմ, զանգում եմ։ Շատ կապված ենք իրար հետ։ Մեր հարաբերությունները, բացի ընտանեկանը նաև ընկերական ու գործընկերական են։ Ինձ թվում է, մենք դեռ շարունակում ենք իրար սիրահարված մնալ»։

– Ձեր բնավորության ո՞ր գիծն եք փոխել հանուն նրա:

Լուսինե․ «Ես իրականում այդքան ներողամիտ չեմ եղել ու միշտ չէ որ ինձ նեղացնում են կամ ինձ հետ վիճում են, ես այդպես հեշտ ու հանգիստ եմ վեճից հետ կանգնում։ Սովորաբար դա մի փոքր ավելի մեծ ազդեցություն է ինձ վրա ունենում, և ես կարող եմ երկար ժամանակ չհաշտվել տվյալ մարդու հետ։ Բայց մեր պարագայում իմ բնավորության այդ դրսևորումը փոփոխվեց, ու մեր հարաբերություններում այդպես չէ»։

Արշո․ «Չեմ կարող հիշել կոնկրետ մի գիծ, որը փոխել եմ։ Մարդկային հարգանքի ու փոխըմբռնման հասկացողությունները շատ կարևոր են, ու դա նշանակում է՝ դու պետք է փորձես մաքսիմալ հարմարավետ իրավիճակներ ու պայմաններ ստեղծել սիրելիիդ համար։ Օրինակ, նա հաստատ նա չի անի այնպիսի մի բան, որն ինձ դուր չի գա։ Մենք այնքան լավ ենք միմյանց ճանաչում, որ գիտենք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ չի սիրում ու չի կարող ընդունել։ Կարծում եմ, երբ դու սիրում ես, հարգում ես ու մտածում ես այդ մարդու մասին, այլևս չես անի մի բան, որ իրեն դուր չի գա։ Ստացվում է, որ ունեիր այնպիսի մի գիծ կամ սովորություն, որ այդպես էիր ապրում, բայց հիմա չես անում, ուրեմն ինչ-որ բան փոխվել է։ Այնուամենայնիվ եթե մարդիկ իրար հարգում ու սիրում են, նրանք ուզում են միմյանց համար հարմարավետություն ստեղծել ու ադապտացվում են իրար։ Երկուսս էլ ծայրահեղ սկզբունքային մարդիկ ենք ու երբեք չենք անի բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց միևնույն ժամանակ կարողանում ենք այնպիսի լուծումներ գտել, որ երկուսիս էլ ձեռնտու կլինի»։

– Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է։

Լուսինե․ «Արշոն է առաջինը խոստովանել։ Մենք իրականում երկար տարիներ միասին աշխատել ենք, միմյանց արդեն լավ ճանաչում էինք, բայց խոստովանությունն արել է նա»։

Արշո․ «Ես, ու այդ օրը շատ լավ եմ հիշում։ Այդ օրը ես զգացել եմ տիեզերքի ձգողականության ուժը, երկրի ձգողականությունը։ Ես զգացել եմ այնպիսի բաներ, որոնք իմ կյանքի ընթացքում երբեք չեմ զգացել, երբեք ավելի շատ չեմ վախեցել և հուզվել, քան այդ օրը։ Չի եղել ուղղակի «Ես քեզ սիրում եմ, իսկ դու՞ ինձ», բայց այդ օրվա մասին չեմ պատմի։ Ես շատ ծիծաղելի ամուսնության առաջարկ եմ արել նրան։ Դե գալիս է մի պահ, երբ արդեն պետք է անես այդ առաջարկը։ Այդ ժամանակ ես ֆիլմ էի նկարում ու այդ ֆիլմի նկարահանման համար նախատեսված հագուստների պահեստային տարածություն կար, մենք աշխատասենյակում էինք ու երբ դուրս եկանք միջանցք, ձեռքից բռնեցի, մի կերպ անցանք այդ հագուստների ու խառնաշփոթի միջով, այդ ընթացքում ես փորձում էի փողկապ գտնել, բայց չգտա ու ինչ-որ գունավոր երկար կտոր ընկավ ձեռքիս տակ։ Արագ կապեցի վզիս, ծնկի իջա ու Լուինեին ամուսնության առաջարկություն արեցի։ Այդ ընթացքում երկուսս էլ ծիծաղում էինք, բայց ես մեկ է ասեցի այն, ինչ պետք է ասեի։ Էլ չեմ ասում՝ մեր նշանադրության մասին։ Դեկտեմբերի 31-ի երեկոն էր, մարդիկ վերջին գնումներն էին անում։ Ես զանգում եմ Լուսինեին ու ասում, որ պետք է շտապ միասին խանութ գնանք։ Լուսինեն չգիտեր, թե ուր ենք գնում և ինչի համար, դե ճանապարհին արդեն ասում եմ, որ գնում ենք մատանի գնելու։ Գնացել ու միասին մատանի ենք ընտրել, ու հենց ոսկու խանութի մոտ, երբ մոտենում էր, որ նստի մեքենան, ասեցի որ այսպես չենք կարող թողնել ու սպասել մինչև հատուկ արարողություն անենք, որ Լուսինեն սկսի կրել այդ մատանին։ Հենց այդ պահին վերցրի մատանին, Գումի շուկայից մի քիչ այն կողմ կանգնած էինք, ծնկի իջա ու մատանին դրեցի Լուսինեի մատին։ Մարդիկ փողոցով անցնելիս զարմացած նայում էին, յուրահատուկ աժեոտաժ էր ստեղծվել մեր շուրջ։ Այդպիսի բաներն ավելի են հիշվում, քան հատուկ կազմակերպած արարողությունները»։

– Ո՞վ է ավելի էմոցիոնալ ու ինչպե՞ս է դա արտահայտվում:

Լուսինե․ «Բնականաբար, ես ու ես դեռ մանկուց եմ այդպիսին եղել։ Շատ հեշտ հուզվում եմ, ու աչքերիս արցունքներ են հայտնվում, ցավոք սրտի, դա այդպես լինում է նույնիսկ այն դեպքում, երբ ես պարզապես նյարդայնացած եմ։ Եթե զայրանում եմ կամ վիճում եմ մեկի հետ ու այդ պահին բացարձակ ցանկություն չունեմ լաց լինելու, նույնիսկ այդ պարագայում եմ հուզվում ու նյարդայնանում եմ այդ փաստից։ Ովքեր ինձ հետ թատրոնում աշխատում են, կարող են դա փաստել, որ եթե նույնիսկ ես եմ զայրանում, այլ ոչ թե ինձ նեղացրել են, միևնույնն է հաճախ զգացմունքներս տեղի են տալիս ու աչքերս լցվում են։ Իմ էմոցիոնալության աստիճանն իմ կարծիքով նորմալ չէ»։

Արշո․ «Եկուսս էլ էմոցիոնալ ենք, պարզապես մեր արտահայտչամիջոցներն են տարբեր։ Օրինակ, Լուսինեն գիրք է կարդում ու տեսնում եմ, որ հուզվել, լաց է լինում, ու երբ հարցնում ու իմանում եմ, թե ինչից է հուզվել, զարմանում եմ, որովհետև մեկ այլ մարդ դա գուցե չնկատեր էլ։ Ես ավելի շատ արտահայտում եմ այն ինչ զգում եմ, իսկ Լուսինեն աշխատում է ցույց չտալ, չնայած՝ ես միշտ զգում եմ»։

– Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում և ինչպիսի՞ անակնկալներ եք միմյանց սիրում մատուցել:

Լուսինե․ «Ես շատ եմ սիրում անականկալներ, բայց նաև սիրում եմ դրանք մատուցել, որովհետև կարծում եմ, որ անակնկալի տեսքով նվերն ավելի հաճելի է լինում ստանալ։ Եթե գիտեմ, որ տվյալ նվերը նրան դուր կգա կամ նա կցանկանա, որ այդ իրադարձությունն իր կյանքում տեղի ունենա, փորձում եմ իրենից թաքուն դա կազմակերպել։ Շատ սիրում եմ, երբ նա ինձ անակնկալ ծաղիկներ է նվիրում։ Դե բնականաբար, առիթների դեպքում էլ է նվիրում, բայց ես ավելի եմ գնահատում ու հիշում առանց առիթի նվիրած ծաղիկները։ Ինձ համար այնքան էլ էական չէ, որ օրինակ ծննդյանս օրը մեծ ծաղկեփունջ եմ ստանում, այլ պարզապես, երբ նա երեկոյան տուն վերադառնալիս բերում է երիցուկներ, որովհետև գիտի, որ ես դրանք շատ եմ սիրում։ Ինձ համար այդ հիշողությունները շատ ավելի թանկ են։ Իհարկե, նվերներ ու անակնկալներ սիրում եմ, բայց ամենից շատ սիրում եմ առանց առիթի ծաղիկները»։

Արշո․ «Երկուսս էլ սիրում ենք անակնկալներ ու երկուսս էլ անում ենք, բայց իմ անակնկալները երբեմն աբսուրդի հասնող կատակներն են, որոնք ես անում եմ, որպեսզի բարձրացնեմ նրա տրամադրությունը ու իրեն ուրախացնեմ, որ երկար ժամանակ լայն ժպիտով քայլի։ Այլ անակնկալներ ու նվերներ էլ եմ սիրում մատուցել, բայց նվերների դեպքում հաճախ իրեն առաջարկում եմ ինձ հետ գալ ու ընտրել։ Իսկ նա միշտ շատ սիրուն անակնկալներ է անում։ Նա զգում է, թե ինձ ինչ է պետք, նույնիսկ եթե այդ մասին երբեք չենք խոսել։ Նա իրոք շատ հաճելի, կարևոր, պետքական ու սիրտ շոյող անկնկալներ է մատուցում»։

– Ձեր երկուսից ո՞վ է ավելի համառն ու ինքնավստահը:

Լուսինե․ «Երկուսս էլ շատ համառ ենք, բայց միաժամանակ երկուսս էլ ոչ այնքան ինքնավստահ ենք։ Օրինակ, աշխատանքում միշտ չէ որ հարյուր տոկոսով վստահ ենք այն ամենի վրա, ինչ անում ենք, ու շատ ունենք մեկս մյուսի խորհրդի ու աջակցության կարիքը, որ տեսնենք ու գնահատենք միմյանց աշխատանքը, հուշենք ու օգնենք։ Աշխատանքի մեջ երկուսս էլ կարող ենք միմյանց խնդրել գալ, օգնել ու հուշել, որովհետև երկուսս էլ միշտ չէ, որ վստահ ենք մեր արածի վրա, ու ես շատ ուրախ եմ, որ կա այդ կասկածը, որովհետև արվեստագետի համար շատ կարևոր է ունենալ այդ կասկածը ու չես մտածում, որ արածդ փայլուն աշխատանք է։ Բայց երբ միմյանց օգնում ենք ու փորձում աշխատանքում որոշ բաներ փոփոխել, սկսում ենք բանավիճել ու համառորեն պնդել մեր տեսակետները, ինչի արդյունքում էլ ծնվում է մի ոսկե միջին տարբերակ ու հետո համոզվում ենք, դա այդ պարագայում ամենաճիշտ լուծումն էր»։

Արշո․ «Համառ երևի երկուսս ենք, բայց ավելի ինքնավստահ, կարծում եմ Լուսինեն է, ու դրանով էլ ինձ է ինքնավստահություն ներշնչում։ Ես երբեք կինո չէի նկարի, եթե ինքը չլիներ ու չասեր, որ ես դա կարող եմ։ Նա կարողանում է իմ մեջ նրբորեն ստեղծել մի իրավիճակ, որ ես սկսում եմ հավատալ իմ ուժերին ու ավելի ինքնավստահ դառնալ։ Ես աշխատանքային պրոցեսը սկսելուց առաջ հազար անգամ մտածում եմ, տատանվում եմ, իսկ նա կարողանում է ինձ իր դրական էներգետիկայով այնպես տրամադրել, որ սկսում եմ հավատալ իմ ուժերին։ Իրոք այդ պահերին նա թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ինձ թիկունք է դառնում, փարատում է կասկածներս, հանում իմ մեջից թերարժեքության զգացումն, ու դա ինձ հավասարակշռության մեջ է պահում»։

– Ձեր կարծիքով ո՞րն է ձեր երջանկության բանաձևը։

Լուսինե․ «Ըստ իս, դա մեկս մյուսին ինչ-որ չափով զիջելն է, միմյանց շատ լսելը։ Ես չեմ այդ արտահայտությունը մտածել, բայց սերն իրոք ամեն օր պետք է ապացուցես և ապացուցես ինչ-որ քայլերի միջոցով ու կարծում եմ, որ մենք դա կարողանում ենք անել՝ լինելով ներողամիտ, ուշադիր, հարգելով ու միմյանց լսելով։ Ես մեր ամուսնության տասնամյակին նվիրված մի գրառում էի կատարել ու նշել, որ երբեմն նույնիսկ ուզում եմ սպանել նրան, բայց չեմ անում ու դա արդեն իսկ լավ է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր զույգ էլ երբեմն ուզում է մեկը մյոսւին սպանել և եթե չի անում դա ու նրանք շարունակում են միասին մնալ ու փնտրել մեկը մյուսին սիրելու ու հարգելու ճանապարհները, ապա արդեն լավ է»։

Արշո․ «Փոխադարձ սերն ու հարգանքը։ Սրանք ուղղակի բառեր չեն։ Ճիշտ հարաբերությունների համար շատ կարևոր է սիրելիիդ մարդկային տեսակը հարգելը, ոչ թե փորձես քեզ ենթարկեցնել, այլ հարգես նրա գիտակցությունն ու ազատությունը։ Այդ իմաստով մենք փոխաարձ հարգում ենք ու քանի որ շատ էլ սիրում ենք իրար, մեր հարաբերությունները շատ լավն են։ Իսկապես շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան իրար գնահատել ու վայելել»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան